Առողջապահություն 

Առողջապահության համակարգի պետական կարգավորման գերմանական մոդելը

analitik.am

Բիսմարկյան մոդելով զարգացող Գերմանիայի առողջապահության համակարգը համարվում է լավագույնը աշխարհում: Այս եվրոպական երկիրն ունի առողջապահական ծառայություններին հատկացվող աշխարհում ամենաբարձր մակարդակում ծախսերը, որոնք կազմում են ՀՆԱ-ի մոտ 11%-ը: Ժամանակակից գերմանական կլինիկաները` հագեցած նորագույն սարքավորումներով, բարձր որակավորում ունեցող բժիշկները, գիտական վերջին նվաճումների օգտագործումը ախտորոշման, բուժման, վերականգնման գործընթացում հանդիսանում են գերմանական առողջապահության տարբերիչ առանձնահատկությունները:


Կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի կողմից 1881թ-ին ստեղծված այս համակարգը ուղղված էր հասարակ աշխատողների առողջության ամրապնդմանը, քանի որ այդ մարդկանց համարում էին պոտենցիալ զինծառայողներ: Ստեղծված սոցապահովագրության փաթեթներից, որոնք ներառում էին բուժման վրա կատարվող ծախսերի ծածկումը, կենսաթոշակներն ու անաշխատունակության նպաստները, աստիճանաբար առողջապահության բաժինը առանձնացվեց: Սկզբնական շրջանում սոցփաթեթները ձևավորվում էին 2/3-ը աշխատողների ներդրումներից, իսկ 1/3-ը գործատուի: Հետագա բարեփոխումների արդյունքում սոցփաթեթի կառուցվածքում գերակշիռ դարձան գործատուների ներդրումները, իսկ համակարգում ձևավորվեցին ապահովագրական կազմակերպություններ: Այս մոդելը շարունակում է այսօր էլ լայն կիրառություն ունենալ ինչպես Գերմանիայում, այնպես էլ աշխարհի շատ երկներում: 


Շատ գերմանական առողջապահական հաստատություններ հանդիսանում են համաշխարհային բուժ-ախտորոշիչ և գիտա-հետազոտական կենտրոններ: Մեծ համբավ ունեն հատկապես Բեռնարդ Նոխտի անվան ինստիտուտը Համբուրգում, որը մասնագիտացված է արևադարձային հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ, գերմանական սրտաբանական կենտրոնը Բեռլինում և այլն: 



Մերի Կատվալյան

Նույն շարքից