Ֆեյսբուք 

ՊՆ խոսնակը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի գրառմանը

analitik.am

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տարակուսանքով կարդացի ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որում քաղաքական գործիչն անդրադառնում է նոյեմբերի 21-ին, Դիլիջանում տեղի ունեցած միջոցառմանը և փաստացի մեղադրում պաշտպանության նախարարությանը, թե ՊՆ-ն անուշադրության է մատնել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոսի ծննդյան 60-ամյակի միջոցառումները ծրագրելիս։ Փորձում եմ հավատալ, որ դա ընդամենը թերի տեղեկացվածության հետևանք է։ Իրականությունն այն է, որ նոյեմբերի 20-ին, այսինքն՝ վարժարանում Նիկոլ Փաշինյանի գտնվելուց մեկ օր առաջ, նույն համերգը՝ նույն երգիչներով ու նույն կատարումներով, կազմակերպվել է բացառապես վարժարանի սաների համար։ Ինչու՞ համերգը չի կազմակերպվել մեկ անգամ և բոլորի համար. այն պարզ պատճառով, որ դահլիճը նախատեսված էր ընդամենը 200 մարդու համար, և բնականաբար ուղղակի անհնար կլիներ այնտեղ տեղավորել վարժարանի 200 սաներին, նրանց ծնողներին, բանակի ղեկավարությանը, հրավիրվածներին (որոնց թվում էին Մոնթեի մարտական ընկերները, վարժարանի տարբեր տարիների շրջանավարտները, ինչպես նաև պետական կառույցների, նաև ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները, այդ թվում նաև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը)։ Այսինքն՝ տոնական համերգն առաջինը դիտել են հենց վարժարանի սաները։ Համաձայնեք, անիմաստ կլիներ վարժարանի սաներին առաջարկել նույն համերգը դիտել նաև երկրորդ օրը։ Դրա փոխարեն պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր սաների ծնողների հանդիպումը զավակների հետ, մասնակցությունը հանդիսավոր շարանցմանը, Մոնթե Մելքոնյանի հուշարձանի բացման և այս տարի վարժարան ընդունված սաների խոստման արարողությանը, ինչից հետո առաջարկել էր շարունակել շփումը վարժարանի տարածքում, ըստ ցանկության՝ բակում, լսարաններում, հենց սաների սենյակներում։ Համերգին զուգընթաց վարժարանի կինոդահլիճում ցուցադրվում էր վավերագրական ֆիլմ Մոնթեի մասին:
Համերգի սկզբում ցուցադրվեց ֆիլմ ռազմամարզական վարժարանի, սաների, նրանց նպատակների և ձգտումների, ընդունելության քննությունների, ընտանիքների մասին, որում պաշտպանության նախարարի հարցազրույցը մի կարճ հատված էր, որում նա պատմում էր վարժարանի առաքելության և ռազմական կրթության հեռանկարների մասին:

Իսկ համերգի ավարտից հետո վարժարանի սաները, Հանրապետության նախագահի, կառավարության անդամների, հրավիրված բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել են տոնական հյուրասիրությանը։ Նիկոլ Փաշինյանը, դահլիճից շուտ հեռացավ և չմասնակցեց ամբողջ միջոցառմանը։

Այս ամենում վարժարանի սաների հանդեպ անուշադրություն պեղելու համար առնվազն վառ երևակայություն պետք է ունենալ։
Եվ ամենակարևորը. իրականում թե՛ համերգը, թե՛ տարատեսակ միջոցառումները երկրորդական են՝ պետության և մասնավորապես՝ ՊՆ վերաբերմունքը վարժարանի սաների հանդեպ լիարժեք ընկալելու համար։ Կարևորն ինքնին վարժարանի տեղափոխումն է Դիլիջանի հոյակերտ այդ համալիր և Հայրենիքի վաղվա պաշտպանների կեցության, ուսումնառության, ժամանցի և հանգստի համար լավագույն պայմանների ստեղծումը։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այսօր հաստատուն քայլերով գնում է հանրապետության լավագույն ավագ դպրոցը դառնալու ճանապարհով։
Խորապես ցավում եմ պարոն Փաշինյանի դառնացած այդ հրապարակման համար։ Մեծ ցանկության դեպքում, իհարկե, կարելի է չնկատելու տալ այս ամենը։ Բայց կարելի է գոնե թյուրիմացության մեջ չգցել մարդկանց, ովքեր միջոցառմանն անձամբ չեն մասնակցել։

Նույն շարքից