Առողջապահություն 

Ստորագրվեց եռակողմ համաձայնագիր

analitik.am

ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ՁԻԱՀ ԿՀԿ) այսօր կայացավ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում վերանորոգված ուսումնական ռեսուրսային կենտրոնի, հոգեբանա¬սոցիալական խորհրդատվության, համաճարակաբանական հսկման և կանխարգելման ենթակառուցվածքների բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ.Սահակյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանորդ-խորհրդական Ա.Իվանովը, ՌԴ նախագահի աշխատակազմի փորձագիտական վարչության փորձագետ, «Մեծ Ութնյակում» և «Մեծ Քսանյակում» պատանեկան խմբի քարտուղարության ղեկավար Ռ.Չուկովը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցութ-յան տարածաշրջանային թիմի, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական տարա-ծաշրջա¬նային հասարակական կազմակերպության և նույն կազմակերպության աջակցությամբ Տաջիկստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրի ներկայացուցիչներ, Ռուսաստանի Դաշնության և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի փորձագետներ և այլ հյուրեր:

Ողջունելով ներկաներին` ՁԻԱՀ ԿՀԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը նշեց, որ վերանորոգված ուսումնական ռեսուրսային կենտրոնում հնարավոր կլինի անցկացնել մոտ 150 հոգու մասնակցությամբ համաժողովներ, գիտաժողովներ, զուգահեռ սեմինար-վարժանքներ և խմբային աշխատանքներ, ինչը կնպաստի գիտաուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը: Դահլիճի հագեցվածությունը ժամանակակից սարքավորումներով հնարավորություն կտա անցկացնելու տեսակոնֆերանսներ և անհրաժեշտության դեպքում ռուսաստանցի գործընկերների հետ քննարկելու ՄԻԱՎ վարակով հիվանդների վարման բարդ դեպքերը: Ուսումնական ռեսուրսային կենտրոնի հնարավորությունները կարող են օգտագործվել ինչպես ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, այնպես էլ տարբեր պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների կողմից:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում ՁԻԱՀ ԿՀԿ-ին տրամադրվել է նաև համակարգչային տեխնիկա և գրասենյակային գույք:

Ամփոփելով խոսքը` Սամվել Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական հասարակական կազմակերպության և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործընկերներին, որոնց աջակցությամբ հնարավոր եղավ իրականացնել այդ հսկայական աշխատանքը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի անունից ողջույնի խոսք ասաց նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը: Նա նշեց, որ առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում 2013-2015 թվականներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն աջակցելու համար նպատակային միջոցներ հատկացնելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշումը:

Խոսելով Ռուսաստանի աջակցությամբ իրականացվող ծրագրի մասին` նախարարի տեղակալը նշեց, որ այն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության խոցելի խմբերի, այդ թվում միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, կանխարգելման և հսկման համակարգերի ներուժի ամրապնդմանը: Ըստ նրա՝ ծրագրի արդյունավետ իրականացումը կնպաստի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ հսկման միջոցառումների կատարելագործմանը և առողջապահության ոլորտում Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելուն:

Տիգրան Սահակյանը ներկաներին տեղեկացրեց, որ վերանորոգված և ժամանակակից տեխնիկայով հագեցած դահլիճում արդեն անցկացվել և առաջիկայում շարունակվելու են ՄԻԱՎ վարակի բուժման, խորհրդատվության և հետազոտության, ՄԻԱՎ վարակի մոլեկուլյար համաճարակաբանության և ՄԻԱՎ-ի դեղակայունության թեմաներով սեմինար-վարժանքներ` Ռուսաստանի մասնագետների ներգրավմամբ: Ծրագրի շրջանականերում նախատեսված է հաջորդ տարվանից նաև շարժական կլինիկայի միջոցով ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի բնակչությանն անվճար հիմունքներով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող բժշկական ծառայությունների տրամադրում:

Միջոցառման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական տարածաշրջանային հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց համագործակցության և փոխըմբռնման եռակողմ համաձայնագիր: Փաստաթուղթը կարգավորում է ազգային ծրագրերի և ռազմավարությունների հիման վրա Հայաստանում «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության ծրագրի արդյունավետ իրականացման և համակարգման ապահովման համար անհրաժեշտ հարաբերութ¬յունները:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Նույն շարքից