Հասարակություն 

Տոնական սեղանը՝ պարտքով, վառելիքը՝ միայն Ամանորի գիշերը

analitik.am

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տնակային ավանների բնակիչների նախատոնական տրամադրությունները տարբեր են: Նրանցից շատերի տոնական սեղանը պատրաստվում է պարտքով, օգնություն ստացած վառելափայտը միայն Ամանորի գիշերվա համար է, իսկ ցանկությունները Ձմեռ պապից համեստ են:

 

Անահիտ Սուքիասյանը, ով չորս երեխայի հետ ապրում է երկու սենյականոց տնակում, կոմունալ պայմաններ չունի, օգտվում է հարևանի զուգարանից, ջուր չունի` հարևանի տնից է կրում, նպաստով է ապրում: Չի աշխատում, քանի որ աշխատանք չկա, եղածների համար էլ շատ քիչ են վճարում, և ինչպես ինքը ասաց, առողջության հետ կապված խնդիրներ ունի, չի կարող ծանր աշխատանք անել:

 

Իսկ թե ինչ և որքան արժե Նոր տարին իր ընտանիքի համար, նա պատասխանեց. «Նոր տարվան մի 50 000 գումար ենք տրամադրում, «վերասյա» խանութներից կվերցնեմ, դե երեխա են, չի կարելի անտեսել էրեխեքին, տոնածառ էլ չունենք, հարևանն է տվել մի տոնածառ, ոտքը ջարդած է, էսօր պիտի տանեմ սարքել տամ, որ փոքր տղաս խաղա: Չորս տարեկան է, անընդհատ կհարցնե, թե մենք ինչի տոնածառ չունենք, ես ի՞նչ ըսեմ էդ էրեխուն»:

 

Սնունդը խանութներից պարտքով վերցնում են, հետո քիչ-քիչ վճարում. «Էդ էլ էրեխեքի համար ենք անում»: Տոնական սեղանի պարունակության մասին էլ կցկտուր են խոսում. «Խմորեղեն, միրգ, կարելի է գինի դնել, պանիր, մեկ էլ եթե միս էղնի, տոլմա կսարքեմ: Դե հյուրերս մտերիմ հարազատներս են, էդպես հյուրեր էլ չեմ ունենում»:

 

Անահիտի երեխաները չեն սիրում այս տոնը. «Հմի օր ըսեմ, կզարմանաք, իմ էրեխեքս չեն սիրե Նոր տարին, կուրախանան, օր Նոր տարի է, բայց չեն սիրե: Դե կտեսնեն ինչ եռուզեռ է, մարդիկ կվազվզեն խանութներից խանութ, սեղան կգցեն, կուրախանան, տունը տաք է, ուտելիք կա, իսկ մեր տունը… Վահան Թումասյանն էս տարի տվեց վառելիք, թե չէ կսառեինք էս տարի: Իրիկունը էրեխեն ջուր է ուզել, բաժակի մեջ ջուր կար, տարա օր խմի, տեսա սառել է ջուրը սենյակի մեջ»:

 

Իսկ թե ինչ ցանկություններ ունեն Ձմեռ պապից ինքը և իր երեխաները, Անահիտը պատասխանեց. «Մեծ տղաս 17 տարեկան է, սպորտով է զբաղվում, հացը ջրով կխմե, կերթա շտանգա կհանե, իրեն սնունդ է պետք, հեչ բան էլ պետք չէ: Աղջիկս էլ ակադեմիա կսովորի, բայց իրեն հովանավոր կա»:

 

Բազմազավակ մոր ցանկությունները Ձմեռ պապից, սակայն, շատ չեն. «Ես կուզեմ, օր իմ տունը տաք էղնի ու սոված չեղնին էրեխեքս, մեկ էլ հեռուստացույց կուզինք, մերը ցույց չի տալիս»:

 

Մեր հարցին, թե արդյոք տուն չի ցանկանում, Անահիտը պատասխանեց. «Տուն կուզիմ, ոնց չեմ ուզի, ուղղակի կվախենամ արդեն ուզեմ, ումի՞ց ուզեմ տուն: Ռիսկ չեմ էնում երազեմ էդ մասին: Կհավատամ, չիդեմ, երևի թե մե օրմ էդ լույսը բացվի»:

 

Տնակներից մեկում բնակվող 6 անչափահաս երեխաների մայր Մարի Քոչարյանի ընտանիքն էլ դեռևս չգիտի, թե արդյոք կկարողանա տոնել Ամանորը: Մարին մեզ հետ զրույցում նշեց, որ ընտանիքի ծախսերը հոգում են նպաստի միջոցով, որը կազմում է 60 հազար դրամ, իսկ դրանով պետք է կոմունալ վարձերը վճարեն:

 

«Դե դեռ մուծումներ չեմ արել, մի հատ անեմ, տեսնեմ տակը ինչքան գումար կմնա: Գումար չունենք, օր գիտենամ ինչ անեմ: Բայց մի փոքրիկ սեղան էրեխեքի համար կփորձենք էլի դնենք, որ ուրախանան»,- ասաց նա:

 

Մարին հիշեց, որ անցած տարի ավելի մեծ էին հնարավորությունները, և կարողացել է մոտ 50-60 հազար դրամի սահմաններում առևտուր անել ու նշել տոնը:

 

«Անցած տարի հերանքս օգնել են, մի քիչ նշել ենք: Էս տարի ամուսինս էլ չի աշխատում: Բայց դե ամեն մարդ պետք ա իր ոտքը իր յորղանի չափով մեկնի»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է ամանորյա նվերներին, ապա 6 երեխայի մայրը նշեց, որ դա ամենակարևորն է իր համար, քանի որ եթե ուրախ են երեխաները ուրախ է նաև ինքը: «Տարվա ընթացքում էլ էրեխեքին թեկուզ մի փոքր բան, բայց նվերներ արել եմ, պետք ա էրեխեն մի քիչ ուրախանա: Հիմա էլ խաղալիք են խնդրել Ձմեռ պապից, տեսնեմ ինչ կարամ անեմ»,- ասաց նա:

 

Հարցին, թե ինքը ինչ է խնդրել Ձմեռ պապից, տիկին Մարին պատասխանեց.
«Կարևորը` էրեխեքս առողջ լինեն, թէ չէ ուզենալով որ լինի շատ բան կարող եմ ուզել»:

 

Ներկայացնելով տնակային ավանների պատկերը՝ մեզ հետ զրույցում Գյումրիի «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն էլ ասաց. «Սոցիալական նպաստ են ստանում, օգնություն այս կամ այն կազմակերպության կողմից, բայց դա էական հարցի լուծում չէ: Մենք մինչև դեկտեմբերի 31-ը տնակներում ենք անցկացնում, ուրախանում եմ, երբ տնակներում տոնածառներ եմ տեսնում, ով չունի, մենք ենք տրամադրում»:

 

Թե ինչպես է Նոր տարին անցնում այդ մարդկանց տնակներում, «Շիրակ» կենտրոնի ղեկավարը դժվարությամբ նկարագրեց: «Սովորական ձևով են տոնում: Բազմաթիվ առիթներ են եղել, տեսել եմ սեղանը, բայց չեմ ուզում նկարագրել: Տնակային ավանները քանի որ փակ ավաններ են դարձել, սովորաբար իրար են գնում շնորհավորելու իրենց ավելի քան աղքատիկ սեղաններով:

 

Բնականաբար, մի փոքր վառելափայտը, որը տալիս ենք, պահում են Ամանորի գիշերվա համար: Երբ պատերազմի տարիներին լույս չկար, մոմը պահում էին Ամանորի գիշերը, որ Նոր Տարին լույսով դիմավորեին, հիմա այդ մարդկանց մոտ է. փայտը պահում են, որ Նոր տարին տաք տնակում դիմավորեն»,- ասաց նա և ամփոփեց. «Մի խոսքով պատերազմական պատկեր է տնակային ավաններում»:




Սկզբնաղբյուրը` www.tert.am

Նույն շարքից