Առողջապահություն 

Հայաստանում շարունակվում են գրանցվել կարմրուկի դեպքեր

analitik.am
Տարեսկզբից մինչ օրս հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 17
դեպք: Համաճարակաբանական հետազոտության տվյալների համաձայն`
առաջին դեպքերի հավանական աղբյուրը կապվում է Ռուսաստանի
Դաշնությունից ժամանած հյուրերի հետ: Հիվանդներից 14-ը (82%)
պատվաստված չեն, իսկ 3-ը` թերի պատվաստված: 17 հիվանդից 6-ը 1-4
տարեկան են, 3-ը՝ 5-9, 1-ը՝ 15, 2-ը՝ 20-29, իսկ 5-ը՝ 30-ից բարձր տարիքի
անձինք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի
առումով դեռևս իրավիճակը կայուն է, սակայն տարիների ընթացքում (2007-
2018) չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը
կարող են սպառնալ երկրում հիվանդության հետվերադարձին և վարակի
տեղական տարածմանը: Իրավիճակի վատթարացմանը կարող են նպաստել
նաև բժշկական կազմակերպություններում կարմրուկով հիվանդների
շփումները` հատկապես առողջական խնդիրներով անձանց հետ, ովքեր
առավել խոցելի են և ընկալունակ
Համաճարակաբանական տեսանկյունից ոչ բարենպաստ է նաև
հիվանդության թեթև կլինիկական ընթացքը 1 դեղաչափ պատվաստում
ունեցողների մոտ, ովքեր հիվանդությունը տանում են թեթև, «ոտքի վրա»՝
շարունակելով տարբեր հանրային վայրերում շփվել բազմաթիվ մարդկանց
հետ, նպաստելով վարակի տարածմանը, ինչպես նաև դժվարացնելով
համաճարակային շղթայի ընդհատումը:
ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է
բոլոր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց դիմել
տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ:
Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը
պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ)
իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս
հետևանքով առաջացած բարդությունները:
 

Նույն շարքից