Գլխավոր Վերլուծական 

Թուրքիան Ռուսաստանի դեմ «ղարաբաղյան ճակատ» է բացու՞մ

analitik.am

Սու-24 ինքնաթիռի կործանումից հետո Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ ծագած կոնֆլիկտը գնալով թեժանում է: Երկու երկրների ղեկավարները շարունակում են փոխանակվել փոխադարձ մեղադրանքներով ու պահանջներով: Հայտարարելով, որ Անկարան չի պատրաստվում ներողություն խնդրել Մոսկվայից, Էրդողանը քննադատության ենթարկեց Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքը:

Միաժամանակ թուրքական ղեկավարությունը հասկացնել տվեց, որ անպատասխան չի թողնելու ոչ այդ քայլը, ոչ էլ Պետդումայում շրջանառության մեջ մտած  Հայոց Ցեղասպանության ճանաչման և քրեականացման օրինագիծը:

Այնուհետեւ արտգործնախարար Չավուշօղլուն  փորձեց  պայքարի նոր ճակատ բացել Ռուսաստանի ու նրա դաշնակից Հայաստանի նկատմամբ:
Ժամանելով Բաքու` նա բանակցություններ վարեց Ադրբեջանի ղեկավարության հետ, իսկ վարչապետ Դավութօղլուն  նոր տոն տվեց՝ հայտարարելով, որ Թուրքիան կգործադրի բոլոր հնարավոր միջոցներն Ադրբեջանից ազատագրված 7 շրջանները ԼՂՀ-ից հետ վերադարձնելու համար: Նման հայտարարությունն Անկարայի կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը միջամտելու որոշակի մեսիջ է պարունակում:
Սակայն որքանո՞վ է արդիական թուրքական կողմի սպառնալիքները:

Նախեւառաջ, հաշվի առնելով Անկարայի ու Երեւանի լարված հարաբերությունները, Մոսկվայում շատ դժվարությամբ կհավատան այս չափազանց նրբանկատ հարցում Թուրքիայի անկողմնապահ մոտեցմանը:
Չմոռանանք նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիան ոտքով ու ձեռքով կապված է ամերիկյան քարկապով ու հրահանգվում է Վաշինգտոնի հրահանգով: Իհարկե, անդրօվկիանյան  «հայրիկի» թիկունքում թաքնվող թուրքերը կարող են ամպագոռգոռ  սպառնալիքներ տեղալ, չարաճճիություններ անել ու թռչկոտել ցանկապատին, սակայն հրահրել պատերազմ տարածաշրջանում՝ ապսուրդի ժանրից է:

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Մինգեչաուրի, Ղազախի ու հարակից հարթավայրային շրջանները, որոնք աչքի են ընկնում բավականին խիտ բնակչությամբ, անմիջականորեն կհայտնվեն հայկական հեռահար հրետանու թիրախում: Եթե հայերն իրագործեն Մինգեչաուրի ջրամբարի վերաբերյալ իրենց սպառնալիքները, ապա Առանի ողջ գոտին՝ ընդհուպ մինչև Բաքու, կարող է հայտնվել ջրի տակ, ինչը կհանգեցնի բնապահպանական մասշտաբային աղետի:

Այս փուլում ԱՄՆ-ը շահագրգռված չէ Հարավային Կովկասում հակամարտության վերսկսմամբ մի շարք պատճառներից ելնելով:

Նախ սիրիական պատերազմում ներքաշված ամերիկացիների դիրքերը էականորեն կթուլանան նոր հակամարտության դեպքում:

Պատերազմի պարագայում հարվածի տակ կհայտնվեն Ադրբեջանում էներգետիկ մի շարք ծրագրեր, որոնցում ներքաշված են ամերիկյան ու օտարերկրյա մի շարք ընկերություններ: Իսկ առաջատար նավթային գիգանտները նման իրավիճակում թույլ չեն տա Ադրբեջանին կամ Թուրքիային պատերազմ հրահրել ու քամուն տալ իրենց միլիարդավոր դոլարները:

Թուրքիան Ռուսաստանից գնում է տարեկան մոտ 30 մլրդ մխ գազ: Եթե հարաբերությունները շարունակեն սրվել, և, ուկրաինական օրինակով, Ռուսաստանն անցնի Թուրքիայի նկատմամբ գազի մատակարարումների դադարեցման մեթոդներին, իսկ պատերազմի դեպքում շարքից հանվի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, ապա Անկարան կարող է կանգնել Էներգետիկ լուրջ խնդիրների առջեւ:
Միայն այս փաստարկները լիովին բավական են տրամաբանական եզրահանգման համար:

Ներկայումս իր հաշվարկներում լիովին ձախողված Թուրքիան իրականում զրկված լինելով Ադրբեջանին բախումների ներքաշելու կարողությունից՝ կշարունակի կախվել փրփուրներից, քանի որ դրանք սպառնալիքներին իրականության իլուզիա տալու նրա միակ հնարավորությունն են:

Նույն շարքից