Առողջապահություն 

ԱՄՆ-ի բժիշկները կողմնակի ազդեցություններ չեն բացահայտել Էբոլայի դեմ պատվաստանյութը փորձարկելիս

analitik.am

 Ամերիկացի բժիշկները կողմնակի ազդեցություններ չեն բացահայտել տասը կամավորների վրա Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության դեմ փորձարարական պատվաստանյութը կիրառելիս: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, որը սեպտեմբերի 16-ին ելույթ է ունեցել Կոնգրեսի Սենատի հատկացումների կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ:

 

Ֆաուչին պատմել է, որ «քսան մարդուց բաղկացած խմբի վրա պատրաստուկի փորձարկումներն սկսել են սեպտեմբերի 2-ին»: «Ներկայում պատվաստանյութը ներարկվել է տասը կամավորների, և, ինչպես մենք տեսանք, դրա նկատմամբ օրգանիզմի ոչ մի կողմնակի հակազդում չի հայտնաբերվել»,- ասել է նա:

 

Առաջիկա օրերին պատրաստուկը կներարկվի տասն այլ կամավորների:

Ինստիտուտի տնօրենը նշել է, որ ԱՄՆ-ում պատվաստանյութի փորձարկումները կավարտվեն նոյեմբերի վերջին- դեկտեմբերի սկզբին: «Այնուհետև մենք կանցկացնենք այլ փորձարկումներ՝ ստուգելու պատրաստուկի անվտանգությունն ու արդյունավետությունը»,- հայտնել է Ֆաուչին,

 

Մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է, որ Արևմտյան Աֆրիկան ճարակած Էբոլա տենդի համաճարակն անվերահսկելի է դառնում: Նա կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ ակտիվ գործողություններ ձեռնարկել վտանգավոր հիվանդության տարածումը կանխելու համար:

 

«Դաժան ճշմարտությունն այն է, որ Արևմտյան Աֆրիկայում մոլեգնում է աննախադեպ մասշտաբների համաճարակը: Այն խորանում է և դուրս է գալիս հսկողությունից, իրադրությունը վատթարանում է»,- նշել է Օբաման: Նրա խոսքով, եթե համաճարակը չկանխվի, ապա այն կարող է վարակել հարյուր հազարավոր մարդկանց:

 

«Վիրուսի տարածումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել տնտեսության, քաղաքականության և անվտանգության ոլորտներում»,- ասել Է նախագահը:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել Է, որ առնվազն 1 մլրդ դոլար Է պահանջվում Էբոլա տենդի դեմ արդյունավետ պայքարելու համար: Նրա տվյալներով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում կազմակերպության կարիքները տասնապատիկ աճել են և կշարունակեն աճել, եթե տենդով վարակվածների թիվը այսուհետև Էլ մեծանա:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի զոհ Է դարձել առնվազն 2,5 հազար մարդ, ևս 5 հազար հոգի վարակված են: Տենդից մահացությունը կազմում է 53 տոկոս: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի: ԱՀԿ-ն բարոյական է համարել հիվանդությունը բուժելու համար փորձարարական դեղամիջոցների օգտագործումը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից