Առողջապահություն Հասարակություն 

Հոնի պտուղը սթափեցնում է գինովցած մարդուն

analitik.am

Հոնի բուժիչ հատկությունները

Հոնազգիների ընտանիքն ընդգրկում է ավելի քան 30 տեսակներ։ Ունեն տերևաթափ ծառի կամ թփի տեսք, կան բազմամյա խոտաբույսեր, մշտադալար տեսակներ։

Բույսը կիրառում են կաշվեգործության մեջ, նուրբ, մոխրականաչավուն ներկանյութ ստանալու համար։

Հնագույն ժամանակներից հայտնի են եղել բույսի բուժիչ հատկությունները։ Օգտագործվում է միայն ժողովրդական բժշկության մեջ։ Բուժահումք են հանդիսանում արմատը, կեղևը, տերևը, պտուղը, նույնիսկ կորիզը։

Հոնի պտուղը լավացնում է ախորժակը, սթափեցնում գինովցած մարդուն, որպես կանխարգելիչ միջոց` խորհուրդ է տրվում, եթե կա սնդիկից կամ կապարից թունավորվելու վտանգ։ Պտղի մեջ պարունակվող պեկտինը և բջջանյութը նպաստում են թույների հեռացմանն օրգանիզմից։
Հյութն օգտակար է շաքարային դիաբետի, կարծրախտի (սկլերոզ), մրսածության, գիրության դեպքում, կանխարգելում է ածխաջրերի փոխակերպումը ճարպի։
Պտուղը հարուստ է օրգանական թթուներով` խնձորի, կիտրոնի, սաթի (մինչև 3,5 տոկոս)։ Չինացիները պտղի թուրմով բուժում են ցիստիտը, ականջների աղմուկը, հյութը և օշարակը խորհուրդ են տալիս` որպես օրգանիզմն ամրացնող միջոց։ Հոնի հյութը բուժում է խորը վերքերը, գինու հետ խառնուրդը հեռացնում է իժի թույնը։
Արմատը կամ կեղևը վայրի տանձենու պտղի հետ (1։3) համատեղ եփված` բուժում են լուծը։ Պտղի արմատի կամ կեղևի եփուկը կիրառում են մալարիայի, տենդի, թոքախտի բուժման ժամանակ։

Հոնի և վայրի տանձենու պտուղներից պատրաստված կոմպոտն օգտակար է միզապարկի, երիկամների բորբոքման դեպքում, նվազեցնում է միզաթթվի պարունակությունն օրգանիզմում, նպաստում է մանր քարերի հեռացմանը։

Հոնի և խնձորի թանձր եփուկն ավելացնում է արյունը։

Ցավեր մեջքի հատվածում. Տրորեք պտուղը, տեղադրեք լաթե պարկիկի մեջ, ամրացրեք ցավոտ հատվածին։
Աղմուկ ականջներում. Մանրացրեք հոնի ծառի արմատը, 2 թ/գ 30 րոպե եփեք 200 մլ ջրում (փակ կափարիչի տակ), ավելացրեք 2 ճ/գ երեքնուկ կարմիրի խոտը։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Շաքարային դիաբետ. Խառնեք հոնի հյութը ջրի հետ (1։1), խմեք 50-ական մլ, օրը 1-3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Հիպերտոնիա. 1 ճ/գ մանրացրած պտուղը (առանց կորիզի) 10 րոպե եփեք 200 մլ ջրում։ Խմեք 100-ական մլ, օրը 2-3 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։
Միգրեն. Պատրաստեք և խմեք վերոգրյալ ձևով` 40 գ պտղամիսը։
Թութք, լուծ. 2 ճ/գ պտուղը (կորիզով) 2 ժամ եփեք թույլ կրակի վրա, 500 մլ ջրի մեջ (փակ կափարիչի տակ)։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 2-3 շաբաթ։
Ռևմատիզմ, հոդատապ.1 ճ/գ արմատը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ։

Զգուշացում։ Պտուղը և թարմ հյութը հակացուցված են` ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։

Նույն շարքից