Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Սփյուռքի նորանշանակ նախարարն առաջին նշանակումն է արել

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնում է.

Իմ կողմից առաջին նշանակումը. թուրքագետ, «Եփրատ» մերձավորարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Թուրքագիտական պորտալի հիմնադիր, հայտնի թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն այլեւս իմ խորհրդականն է (հասարակական հիմունքներով):

Ամբողջ օրվա ընթացքում ընդունեցի նախարարության տարբեր վարչության պետերի, որոնք ինձ տեղեկություններ հաղորդեցին Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ընթացիկ նախագծերի մասին:

12:00-ին Սփյուռքի նախարարությունում դիմավորեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս ինձ ներկայացրեց մեր աշխատակիցներին: Հանդիպեցի նաեւ նախկին նախարար Հրանուշ Հակոբյանին. նա ինձ իր մակագրությամբ գիրք նվիրեց ու բարի երթ մաղթեց:

Իր դիմումի համաձայն` աշխատանքից ազատվեց փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը:

Երկու տարբեր բաժինների մի քանի աշխատակիցներից ձեւավորեցինք օպերատիվ խումբ, որի հիմնական գործառույթն է իրականացնել մամուլում եւ սոցիալական ցանցերում Սփյուռքի նախարարության վերջին շրջանի գործունեության վերաբերյալ առողջ` թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքների մոնիթորինգը (քննադատական մտածողության ներդրումն ու զարգացումը խմբի կարեւորագույն խնդիրներից մեկն է):

Հեռախոսազրույց ունեցա Գլենդելի քաղաքապետ, իմ լավ բարեկամ Զարեհ Սինանյանի հետ. զրույցի մանրամասները դեռ չեմ հրապարակի, սակայն շատ կարեւոր մի հարցի անդրադարձ եղավ ու, կարծես, այն շուտով լուծում կգտնի:

Կարճ, բայց բովանդակալից ու արդյունավետ խորհրդատվական հանդիպում ունեցա Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ներկայացուցչի հետ. պայմանավորվեցինք կրկին հանդիպել:

Աշխատանքային ժամի ավարտից անմիջապես հետո գնացի ՀՀ կառավարություն:

Դե իսկ օրվա վերջում հանդիպում ունեցա Վարդան Մարաշլյանի հետ:

  • 87
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    87
    Shares

Related Articles