Հոգեբանի անկյուն 

Երբ ամուսնանում են առանց սիրո

analitik.am

Հաճախ չսիրած մարդու հետ ամուսնության սցենարն անգիտակցաբար ընտրում են նրանք, ովքեր վախենում են սիրել: Այս վախի պատճառները կարող են տարբեր լինել՝ հուզական սառնությունը ծնողական ընտանիքում, ծնողների բացասական արձագանքը երեխայի զգացմունքների արտահայտման հանդեպ, ընտանիքում հարաբերությունների միակողմանիությունը, երբ երեխային չեն տալիս բավարար սեր ու քնքշանք, սակայն մշտապես ինչ-որ բան են պահանջում նրանից:


Արդյունքում, մեծանալով՝ մարդը սովորություն է ձեռք բերում անգամ ոչ թե ճնշել իր զգացմունքները, այլ պարզապես չնկատել դրանք: Սեփական զգացմունքներն արգելափակելով դրանց առաջացման շատ վաղ փուլում՝  նա, փաստացիորեն, թույլ չի տալիս ոչ մի փոխադարձ սիրո ի կատար ածում: Այնուհետև միանում է գիտակցությունը, որն ասում է, որ չարժե սպասել սիրո: Նման սցենարի դեպքում՝ միջանձնային հարաբերությունների մակարդակում, մարդը ձգտում է ավելի շատ ստանալ զուգընկերոջից, քան տալ: «Ուզում եմ, որ ինձ սիրեն, իսկ ես չե՛մ սիրի»  - սա անբավարար սիրված երեխայի վրեժն է աշխարհից. այժմ նա կարող է կանգնել մի մարդու դիրքում, ումից սեր են խնդրում, այժմ նա ի զորու է պատժել և գթալ՝ դրանով իսկ բարձր լինելով անցյալից, որտեղ խնդրողի դիրքում ինքն էր: Այս ամենն, իհարկե, մեծամասամբ տեղի է ունենում անգիտակցաբար:

 Նման մարդը կարող է որքան հարկն է զգացմունքային լինել, սակայն դրա հետ մեկտեղ լինել խորապես անվստահ սեփական նշանակալիության և կյանքի բարիքներից օգտվելու իր իրավունքի մեջ: Անվսհատությունը կարող է ձևավորվել այնպիսի գործոններից, ինչպիսիք են մշտական քննադատությունը, ջերմության ու քնքշանքի բացակայությունը, երեխայի շահերի անտեսումը: Սակայն, որպես կանոն, զգացմունքները չեն ճնշվում, և առաջանում է ոչ թե վախ, այլ սեփական անպետքության կայուն զգացողություն: Հենց այսպիսի կինը կարող է ամուսնանալ «անելանելիությունից» դրդված՝ համոզված լինելով, որ ավելի լավ ոչինչ իրեն չի սպասվում, իսկ առանց ամուսնու նա ոչ մի բանի չի կարող հասնել: Կամ էլ մինչ այդ իր կյանքում տեղի է ունեցել անհաջող սեր, հիասթափություն, այնուհետև նման «փոխհատուցումային» ամուսնություն, որտեղ իրեն գուցե և սիրում են, սակայն ոչ այնպես, ինչպես ինքը կցանկանար, իսկ ավելի հաճախ այսպիսի կանանց հետ ամուսնություններում տեղի է ունենում նաև տղամարդու կողմից բացահայտ շահագործում:


Եթե առաջին դեպքում նկարագրված հուզապես սառը, «անառիկ» կանայք, երբեմն գրգռում են տղամարդկանց որոշ տեսակի կրքերն, ապա անինքնավստահ կանայք տղամարդկանց հաճախ դրդում են հենց շահագործման: Սառը կինը վրեժխնդիր է լինում և չի վախենում մենակ մնալ, նրա համար ավելի սարսափելի է սեր զգալը, քան միայնակ լինելը, իսկ անինքնավստահ կնոջը սարսափեցնում է միայնակ մնալը, չէ՞ որ նա ինքն իրեն ընկալում է որպես «բացարձակ զրո»:


Նման ամուսնությունների արդյունքները տարբեր են լինում: Կախված նրանից, թե տարիների ընթացքում մարդու մեջ ինչն է գերակշռում՝ սիրելու պահանջմունքը, թե վախի և անվստահության զգացումները: Այս պայքարը, միևնույնն է, ավարտ ունի. կա՛մ տարիների ընթացքում վախերն անցնում են, զգացմունքներն՝ արթնանում և մարդ ձեռք է բերում ինքնավստահություն, կա՛մ վախերն արմատավորվում են, իսկ անվստահությունը՝ խորանում: Եթե զարգացումն ընթանում է ըստ երկրորդ սցենարի, ամուսնությունն ամուր, սակայն, ամենայն հավանականությամբ, ապերջանիկ կլինի. երկու զուգընկերներն էլ ինչ-որ չափով ջերմության պակաս կզգան: Իսկ եթե այն ընթանա առաջին ճանապարհով, ապա նման ամուսինների բաժանումը ժամանակի հարց է:


Եթե պատրաստվում եք ամուսնանալ չսիրած տղամարդու հետ, նախ և առաջ մտածեք՝ իսկ ինչո՞ւ հենց Ձեր բախտը կարող էր այնպես չբերել, որ չհանդիպեիք փոխադարձ սիրո: Չե՞ք շտապում արդյոք: Չէ՞ որ Ձեր վախերն ու անվստահությունը կարող եք հաղթահարել, իսկ վերափոխել կյանքը, որտեղ արդեն երեխաներ կան, շատ ավելի բարդ է, քան կյանքը նոր էջից ինքնուրույն սկսելը:  

Նույն շարքից