Ֆեյսբուք 

«Եթե ձեր գաղափարներն այդքան հզոր են ու կենսունակ, ապա դրանցով ու թռուցիկներով բարձրացեք առաջնագիծ ու քարոզ կարդացեք «եղբայր» ադրբեջանցիներին, գուցե փրկի».

analitik.am

Էմիլ Մարկոսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է .

«Աղանդավորական որոշ կազմակերպությունների անդամներ խուսափում են հայոց բանակում ծառայելուց, սակայն օգտվում են պետության տրամադրած արտոնություններից: Հայ իրավաբաններից ոմանք օրենսդրական լուրջ բացերն են համարում ստեղծված իրավիճակի պատճառ, իսկ հոգեբան Աննա Բադալյանը պնդում է` սահմանին` առաջնագծում կանգնած տղաների հերոսական վարքն այնքան վարակիչ է, նրանց համակած գաղափարներն այնքան նվիրական, որ դրանց կողքին աղանդավորների բոլոր գաղափարները շատ ճղճիմ են դառնում:

«Երբ խոսք է գնում ընտանիքի, օջախի, հայրենիքի պաշտպանության մասին, երբ բոլորն են զորավիգ հայ զինվորին, երբ անգամ կանայք են մտածում նեցուկ լինել առաջնագծում կանգնածին, երբ հայ առաքելական եկեղեցու սպասավորն է զենք վերցնում ձեռքը, այն դեպքում, երբ քրիստոնեությունն ամենամարդասիրական կրոնն է, ապա աղանդավորական որևէ գաղափար չի կարող արդարացնել ծառայությունից խուսափելը»,- ասում է հոգեբան Աննա Բադալյանը:


Իրավաբան Հայկազ Մակարյանը նախ մտահոգվում է` Աշտարակում և ոչ միայն, Եհովայի վկաներն ուղղակի վխտում են, ապա նաև նկատում` մեր օրենքը որպես այդպիսին աղանդավորներին արտոնություններ չի տալիս, սակայն օրենսդրական բացեր կան, որոնք հիմք են տալիս ներկա մտահոգիչ վիճակին:

Նոր Սահմանադրության 17- րդ հոդվածը ապահովում է մեր երկրում կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, բայց 76 և 77-րդ հոդվածները շեշտում են այդ ազատության չարահաշման անթույլատրելիությունը՝ ցանկացած գործունեություն չպետք է խարխլի հայոց պետականության եւ եկեղեցու շահերը: Այս շահերին դեմ դուրս գալն էլ ինչպե՞ս է լինում, և խախտումների դեմ ինչպե՞ս է պայքար տարվում, հարց է տալիս իրավաբան Հայկազ Մակարյանը: «Սա պետք է օրենքով հստակեցվի»,-հայտարարում է իրավաբանը։


Հայաստանը ԵԽ հետ պայմանավորվածություն ունի` ստեղծելու պետական մարմին, որը կվերահսկվի աղանդավորական կառույցների հետ կապված վիճակը: Պայմանավորվածությունը կա, բայց չի արված՝ շեշտում է իրավաբան Սևան Աղաջանյանը: Ծառայելուց խուսափող աղանդավորները կամ դատվում են, կամ այլընտրանքային ծառայություն են անցնում՝ հիշեցնում է: Այլընտրանքային ծառայությունն էլ ոչ այլ ինչ է, քան նվազագույն աշխատավարձով աշխատանք թաղապետարաններում, հիվանդանոցներում, մի բան, որի հնարավորությունը շատ մարդիկ պարզապես չունեն:

Իրավաբան Հայկազ Մակարյանը աղանդավորներին համարում է ազգի թշնամի, իսկ խնդիրը հասցեագրում ԱԱԾ-ին:

Որ մեր օրենքներում բացեր կան, համամիտ է իրավաբան Էմիլ Մարկոսյանը: Հայաստանյան օրենքներից և ոչ մեկը չի վերահսկում աղանդների դաշտը: «Մեզ պետք է քարոզչության մասին օրենք, որը կհստակեցնի` երբ, որտեղ, ում կողմից ինչ կարելի է քարոզել` միաժամանակ չխաթարելով մեր Սահմանադրությունը»,- իր առաջարկն է ներկայացնում Էմիլ Մարկոսյանը:

Կոնկրետ ձեւակերպում անգամ չկա, թե որն է հոգեորսությունը՝ ասում է։

Էմիլ Մարկոսյանը վիճակագրական մտահոգիչ թվեր է փոխանցում. Հայաստանում գրանցված 67 աղանդները ընդհանուր 270-300 հազար հետևորդ ունեն: Սա բնակչության 10-12 տոկոսն է: Շատ այլ պետություններում այս ցուցանիշը չի գերազանցում 1-3 տոկոսը, փոխանցում է իրավաբան Էմիլ Մարկոսյանն ու Հայոց բանակում ծառայությունից խուսափողներին առաջարկում` «Եթե ձեր գաղափարներն այդքան հզոր են ու կենսունակ, ապա այդ գաղափարներով, թռուցիկներով բարձրացեք առաջնագիծ ու քարոզ կարդացեք «եղբայր» ադրբեջանցիներին, գուցե փրկի» »:

Նույն շարքից