Հայաստան Քաղաքականություն 

Հիմա ներկայացված տեսակետներից 10%-ն է միայն ազդանշան, իսկ մնացածը ներկայացնում են, ժողովրդի ասած, «մուտիլովկայի» տեսքով. Հարություն Մեսրոբյան

analitik.am

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն այսօր սահմանադրական բարեփոխումներ թեմայով հրավիրված ասուլիսին նախընտրեց ոչ թե իր տեսակետը հայտնել, այլ օրինաչափություններից խոսել և հայտարարեց՝ «Հայաստանին պետք է հիբրիդային կառավարման համակարգ և ոչ թե անցում կիսանախագահականից խորհրդարանականի»:

Ըստ նրա, ներկայացված տեսակետների 90 տոկոսը աղբ է: «Կառավարման մեջ կա ազդանշան և աղմուկ: Հիմա ներկայացված տեսակետներից 10%-ն է միայն ազդանշան, իսկ մնացածը ներկայացնում են, ժողովրդի ասած, «մուտիլովկայի» տեսքով»,- ասաց նա:

Փորձագետը խոսեց նոր սահմանադրական նախագծից, մասնավորապես ընտրված խորհրդարանական կառավարման համակարգից և ընդգծեց, թե այս մոդելն աշխարհում  տարածված երեք անհաջող մոդելներից մեկն է՝ նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական: «Այստեղ նախագահականի հետ վարչապետականը կավելացնեի, և կասեի, որ իրականության մեջ այս համակարգը վարչապետական է»,- ասաց նա և նշեց, որ եթե խորհրդարանի ինչ-որ ուժ ունի մեծամասնություն, վարչապետը կլինի այդ ուժի լիդերը:

«Ստացվում է վարչապետական, որովհետև տնտեսությունը, արտաքին գործերը և ուժային կառույցները անցնում են վարչապետին, որն էլ վերահսկողության տակ կպահի և՛ խորհրդարանը, և՛ գործադիր մարմինը, և՛ ուժային կառույցները»,- ասաց նա:

Կառավարման փորձագետը նշեց, որ ուսումնասիրել է 11 պետության փորձ, որոնք  Համաշխարհային պատերազմից հետո թռիչք են կատարել: «Ոչ մեկը այդ երեք մոդելն էլ չունի՝ Չինաստան, Վիետնամ, Իրան»,- ասաց նա:

Մեսրոբյանը նշեց, թե ցանկացած կառավարման համակարգ իրականության մեջ տարբեր ռեժիմներում է հայտնվում, իսկ Հայաստանը գտնվում է  «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» ռեժիմում, բնականաբար, կառավարման համակարգն էլ պետք է համապատասխանի իրական վիճակին:

Իսկ թե որ երկիրն է նման մոդելի կրող,նա օրինակ բերեց Չինաստանը: «Այնտեղ թիմային մոտեցումն է, տասը տարին մեկ գրեթե ամբողջությամբ կառավարիչներին փոխում են, իսկ երբ հերթականը գալիս է, որոշում են հաջորդին», -ասաց նա:

Նույն շարքից