Գլխավոր Իրավական Հասարակություն Վերլուծական 

Ո՞վ է ֆինանսավորում ՀՀ-ում ահաբեկչությունների նախապատրաստումը

analitik.am

Այսօր Նորք Մարաշում ձերբակալված զինված խմբի մասին բավականին քիչ տեղեկություններ կան՝ ամեն դեպքում այն մասին, թե որտեղից են նրանք ֆինանսավորվում, ինչ նպատակներ են հետապնդել և այսպես շարունակ: Սակայն, եթե վերլուծենք 2015-ի իրադարձությունները, ապա կարող ենք որոշակի ենթադրություններ անել: Սկսենք նրանից, որ 2015-ի ամբողջ ընթացքում փորձ էր արվում ներքաղաքական զինված բախումներ կազմակերպել: Առաջինը Բերձորի դեպքերն էին, երբ դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» անդամները ծեծի ենթարկվեցին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ նրանց բազմիցս զգուշացրել էին Ղարաբաղից՝ ի դեպ բավականին բարձրաստիճան օղակներից, որ նման ակցիայի անցկացումը Ղարաբաղում անթույլատրելի է: Մյուս կողմից, հետաքրքիրն այն էր, որ կարծես թե երկու կողմն էլ տեղյակ էր, թե ինչ է տեղի ունենալու, քանզի ծեծվելու վայրում արդեն կար նախապատրաստած տեխնիկա, որպեսզի հնարավորինս որակյալ տեսանյութեր ստացվի, որն էլ հետագայում մի քանի ամիս շարունակ գովազդվում էր սոցիալական ցանցերում և այլ հարթակներում: Այս միջադեպը փորձ արվեց օգտագործել Հայաստանի ներսում ատելության մթնոլորտ ստեղծելու թե իշխանությունների, թե, մասնավորապես, Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ: Արդյունքում չստացվեց բախումներ ստեղծել հասարակական տարբեր շերտերի մեջ՝ շատ կարճ ժամանակահատվածում իրավապահների գրագետ աշխատանքի շնորհիվ ամեն ինչ ընկավ իր բնականոն հունի մեջ:

Հաջորդ քայլն արդեն նախապատրաստվում էր անել ապրիլի 24-ին, երբ թե իշխանությունը, թե ընդդիմությունը, հայերն ու սփյուռքահայերը զբաղված էին լինելու Ցեղասպանության 100- ամյա տարելիցով: Ինչպես հիշում ենք նույն Ժիրայր Սեֆիլյանն իր թիմի հետ միասին շարունակում էր «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը՝ կոչ անելով բոլորին ապրիլի 24-ին անցնել զինված պայքարի: Այս նախաձեռնությունը նույնպես տապալվեց, քանզի նորից իրավապահ մարմիններին հաջողվեց օրենքի սահմաններում ճնշել բոլոր հնարավոր հանցագործությունները: Արդյունքում Հայաստանում որևէ դեպք տեղի չունեցավ՝ չնայած որ բավականին լարված վիճակ էր՝ մի կողմից օտարերկրյա բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, արտասահմանցիներ, մի շարք միջոցառումներ և այլն, իսկ մյուս կողմից ներքին թշնամիներ, ովքեր բացահայտ սպառնում էին զինված պայքարի դուրս գալ ապրիլի 24-ին: Սա նույնպես կանխվեց:

Որոշ ժամանակ Սեֆիլյանն ու իր թիմը կարծես թե մի փոքր հանդարտվել էին՝ անցնելով սոցիալական ցանցերում համակիրների փնտրման գործընթացին: Նրանք բոլոր հնարավոր ձևերով փորձում էին զինված պայքարի կոչերը հասցնել դեպի սփյուռք և այնտեղից մարդկանց ներգրավել, քանի որ ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդ հասկանում է, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել ներքաղաքական զինված պայքարը Հայաստանում: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը նորից փորձ արեց հավաքված մարդկանց շեղել և ծառայեցնել իրենց նպատակներին, սակայն հավաքված մարդկանց ճնշող մեծամասնությունը չտրվեց սադրանքների և նորից ձախողվեցին: Գիտենք, որ այդ օրերին մի շարք մարդիկ շրջում էին ցուցարարների մեջ՝ փորձելով տանել նրանց ոստիկանության հետ բախումների: Բոլորս էլ հիշում ենք, թե հանդուրժողականության ինչ պայմաններում ցույցն ինքնաբերաբեր ցրվեց:

Հաշվի առնելով Սեֆիլյանի թիմի կողմից հնչեցված բազմաթիվ կոչերը՝ անցնել զինված պայքարի, կարծես թե հիմք է տալիս ենթադրել, որ այս ահաբեկչական խումբը կարող էր կապ ունենալ հենց Սեֆիլյանի և վերջինիս թիմի հետ: Այս ամենում մի բանն է հետաքրքիր, թե որտեղից են ֆինանսավորվում Սեֆիլյանն ու իր թիմակիցները: Դեռևս տարեսկզբին www.analitik.am-ն անդրադարձել էր այս հարցին՝ նշելով, որ որոշ տեղեկությունների համաձայն, «Հիմնադիր խորհրդարան»-ը ֆինանսական օգնություն է ստանում արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի , ով ինչպես գիտենք Հայաստանում խոշոր կազմակերպությունների սեփականատերն է՝ այդ թվում Զվարթնոց օդանավակայանի, և մի շարք այլ սփյուռքահայ գործիչների կողմից: Պնդել այս թեզը, բնական է, չենք կարող, սակայն նկատի ունենալ, պետք է: Մի բանն է հուսադրում, որ Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն համապատասխան պատրաստվածությունն ու ուժն ահաբեկչությունները դեռ նախապատրաստման փուլում կանխելու համար: Այս առումով կարելի է ասել, որ մենք եվրոպական մի շարք երկրներից ենք անգամ առաջ անցել, ուստի Սեֆիլյանի և ապակառուցողական մոտեցումներ ունեցող այլ գործիչների համար անհնար է լինելու Հայաստանի և հայերի անվտանգությունը վտանգելով իրենց քաղաքական նպատակներն իրագործելը: Կարելի է նաև վստահաբար ասել, որ իսլամիստներն էլ Հայաստանում գրեթե շանսեր չունեն ահաբեկչություններ իրականացնելու համար:

Նույն շարքից