Առողջապահություն 

Հայաստանը` պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի առաջատար

analitik.am

Անի Պլազա հյուրանոցում այսօր կայացած համաժողովում ամփոփվել են երեխայի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի` փաստերի վրա հիմնված 2015-2017թթ.նախաձեռնությունների արդյունքները։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը նշել է, որ երկու տարում անցած ճանապարհը չափվում է աղջիկ երեխաների կյանքերով։

«Մեր գործընկերների հետ ներդրած ջանքերի արդյունքում 2017 թվականին 2011-ի համեմատությամբ ավելի քան 40 տոկոսով նվազել է պտղի սեռով պայմանավորված խտրականությունը»,-նշել է բանախոսը։ Նա բարձր է գնահատել ՀՀ առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաև միջազգային ու հասարակական կազմակերպությունների գործուն աջակցությունը։

Ծրագրի շնորհիվ ձեռք բերված ցուցանիշները, ինչպես նաև կառավարական և ոչ կառավարական կառույցների արդյունավետ համագործակցությունը բարձր է գնահատել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նշենք, որ երկամյա ծրագիրն իրականացվել է Եվրամիության ֆինանսավորմամբ։

Հանդես գալով համաժողովում` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին։ 2008-2012թթ. այն հասել էր վտանգավոր սահմանագծի և դարձել ժողովրդագրական լուրջ խնդիր: 2011թ. յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով ծնվել է 114 տղա: Երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշն ավելի բարձր էր (2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է 164 տղա` 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված էր առանձին մարզերում։

«Ծնունդների սեռային տարբերության նման միտումը ապագայում կարող էր ծնունդների թվի աննախադեպ նվազման պատճառ դառնալ` իր վտանգավոր հետևանքներով»,-նշել է նախարարը։

Իր ելույթում Լևոն Ալթունյանն անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարության օրենսդրական նախաձեռնությանը, համաձայն որի 2016թ. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում ամրագրվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը։

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Բնակչության հիմնադրամի ղեկավար Գարիկ Հայրապետյանը փաստել է, որ պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարում Հայաստանն ամենաբարձր արդյունքներ ապահովող երկիրն է։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ ծրագրերի շրջանակում իրականացված բազմաթիվ ազդեցիկ միջոցառումների արդյունքները թեև տպավորիչ են, սակայն աղջիկ երեխաների համար պայքարը դեռևս չի ավարտվել և պահանջում է ակտիվ քայլեր։

Նույն շարքից