Ռազմական 

Հայաստան մուտք գործելն Իսլամական պետության համար դժվար է ու ոչ նպատակահարմար․ Նվեր Դավթյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իրանագետ Նվեր Դավթյանն անդրադարձավ ռուս-թուրքական հարաբերություններին ու դրանց հետ կապված վերջին զարգացումներին՝ մատնանշելով հնարավոր պատճառներն ու հետևանքները։

Թուրքիայի կողմից ռուսական Су-24 ռազմական ուղղաթիռի խոցումն ի՞նչ զարգացումների կբերի և ո՞րն էր դրա նպատակը։

Նվեր Դավթյանի խոսքով՝ ներկայումս իրավիճակի սրման տենդենց կա, սակայն ակնհայտ է, որ սա ունի նաև հոգեբանական պատերազմի ենթատեքստ․ «Պատահական չէ, որ անմիջապես դեպքից հետո բոլոր տեսանյութերն ամբողջությամբ ներկայացվեցին և՛ օդային խոցման իրավիճակում, և՛ այնուհետև ռուս օդաչուի նկատմամբ վերաբերմունքն իսլամիստների կողմից։

Իսկ ինչո՞ւ դա արվեց հիմա։ Մի երևույթ, որ հաջորդեց Պուտինի ու Իրանի հոգևոր առաջնորդի հանդիպմանը։ Անշուշտ, հանդիպման ժամանակ քննարկվող թեմաները վերաբերել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԱՄՆ-ի միջամտությանը, ԱՄՆ-ի դաշնակից երկրների միջամտությանը, ռուսական կողմի արդյունավետ գործողություններին, որն անշուշտ արժանացավ և՛ Իրանի հոգևոր առաջնորդի, և՛ իրանական հասարակության դրական գնահատականին։ Եվ այս իրավիճակում, երբ ամբողջ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած էր ռուսական կողմի միջազգային հեղինակության բարձրացմանը, բնական է, որ կա՛մ Թուրքիան, կա՛մ ԱՄՆ-ն պետք է փորձեին հասկացնել, որ իրենք նույնպես գոյություն ունեն տարածաշրջանում, և խնդիրներն առանց իրենց ներկայության կամ իրենց որոշման չեն կարող ամբողջական լուծում ստանալ։ Այս իրավիճակում Թուրքիան փորձեց բարձրացնել իր զինված ուժերի հնարավորությունները, հեղինակությունը, բացի այդ՝ նաև քաղաքական կշիռը տարածաշրջանում»,- համոզված է իրանագետը։

Որքանո՞վ կարող է Հայաստանն առնչվել տեղի ունեցող իրադարձություններին և որքանո՞վ է մոտ կանգնած ԻՊ-ից սպառնացող վտանգին։

Նվեր Դավթյանի կարծիքով՝ մեծ հաշվով՝ դա մեզ համար վտանգ ներկայացնում է, քանի որ Հայաստանը, գտնվելով նրանց հարևանությամբ, չի կարող անմասն մնալ վերահաս վտանգից:

«Ռազմական գործողությունների ճնշման տակ այդ ահաբեկիչների խմբերը դուրս են գալու սիրիական տարածքներից․ բոլորին չեն կարող ամբողջովին ոչնչացնել այնտեղ։ Ստեղծվելու է միջանցք՝ նրանց դուրս գալու համար։

Ո՞ւր են գնալու նրանք։ Բնականաբար եթե ոչ Թուրքիա, ապա տարածաշրջանի մեկ այլ երկիր։ Հայաստան մուտք գործելը դժվար է նրանց համար։ Փորձեր կարող են կատարել, բայց ամեն դեպքում նրանք այնպիսի երկրներ պետք է մտնեն, որտեղ կկարողանան ստեղծել իրենց բազան, որտեղ կկարողանան ապահովել իրենց անվտանգությունը և շարունակեն այնտեղից՝ որպես քաղաքական հարթակ, իրենց ռազմական գործողությունները։

Այս տեսանկյունից Հայաստանը հարմար չէ նրանց համար։ Այդպիսի հարմար երկիր կամ տարածք կարող է հանդիսանալ, օրինակ, Նախիջևանը, որը և՛ աշխարհագրորեն է շատ մոտ, և՛ Ադրբեջանի մաս է, և՛ կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից բավական հեռու է։ Այսինքն՝ որտեղ կարողանան ապահովել իրենց գոյությունը, ֆինանսական ու ռազմական գործողությունների իրականացումը, այնտեղ էլ կմնան»,- նկատեց նա։

Նույն շարքից