Անալիտիկ կենտրոն Գլխավոր Հայաստան Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Ամբողջ աշխարհն էր զարմացած, թե ինչպես էին հայերը գալիս Հայաստան. Տաճատ Վարդապետյան

analitik.am

«Ադրբեջանն այն անհուսալի կողմն է, ումից միշտ կարելի է ուխտադրուժ, անկանխատեսելի քայլեր սպասել»,-այսօր՝ ապրիլի 29-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու հենց այս պահին Ադրբեջանը որոշեց նման մեծ  ծավալներով սրել իրավիճակը:

Պատգամավորը նշեց, որ ապրիլի սկիզբը մեզ համար ուղենշվեց բազում հերոսների կորստով, սակայն դա նաև ինդիկատոր եղավ, որի միջոցով հերթական անգամ ամբողջ աշխարհը տեսավ հայի միասնականությունն ու ոգին. «Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ մեր ազգն ու պետությունը միաբան են:  Փառք և օրհնություն մեր հերոսներին, նրանք չեն մահացել, քանի որ այդ նահատակությամբ սկիզբ դրվեց  նրանց անմահությանը: Այսօր իմ հպարտության զգացողությունն ավելի մեծ է, քան՝ ահռելի կորստի, բայց դա չի նշանակում, որ ես մեղմացնում եմ կորստյան վիշտը: Ամեն դեպքում, ուզում եմ փաստել, որ այս օրերին ազգս նորից մի բռունցք է դարձել և, ինչպես միշտ է եղել, այսօր էլ կանգնում ու կանգնելու է Արցախի կողքին, որպեսզի մեր խնդիրն արդար լուծում ստանա»:

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե չեն վտանգում արդյո՞ք հայկական երկու պետությունների հարաբերությունները Հայաստանից հնչող այն հայտարարությունները, որ հայկական կողմը պատրաստ է զիջել 5 շրջանները՝  Վարդապետյանն ասաց, որ բոլորն են խոսում հակամարտությունը փոխզիջման ճանապարհով լուծելու մասին, սակայն այսօր Ադրբեջանն այն կողմը չէ, որի հետ կարելի է այդ տարբերակով աշխատել. «Ադրբեջանն անհուսալի կողմ է, և կարծում եմ, որ գոնե այս պահին այդ թեմայով քննարկումներ չենք կարող ունենալ, մենք գործ ունենք  ագրեսոր երկրի հետ: Բացի դրանից, պետք է ասել, որ Հայաստանի իշխանությունները և հայ ժողովուրդն ազատագրված տարածքները համարում է հայկական»:

Այն հարցին, թե ինչ ցույց տվեց պատերազմը բացթողումների մասով՝ բանախոսը չհերքեց, որ թերացումներ կան, սակայն այսօր գոյություն ունեցող ոգևորության և տղաների սխրանքի կողքին, նրա խոսքերով, դրանք փոքր են երևում. «Իհարկե բացթողումներ կան: Մենք պետք է հետևություններ անենք և շտկենք դրանք, քանի որ մեր թշնամին դաս չի քաղել: Ամեն օր սահմանին կրակոցներ են լինում, լինում են նաև զոհեր: Ես իհարկե ռազմական գործիչ չեմ և զերծ եմ մնում բացթողումների մասին խոսելուց, դրա համար ցանկանում եմ ավելի շատ խոսել ոգևորության և համախմբվածության մասին: Այդ օրերին ամբողջ աշխարհն էր զարմացած, թե ինչպես են հայերը գալիս Հայաստան, իսկ գնացող տղամարդիկ գրեթե չկային»:

Անդրադառնալով կանխատեսումներին և մեր անելիքներին Վարդապետյանը նշեց, որ խնդրի կարգավորումը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  համակարգման տիրույթում, և վերջապես պետք է դադարեն այն հայտարարությունները, որոնք հավասարության նշան են դնում կողմերի միջև. «Գնահատականները պետք է օբյեկտիվ լինեն, հայտարարությունները՝ հասցեական, քանի որ հավասարության նշան դնելը և անհարկի լիբերալությունը լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին: Ես էլ չեմ խոսում այն հայտարարությունների մասին, որոնցով որպես մեղավոր ներակայացվում է Հայաստանը: Իսկ դրա պատճառն այն է, որ որոշ գործիչներ, ինչպես օրինակ ԵԽԽՎ նախագահը, նախապատվությունը տալիս են հարցը տարածքային ամբողջականության սկզբունքով լուծելուն, այլ ոչ թե ազգերի ինքնորոշմանը»:

Պատգամավորն իր խոսքն ավարտեց ևս մեկ անգամ հայությանն արթուն լինելու կոչ անելով և Թումանյանի հայտնի խոսքերով.

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան

Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.

Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,

Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։

Նույն շարքից