Գլխավոր Վերլուծական 

Սու-24-ի կործանումը՝ Ռուսաստանի զգոնությունը ստուգելու փորձ

analitik.am

Թուրքիան ռուսական ինքնաթիռը խոցել է Սիրիայի օդային տարածքում, սակայն պաշտոնական Անկարան պնդում է, որ այն վնասազերծվել է Թուրքիայի տերիտորիայում: Եթե նույնիսկ պատկերացնենք, որ ինչ-ինչ պատճառներով Սու-24-ը հատել է սահմանային գոտին, ապա դա պատրվակ չէր հրթիռակոծման համար: Ուրեմն առկա են առավել կարեւոր պատճառներ, որոնք դրդել են թուրքական կողմին նման քայլի գնալու համար:
Բայց եւ այնպես իրականում այժմ առավել ակտուալ է ոչ թե պատճառն, այլ թե ինչպիսի միջոցներով է պատրաստ Ռուսաստանը դիմագրավել այս պրովոկացիայի ակնհայտ ու թաքնված ոգեշնչողներին:

Ակնհայտ է, որ Թուրքիայի հետ պատերազմը նվազ հավանական է, ուստի վերոհիշյալ միջադեպը պետք է ինչ-որ կերպ խաղաղ կարգավորում ստանա: Իդեալական տարբերակ կլինի, եթե կարգավորումը կրի ոչ թե ներելու ու կուլ գնալու, այլ Ռուսաստանի հզորությունն եւս մեկ անգամ արտահայտելու բնույթ:

Բանն այն է, որ ռուսական ռազմական ինքնաթիռի նպատակային կործանումը կարող է նախադրյալներ ստեղծել հետագայում նմանատիպ պրովոկացիաներ հրահրելու համար: Եթե դա մարսվի Թուրքիայի կողմից, ապա ի՞նչ երաշխիքներ կարող են գոյություն ունենալ, որ ապագայում նման փորձարկումների չդիմեն Ուկրաինան ու մերձբալթյան երկրները: Այսպիսով, հանգում ենք մի պարզ եզրահանգտման, որ Սու-24-ի կործանումով փորձ է արվում ստուգել Ռուսաստանի զգոնության ու իրական ռազմական հզորության աստիճանը:

Ուստի հակամարտության խաղաղ կարգավորման գրավական կարող է հանդիսանալ Սիրիայում Ռուսաաստանի կողմից ռազմական ներկայության հետագա ընդլայնումն ու Թուրքիային առավելագույն կորուստներ պատճառելու մարտավարությունը:

Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ակտիվորեն ռմբակոծել Անկարայի դաշնակիցների դիրքերը Սիրիայի սահմանային շրջաններում, ստիպել նրանց փախչել Թուրքիա ու հրաժարվել օտար տերիտորիաներ օկուպացնելու իլյուզիաներից: Երկրի խորքում գտնվող սիրիական ռազմական օդանավակայանների հիմքում կազմավորել նոր ռազմաբազաներ, ակտիվ ռազմական համագործակցություն սկսել քրդերի հետ, տրամադրել նրանց զենք ու սպառազինություն, սիստեմատիկ հրթիռակոծության ենթարկել ԻՊ տարածքից Թուրքիա շարժվող նավթային շարասյունները, դադարեցնել ահաբեկիչների բոլոր մատակարարումները:

Այնուհետեւ հայտարարել, որ Սիրիայի օդային տարածքը խախտելու դեպքում թուրքական բոլոր ինքնաթիռները ենթակա կլինեն ոչնչացման, Սեւ ծովում հաստատել ռուսական ռազմանավերի մշտական պարեկություն՝ նշանառության տակ պահելով Ստամբուլն ու Անկարան:

Եվ վերջապես զգուշացնել Թուրքիային, որ ռուսական նավերի առջեւ նեղուցների միակողմանի փակման պարագայում անցումը կապահովվի ռազմական մեթոդներով:
Պատասխանը պետք է լինի հզոր, որպեսզի ոչ ոք այլեւս չհամարձակվի ստուգել Ռուսաստանի զգոնությունը:

Նույն շարքից