Տնտեսություն Քաղաքականություն 

Մենք հարուստ փորձ ենք կուտակել. Սերժ Սարգսյան

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի առթիվ՝ մաղթելով նստաշրջանի աշխատանքներին արդյունավետ ընթացք և օգտակար քննարկումներ:
«Բորիս Մինցի ինստիտուտի խորհրդի հարգելի՛ անդամներ,

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հարգելի՛ անդամներ,

Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ,

Ողջունում եմ «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած հայաստանյան նստաշրջանի անցկացումը:

Կարևոր և արդիական եմ համարում այս միջոցառումը Հայ-ռուսական համալսարանում, որն այս տարի տոնում է հիմնադրման 20-ամյակը և տարիների ձեռքբերումներով հաստատուն տեղ է գրավել մեր երկրի գիտակրթական կյանքում:

Անկախության տարիների փորձով Հայաստանը, անկասկած, հետաքրքրություն է ներկայացնում քաղաքագիտության և տնտեսագիտության ժամանակակից տեսաբանների համար: Հայաստանն առաջինն էր հետխորհրդային երկրներից, որ իրականացրեց գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականաշնորհումը, էներգետիկ համակարգի վերափոխումը և արդիականացումը, ենթակառուցվածքների համապատասխանեցումը շուկայական տնտեսության կանոններին: Բարդ աշխարհաքաղաքական, արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում մեզ հաջողվեց ամուր հիմքերի վրա դնել ժողովրդավարական կառավարման սկզբունքները, ստեղծել քաղաքացիական հասարակության և ազատական տնտեսության հիմքերը:

Նշված բոլոր բնագավառներում մենք հարուստ փորձ ենք կուտակել և պատրաստ ենք փոխանցելու մեր ձեռքբերումներն ու դասերը: Սահմանադրության առումով այժմ մենք գտնվում ենք նոր որակի անցումային շրջանում՝ մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը, վստահ եմ, կապահովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական անշրջելի զարգացումը:

Երկրի տնտեսությունը նույնպես կանգնած է նոր մարտահրավերների առջև: Այժմ միջազգային գործարար լայն շրջանակներին մեր տնտեսության զարգացման ծրագրերի մեջ ընդգրկելու նոր փուլի շեմին ենք: Հիմնվելով առաջադեմ օրենսդրության և միջազգային ամենաարդյունավետ փորձի վրա՝ լիահույս ենք, որ կկարողանանք ստեղծել օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ գործիքակազմ, վստահելի տնտեսական համակարգ և արտահանման հնարավորություններ:

Անցումային փուլի հաղթահարմանն առնչվող այս հարցերի և Հայաստանի դասերի ու հնարավորությունների քննարկմամբ, հուսով եմ, դուք ապագայում հանդես կգաք նոր և շահավետ լուծումներով ու մոտեցումներով, որոնք շահեկան կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ նույն խնդիրներին բախվող այլ երկրների համար»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նույն շարքից