Բարի օր Մշակույթ 

Ալեքսանդր և Լեոնարդա. Քնյութ Համսուն

analitik.am

Մեր կողմերում ծովային մի հոսանք կա, որ կոչվում է Գլիմմա։ Ժամանակին մեզ մոտ մի գնչու տղա էր ապրում, անունը` Ալեքսանդր։ Այս Ալեքսանդրի հետ մի անգամ զրուցել եմ Աքերշհյուս ամրոցում, որտեղ նա նստած էր ինչ-որ հանցանքի համար։ Վերջերս թերթերում կարդացի, որ այդ վտանգավոր հանցագործը մահացել է. բանտախցի մենավոր կյանքը մահացու հարված էր հասցրել նրան։ Նա ինձ պատմել է, որ սպանել է մի աղջկա... Ես այսօր շատ եմ մտածել նրա պատմածի մասին, և իմ թափթփվածությունն է պատճառը, որ կեսից սկսեցի պատմել։ Թույլ տվեք սկսել սկզբից:

Նուրլաննում հայտնի ու անհայտ շատ ձկնորսներ կան։ Հայտնի ձկնորսը ծովատառեխի ուռկան, կառանատեղ ու որսով լի ձկնորսական խրճիթ ունեցող երևելի մարդն է, որն իր վրայով շատ մեծ ու փքուն շորեր է հագնում։ Դա առաջներում նշան էր այն բանի, թե այդպիսի մարդն իրեն ուտել֊ իւմելուց զուրկ չի պահում, նա երբեք պարտք չի մնում քահանային ու իշխանավորներին։ Ծննդյան տոներին մի ամ֊ րոդջ անկեր քաշած օղի է տուն տանում։ Իսկույն կարելի է նկատել, թե որտեղ է ապրում հայտնի ձկնորսը։ Նա իր տունը տախտակով երեսպատում է ու կարմիր ներկում, իսկ պատուհաններն ու դռները սպիտակ են լինում։ Նրա ուստրերին ու դուստրերին ճանաչում ենք թանկարժեք զարդերով, երբ նրանց պատահում ենք եկեղեցում։

Մի օր հայտնի ձկնորս Ենս Ուլայի նավակների կառանատեղում ափ իջավ գնչուների մի մեծ թափառախումբ։ Վաղ գարնան կողմերն էր։ Գնչուները եկել էին իրենց սեփական լաստանավով։ Նրանց առաջնորդում էր ծեր Ալեքսանդրը` «Տաշեղը», որ երեք կանգուն հասակով մի հսկա էր։ Նավակից ափ իջավ քսանամյա, սիրունատես մի տղա և ուղղվեց Ենս Ուլայի տան կողմը` ողորմություն խնդրելու։

Նա երիտասարդ Ալեքսանդրն էր: Այս ամենը տեղի է ունեցել իմ մանկության տարիներին։ Մենք` երեխաներս, ճանաչում էինք Ալեքսանդրին. փոքր ժամանակ խաղացել էր մեզ հետ և փայլփլուն կոճակներ ու մետաղի կտորտանքներ փոխանակել։ Ենս Ուլայը, որ հպարտ ու վեհ մարդ էր ու ոչ մեկից ոչ մի բան չէր խնդրել, ոչինչ չտվեց և գնչուներին հրամայեց անմիջապես հեռանալ իր ափից։ Սակայն Ալեքսանդրը համառ ու անվախ տղա էր. երեք անգամ նրան մերժեցին, սակայն նա մնաց տեղում կանգնած։

— Դու կարող ես ինձ մոտ աշխատել,— ասաց Ենս Ուլայը:

— Ի՞նչ պիտի անեմ։

— Կահ-կարասիք կնորոգես, Բացի այդ, երբ մենք` տղամարդիկս, մեկնենք ձկնորսության, դստերս ու կնոջս կօգնես։

Երիտասարդ Ալեքսանդրը շրջվեց, իջավ իրենց նավակի մոտ` յուրայինների հետ խորհրդակցելու։ Ապա վերադարձավ ագարակ` Ենս Ուլային հաղորդելու, որ ինքն ընդունում է ծառայության առաջարկը։ Հոր հետ որոշել էր կողոպտել այդ ունևոր մարդուն։

Երբ որոշ ժամանակ անց Ենս Ուլայն ու որդիները մեկնեցին ձկնորսության, ագարակում նրա կնոջից ու աղջկանից բացի ուրիշ ոչ ոք չմնաց։ Դստեր անունը Լեոնարդա էր։ Նա ընդամենը քսան տարեկան էր։

Երիտասարդ Ալեքսանդրն իրեն լավ էր զգում։ Նա գլուխ էր հանում անասունների հիվանդությունից, բուժում էր նրանց և հիրավի շատ հմուտ էր առանձին իրեր ու կահ-կարասիք նորոգելու գործում։ Շուտով ձկնորսի կինը, թեև արդեն քառասուն տարեկան էր, նրա նկատմամբ առանձնահատուկ զգացմունք տածեց։ Սակայն գնչուն խաբեց` ասելով, թե իր սիրած աղջիկը հոր նավակում է, և նրանից բացի ուրիշ ոչ ոք չկա իր մտքին։ Այդ բանը փոքր-ինչ դառնացրեց ձկնորսի պատկառելի տիկնոջը, սակայն նա գնչուի վախից դստերը հսկողության տակ առավ։ Հենց որ ձյունը քաշվեց սարերը, նա Ալեքսանդրին ուղարկեց հեռավոր մի տեղ տորֆ կտրելու։ Այսպիսով կարողացավ գնչուին հեռու պահել ագարակից։ Այդ ժամանակ Ալեքսանդրը տորֆաճահճում անհասկանալի լեզվով երգեր էր երգում և հմտորեն անում օրվա իր գործը։ Անաստվածը շատ զվարճասեր տղա էր։

Լեոնարդան հազվադեպ Էր խոսում նրա հետ, խուսափում էր։ Նա չէր մոռանում, որ ինքը Ենս Ուլայի աղջիկն է։ Սակայն գարունը շատ վտանգավոր ժամանակ է։ Հենց որ տաքերն ընկան, Ալեքսանդրի աչքերն սկսեցին աստղերի պես առկայծել, և նա Լեոնարդայի կողքով անցնելիս փորձում էր ավելի մոտենալ։ Անհասկանալիորեն աղջկա սնդուկից սկսեցին մեկը մյուսի հետևից զանազան իրեր կորչել, թեև կողպեքը տեղում էր։ Պարզվեց, որ սնդուկի հատակի տախտակը կոտրված է։ Լեոնարդան պնդեց, որ դա Ալեքսանդրի ձեռքի գործն է։

— Ո՛չ, ես չեմ արել,— պատասխանեց տղան,- բայց իրերի տեղը գիտեմ։ Եթե ձեղնահարկի սենյակից դուռը գիշերը բաց թողնես, թերևս փորձեմ իրերդ վերադարձնել։

Աղջիկը նայեց նրան ու միանգամից պատասխանեց,

— Ուզում ես քեզ վաղն ևեթ վռնդե՞ն այս տնից։

Սակայն գնչուն շատ լավ գիտեր, թե ինչպես է պետք խնդրել. ալ շուրթերով, թուխ մաշկով ու սևորակ աչքերով գնչուն շատ վարժ էր սիրային գործերում։ Նսւ սիրո մեծ վարպետ էր։

Հաջորդ օրը Լեոնարդան դրսում նստած ինչ-որ բան էր հյուսում։ Մոտենալով` Ալեքսանդրն ասաց.

— Այնուամենայնիվ, թույլ տուր մի բան ասեմ։ Գնանք տորֆահորերը, շատ հաճելի կլինի։ Ոչ մի վատ բան չեմ ասի։

Աղջիկը, գլուխը բարձրացնելով, մի հայացք նետեց նրա վրա։ Տղայի մի քանի բառը զինաթափ արին նրան։ Ալեքսանդրը գլխարկը հանեց, նրա մազերը թափվեցին աղերսող աչքերն ի վար, իսկ ալ կարմիր բերանը շատ ցանկալի թվաց։ Լեոնարդան պատասխանեց.

— Ինչ կա որ, կարելի է փորձել։

Ապա հակվեց ձեռագործի վրա ու շառագուներ։

Իսկ գնչուն հասկանում էր, թե ինչ է անում, երբ ջահել աղջկան ախորժե/ի բառերով հրավիրում է աորֆահորերը։ Նա գայթակղում էր աղջկան, թեև շատ լավ գիտեր, որ նա լիովին գտնվում է մոր իշխանության տակ։

Օրերն անցնում էին։

Հյուսնի որդի Քոնրադը գնացել էր սովորելու և նույնպես հյուսն դարձած վերադարձել տուն։ Այդ արհեստը նա սովորել էր քաղաքում և մեծ անուն հանել։ Նա ապրում էր Գլիմմա ծովային հոսանքից այն կողմ, և մարդիկ, որ ցանկանում էին գեղեցիկ սնդուկ պատվիրել, գնում էին նրա մոտ։ Մի օր Լեոնարդան նույնպես որոշեց այցելել նրան։ Ալեքսանդրը հարկադրված էր աղջկան անցկացնել մյուս ափը։

Աղջիկը շատ երկար մնաց երիտասարդ Քոնրադի մոտ և չափազանց սիրալիր զրուցում էր սնդուկի և շատ այլ բաների մասին։ Չէ՞ որ մանկության տարիներից նրանք ճանաչում էին միմյանց։ Ներքևում` նավակի մեջ, շատ սպասելուց հետո Ալեքսանդրը բարձրացավ հյուսնի տան կողմը և նայեց պատուհանից ներս։ Իսկույն հետ ցատկեց և հուզված ու կատաղած խուժեց ներս։

Երեքն էլ նայեցին միմյանց։ Գնչուն նման էր թրթռուն ռունգներով արշավաձիու։

— Հա, գալիս եմ,— ասաց Լեոնարդան նրան խաղաղեցնելու համար։

Տղամարդիկ ոտից գլուխ չափեցին միմյանց։ Երկուսն էլ երիտասարդ էին։ Ալեքսանդրը, գոտկատեղը շոշափելով, փնտրեց իր դանակը, բայց ոչինչ չգտավ։ Նրա աչքերից զայրույթն իսկույն չքացավ։ Գնչուն առանց զենքի անօգնական է, սակայն երբ ձեռքին դանակ կա, քաջ է և սպանելու պատրաստ։

Դա առաջին հանդիպումն էր։

Շաբաթվա վերջին հյուսն Քոնրադը եկավ ձկնորսի տուն` հետը բերելով իր պատրաստած սնդուկը, որը թիթեղապատված ու սոսնձված էր մեծ վարպետությամբ, իսկ կողպեքը նոր էր ու ճաշակով։ Լեոնարդան դեռ չէր օգտագործել իր նոր սնդուկը, երբ պարզվեց, որ նրա բոլոր կորած իրերը վերադարձել ու նույն ձևով շարված են հին սնդուկի մեջ։ Ասես երբեք ձեռք չէր դիպել դրանց։

— Էլի դու ես արել,— ասաց Լեոնարդան գնչուին:

— Ո՛չ, ես չեմ արել,— պատասխանեց տղան` կրկին ստելով, թեև` անօգուտ։

Հյուսն Քոնրադը երկար մնաց Լեոնարդայի մոտ։ Աղջիկը նրա համար սուրճ եփեց և հյուրասիրեց։ Գնչուն նախապես լավ հայհոյել ու թքել էր սրճեփի մեջ։

Երբ հյուսնը տուն էր գնում, գնչուն դարանակալ սպասում էր նրան։

Նրանք կրկին հայացքով չափեցին միմյանց։ Ալեքսանդրի ձեռքին դանակ կար։

— Դա քեզ չի օգնի, գնչու,— ասաց Քոնրադը։— Այսօր նա ինձ խոսք տվեց։

Այդ ժամանակ Ալեքսանդրը, կրակ կտրած, դանակը դուրս քաշեց։ Սակայն հյուսնը ցատկեց նավակի մեջ ու ափից հեռացավ և երբ արդեն վտանգից ապահով էր, ձայն տվեց դեպի ափն ու սպառնաց, որ իշխանություններին կբողոքի թափառական գնչուի դեմ։

Օրերն անցնում էին։

Ծեր Ալեքսանդրը` «Տաշեղը», իր նավակով վերադարձել և ուզում էր որդուն տանել։ Սակայն Ալեքսանդրը հրաժարվեց գնալ և համառորեն խնդրեց` թույլ տալ ծառայել մինչև պայմանավորված ժամկետի վերջը։ Նա հորը խաբեց, թե ագարակից դեռ շատ բան է թռցնելու։ Գնչուների նավակը հեռացավ առանց Ալեքսանդրի։

Ալեքսանդրը Լեոնարդային ասաց.

— Ծիծառներն արդեն եկել են, ժամանակը չէ՞, որ հետս իջնես պահեստներն ու ցույց տաս այն տակառներն ու ամանները, որ անհրաժեշտ է նորոգել ամառվա որսի համար։

Ինքը` Լեոնարդան, դեռ չգիտեր` ում հետ գործ ունի, ուստի հեգնանքով պատասխանեց.

— Համարձակվե՞մ որ։

Բայց նրա դեմքի հեգնական արտահայտությունն առաջվա պես լուրջ չէր, տղայի բառերն առաջվա պես տհաճություն չպատճառեցին։ Աղջիկը տեսնում էր, որ հետզհետե Ալեքսանդրի սերը ավելի բորբոքուն է դառնում։

Դեռ նոր էին ոտք դրել պահեստ, երբ Ալեքսանդրը գրկեց նրան ու սկսեց համբուրեր

— Դու լրիվ խելքդ թռցրել ես,— ասաց աղջիկը և կարմրատակած ու շնչակտուր դուրս պրծավ նրա գրկից։

— Հիմա ի՞նչ է, ինձ վաղը վռնդելո՞ւ են,— հարցրեց տղան։

— Նայած թե քեզ ինչպես կպահես։

— Այլևս այսպիսի բան չեմ անի,— պատասխանեց Ալեքսանդրը։

Նա իր խոսքի տերը չեղավ. Շարունակ ստում ու աղջկան հանգիստ չէր թողնում։

Ու եկավ այն օրը, երբ Լեոնարդայի սիրտն սկսեց հնազանդվել այդ թխամաշկ հեթանոսին։

Լեոնարդան իրենից ավելի լավը չէ և ոչ էլ ավելի հպարտ։ Առաջին շաբաթների ընթացքում Ալեքսանդրը ոչ մի կերպ չէր կարողանում որևէ բանի հասնել, սակայն չորրորդ շաբաթվա մեջ աղջկա աչքերը տամկացան ու տղայի հանդեպ լցվեցին խանդաղատանքով։ Հենց տյդ ժամանակ ծառերն սկսել էին բողբոջել, իսկ Նուրլաննի վրա իջնում էին խենթացնող սպիտակ գիշերներ։ Վերջապես Լեոնարդան գնաց ճահճուտները և ուտելիքը ձեռքին իջավ տորֆահորը, թեև, իհարկե, առաջվա պես կարող էր նստել վերևում` հորեզրին։ Բայց նա իջավ ցած, որպեսզի, որքան հնարավոր է, մոտ լինի Ալեքսանդրին։

Հիվանդագին կասկածամտությունից մայրը գլուխը կորցրել էր և ջանք էր թափում, որ աղջիկը պատկանի հյուսնին։ Լեոնարդան պատասխանում էր, որ այդպես էլ լինելու է։ Սակայն նա լի էր հաճելի արբեցումով և թաքուն մտածում էր ուրիշի մասին։ Թափառական Ալեքսանդրը ճահճուտում տորֆ էր կտրում, իսկ Լեոնարդան իջնում էր նրա մոտ, ու նրա առջև հառնում էր տղայի սքանչելի ջահելության հմայքը։ Լինում էին օրեր, երբ հյուսն Քոնրադին բոլորովին մտահան էր անում, ու այդ բանը բոլորովին չէր մռայլում նրա օրը։

Ուշ գարնանը ձկնորսն ու իր որդիները վերադարձան որսից։ Գարնան վարուցանքն սկսվեց։ Ալեքսանդրը ևս նրանց հետ աշխատում էր դաշտում։ Բայց ահա սուրբ Հանսի օրը նա պիտի մեկներ։ Նրա համար դժվարացել էր Լեոնարդայի հետ գաղտնի հանդիպելը, քանի որ եղբայրներն իրենց քրոջը հսկողության տակ էին պահում, իսկ հյուսն Քոնրադը վայելում էր բոլորի բարեհաճ վերաբերմունքը։ Բացի այդ, սերը չափազանց քմահաճ է և սկսում է մարել, երբ հեշտությամբ է տրվում ամեն բան։ Լեոնարդան սկսել էր ձանձրանալ երիտասարդ գնչուից։ Նա պատրաստվում էր ամուսնանալ Քոնրադի հետ։

Ալեքսանդրն ասաց.

— Հենց որ հյուսնը աոաջին անգամ գա այստեղ, ես նրան կսպանեմ։

Սակայն Լեոնարդան ծիծաղեց նրա վրա և հոգնած ու հեգնանքով պատասխանեց.

— Ի՜նչ եք ասում։ Իսկ երկրորդ անգամ ի՞նչ կանեք։

Սուրբ Հանսի օրը, երեկոյան, հյուսնի տանը պարահանդես էր լինելու։ Լեոնարդան գնալու էր պարելու։ Նույն երեկո, ավարտելով ծառայությունը, Ալեքսանդրը մեկնել էր ձկնորսի ագարակից։

Լեոնարդան Ալեքսանդրին ասաց.

— Մինչև մեկնելդ ինձ մյուս ափն անցկացրու։

— Ո՞ւր ես գնալու,— հարցրեց տղան։

— Դա քեզ չի վերաբերում,— պատասխանեց աղջիկը։

Ալեքսանդրը պատրաստվեց մեկնելու։ Ունեցած-չունեցածը փաթաթեց, մի կապոց արեց ու ասաց.

— Ես պատրաստ եմ։

Նրանք իջան հոսանքի ուղղությամբ ու նավակ նստեցին։

Սառույցը հալվել էր, որի պատճառով Գլիմման չափազանց բարձրացել էր ու դարձել վտանգավոր։

Թիավարելով` Ալեքսանդրն ասաց.

— Դու իսկապես ուզում ես ամուսնանա՞լ նրա հետ։

— Այո՛,— պատասխանեց աղջիկը։

— Ե՛ս չէի գողանում քո իրերը,— շարունակեց Ալեքսանդրը,— մայրդ էր գողանում։

Մի ամբողջ րոպե աղջիկը ակնապիշ նայեց տղային ու բացականչհց.

— Ի՜նչ ես ասում։

— Նա ցանկանում էր գժտեցնել մեզ։ Սակայն ես գիտեի, թե որտեղ է թաքցնում իրերդ, վերցնում ու դնում էի տեղը։

— Դու ստում ես,— պատասխանեց Լեոնարդան ու չհավատաց նրան։

Գնչուն ավելի ու ավելի անզգույշ էր թիավարում ու չէր էլ նայում, թե ուր։

— Ես քեզ ոչ մի վատ բան չեմ արել,— վերջապես ասաց նա,— եթե դու ցանկանայիր` ես կարգին մարդ կդառնայի։

— Ինձ պե՜տք էր,— պատասխանեց աղջիկն ու փորձեց վեճի բռնվել։— Էս ո՞նց ես թիավարում։ Կբախվենք ժայռին։

Տղան շարունակեց թիավարել։

Աղջիկը գոռալով կրկնեց նույն բառերը։

Տղան թափով շարժում արեց և այնպես կոտրեց թիերից մեկը, որ աղջիկը ձայնը չլսի։

Նրանց վիճակը դարձավ անելանելի։

— Դիտմամբ արեցիր,— ասաց աղջիկը` առաջին անգամ վախենալով։

Տղան պատասխանեց.

— Այո՛։ Դու ողջ չես վերադառնալու ափ։

Մի վայրկյան անց սարսափելի մի ճիչ լսվեց։ Նավակը զարնվեց ժայռին ու խորտակվեց։ Գնչուն անմիջապես ցատկեց ժայռին։ Նա տեսավ Լեոնարդային, որը մի քանի անգամ պտտվեց նույն տեղում, այնուհետև գլխիվայր շրջվեց ու ընկղմվեց ջրի տակ։

Ափից տեսել էին այս ամենը, և գնչուն փրկվեց։

Ոչ ոք երիտասարդ Ալեքսանդրին չէր կարող մեղադրել։ Նրա թին կոտրվել էր, նա ոչ մի մեղք չուներ, դժբախտ պատահար էր։

Այս պատմությունը Ալեքսանդրն ինքն է պատմել ինձ Աքերշհյուս ամրոցում, որտեղ նա նստած էր ինչ-որ հանցանքի համար։

Թարգմանությունը՝ Արտաշես Յայլոյանի:

Աղբյուր՝ Litopedia.org

Նույն շարքից