Իրավական 

Պետական մարմինների կողմից կուտակայինի մասով ՍԴ-ի որոշումը չկատարելը քրեական ոլորտից է. իրավաբան

analitik.am

Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը և իրավաբան Գևորգ Հայրապետյանն այսօր կայացած ասուլիսին անդրադարձան Սահմանադրական դատարանի՝ օրենքի որոշ կետերի կիրարկումը ժամանակավորապես կասեցնելու որոշմանը՝ շեշտելով, որ պետական մարմիններն այդ որոշումը չեն իրականացնում, ինչը, իրավաբանի համոզմամբ, արդեն քրեական ոլորտից է:

 

«Սահմանադրական դատարանը տալիս է որոշում, այնինչ պետական մարմիններն այդ չեն իրականացնում, իսկ ՍԴ-ի որոշումն ինքնանպատակ չի կարող լինել, ՍԴ-ն տվել է հնարավորություն չընտրել ֆոնդ և կառավարիչ, այս որոշմամբ մարդը ոչ միայն կարող է չընտրել, այլև նրա փոխարեն չպետք է ընտրեն: Ես չեմ ընտրել, վերցնում են ինձնից գումարը և պահում են մի տեղ, որի մասին ես չգիտեմ»,-ասաց իրավաբան Գևորգ Հայրապետյանը:

 

Վերջինիս խոսքով՝ մի գործողություն է կատարվում, որը չի կարգավորվում «Պարտադիր կուտակային կենսաթոշակների» մասին օրենքով, իսկ ՍԴ որոշումը միտված էր նրան, որ այսպիսի իրավիճակ չլինի:

 

«Կան դիմումի ձևեր՝ քաղաքացիները կարող են դիմել պետական մարմնի և սկսել վարչական վարույթներ: Թող Պետեկամուտների կոմիտեն տա այս հարցի լուծումը, ընդունի բազմաթիվ դիմումներ և գտնի լուծումը, թող ՊԵԿ-ը կրի պարտադրանքի հետևանքները»,-ասաց նա:

 

Դավիթ Խաժակյանն էլ նշեց, որ ՍԴ-ն գործատուներին հստակ ազատեց գումարը փոխանցելու պատասխանատվությունից. «Իսկ «Իրավական ակտերի մասին» օրենքում ասվում է, որ եթե իրավական հետևանքից ՍԴ-ն ազատել է, նշանակում է, որ չի կարող հաշվարկումը պարտադիր լինել, իսկ փոխանցումը` ոչ: Եվ տվյալ պահին գործատուներն ազատված են ցանկացած պատասխանատվությունից գումար չփոխանցելու համար, սակայն Կառավարությունն իր լռությամբ որոշակի խնդիր է առաջացրել: Չի ասվում, թե ինչ կլինի, եթե օրենքը հակասահմանադրական ճանաչի, ինչպե՞ս են հետ փոխանցվելու այդ գումարները: Եվ հակառակը, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, պատասխանատվությունը դրվել է գործատուների վրա»:

Նույն շարքից