Գլխավոր Հիշում եմ և պահանջում 

100 LIVE-ն սկսում է «Ավրորա» համաշխարհային մրցանակի հավակնորդների առաջադրումը

analitik.am

Մեկնարկում է «Ավրորա» մրցանակի (Тhe Aurora Prize for Awakening Humanity) հավակնորդների առաջադրման փուլը։

«Ավրորան» համաշխարհային մարդասիրական ամենամյա նոր մրցանակ է, որը շնորհվելու է այն անհատներին կամ խմբերին, որոնք իրենց վտանգի ենթարկելով՝ օգնել են այլոց գոյատևել։ Հուլիսից մինչև հոկտեմբեր www.100Lives.com/hy/prize կայքէջը մարդկանց հնարավորություն կտա մրցանակի առաջադրելու այն անհատներին, որոնք հաղթահարել են սեփական անձին սպառնացող բազում մարտահրավերներ և բացառիկ ազդեցություն են ունեցել մարդկային կյանքերի փրկության և մարդասիրական պայքարն առաջ մղելու գործում։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամից հայտնում են, որ մրցանակի հավակնորդներին գնահատելու համար «Ավրորա» մրցանակը Ընտրող հանձնաժողովում ընդգրկել է արժանի մարդկանց. Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար և Միջազգային ճգնաժամային խմբի ներկայիս նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, ինչպես նաև օսկարակիր դերասան ու մարդասիրական ոլորտի ակտիվիստ Ջորջ Քլունին։ Նրանք բոլորը տարբեր ոլորտներում հաջողությունների հասած անձինք են, որոնց միավորում է իրենց նվիրվածությունը մարդասիրության սկզբունքներին։

«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի բարեգործության տեսլականն է: Նախաձեռնությունը երախտագիտություն է դրսևորում այն անհատների և կազմակերպությունների հանդեպ, ում հերոսական քայլերը պահպանել են հայերի կյանքը ցեղասպանության տարիներին՝ 100 տարի առաջ: 100 LIVES-ը պատմում է վերապրողների և նրանց փրկողների պատմությունները և կարևորում մարդասիրությունը: Նրանք միասին ցանկանում են ստեղծել մարդասիրական շարժում՝ հրավիրելով մարդկանց ուշադրությունն այն խնդիրների վրա, որոնց լուծելուն են ուղղված աշխարհում հայտնի անհատների և կազմակերպությունների էական և հետևողական ջանքերը:

Հաղթողին կշնորհվի 100 հազար ԱՄՆ դոլար դրամական պարգև, իսկ նրան ոգեշնչած և գործողության մղած մարդասիրական կազմակերպությանը՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Սա համահունչ է մրցանակի ոգուն, և հաղթողին թույլ է տալիս շարունակել բարեգործության շղթան։ Թեկնածուները կարող են լինել շահույթ չհետապնդող տարբեր ոլորտներից, այդ թվում՝ տնտեսական զարգացում, հանրային առողջապահություն, իրավագիտություն, կառավարում և կրթություն:

2016թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք արարողության ընթացքում Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ մրցանակը։

Առաջադրումների գործընթացը կտևի 2015թ. հուլիսի 1-ից մինչև 2015թ. հոկտեմբերի 1-ը

Նույն շարքից