Գլխավոր Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Երեք երկիր հրաժարվել է Հայաստանից գյուղմթերք ներմուծել՝ բարձրացրած աղմուկի պատճառով

analitik.am

Ռուսաստանի դաշնության գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», հունվարի 20-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից Ռուսաստան ներկրվող գյուղատնտեսական ապրանքատեսակների ցանկը: Դրա պատճառը Հայաստանում հայտնաբերված դաբաղ հիվանդությունն է:
Այսուհանդերձ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ մեր երկրում հիվանդ անասունների քանակը շատ չէ, և խուճապի մեջ ընկնելու կարիք չկա, առանց այդ էլ արդեն Ռուսաստանը և էլի երկու երկիր ևս, հրաժարվել են մեր երկրից ներմուծվող որոշակի գյուղատնտեսական արտադրատեսակներից ու մսից. «Ռուսաստանից բացի՝ ևս երկու երկիր արդեն երեկվանից, այս ամենից հետո արգելել են Հայաստանից գյուղմթերքի արտահանումը: Դաբաղ հիվանդության մասին տարածվող ինֆորմացիան ավելի շատ խոչընդոտում է արտահանմանը, քան օգնում է հիվանդության կարխարգելմանը, իսկ տուժում են տնտեսվարողները»,- ասաց Անասնաբուժության տեսչության պետը:

«Արմավիրի մարզի Արազափ համայնքում երեք կենդանու մոտ հաստատվել է դաբաղ տեսակի հիվանդությունը: Ուրիշ դեպքեր առայժմ չեն գրանցվել: Հիվանդությունը բուժում չունի, կա միայն կանխարգելում: Այժմ այդ կանխարգելիչ միջոցառումներն են արվում: Մենք դիմել ենք Ռուսաստանին, որպեսզի մեր երկրին պատվաստանյութ տրամադրեն: Այն նոր պետք է արտադրվի, այդ իսկ պատճառով մոտավորապես մարտ ամսին կհասնի մեզ»,-նշեց բանախոսը:
Ինչպես հայտնի է, դաբաղն օդակաթիլային եղանակով է փոխանցվում մի կենդանի օրգանիզմից մյուսին: Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, այս հիվանդությունը Հայաստան է հասել Թուրքիայից, քանի որ նոյեմբերին այնտեղ դաբաղի շատ դեպքեր են արձանագրվել:
Հովհաննես Մկրտչյանը հավաստիացրեց, որ Գյուղատնտեսության նախարարության 630 անասնաբույժներն այժմ աշխատում են՝ փորձելով արձանագրել դաբաղով հիվանդ կենդանիների տեղակայվածությունը, եթե կան այդպիսիք. «Կան անասնաբուժական տեսչություններ, կան մասնագետներ: Առաջին օրվանից բոլորս ոտքի վրա ենք: Հիվանդությունն աչքով տեսանելի է, այն չտեսնել-անցնելն անհնար է: Գյուղացիները նույնպես շատ լավ գիտեն. նշանները ճանաչում են», - նշեց Հովհաննես Մկրտչյանը:
Analitik-ի այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում կան համապատասխան միջոցներ ու վայրեր հիվանդ կենդանիների սպանդն ու հրկիզումը սահմանված կարգով իրականացնելու համար բանախոսը պատասխանեց.
‹‹Սովորաբար հիվանդ կենդանիներին չեն սպանում բնակելի վայրերում, որպեսզի արյունը չթափվի գետնին և հիվանդությունն ավելի չտարածվի. դա մեծապես կախված է հիվանդության տեսակից: Եթե անհրաժեշտ է, միանշանակ, հատուկ պատմաններում կատարվում է հարկադիր սպանդ, իսկ դիերը հրկիզվում են հատուկ պայմաններում: Մեր երկրում այդ միջոցները կան››, - նշեց մասնագետը:
Երեկ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այս թեմայով խոսելիս նշել էր, որ ազգային ողբերգություն է նման բանի մասին այլ երկրից տեղեկանալը:
Պարոն Մկրտչյանն, անդրադառնալով սրան՝ նշեց. «Եկե՛ք չֆետիշացնենք ու սիրողական մակարդակով վերլուծություններ չանենք: Մենք այլ երկրից չենք տեղեկացել սրա մասին և սա ազգային ողբերգություն չի, ինչպես ոմանք ասում են: Բաբկեն Պիպոյանը չունի մասնագիտական ընդունակություններ, որ վերլուծություն անի նման հարցերի վերաբերյալ: Դրա համար կան մասնագետներ, ովքեր երկար տարիներ սովորել են»:
Ասուլիսի վերջում ԳՆ պաշտոնյան լրագրողներին վստահեցրեց, որ դաբաղի դեպքերը թաքցնելու միտում չի եղել. «Եթե թաքցնեինք, այս դեպքերի էլ կթաքցնեինք: Հայաստանը՝ որպես Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, ունի պարտավորություններ, որոնք պետք է կատարի: Եթե կա լաբարատոր հաստատված դեպք, դա տեղադրվում է իրենց կայքում և բոլոր անդամ երկրները տեղեկանում են, տեսնում են: Այդպես տեղեկացել է նաև Ռուսաստանը: Այնպես որ՝ մենք Ռուսաստանից չենք տեղեկացել այս մասին, ինչպես ոմանք ասում են», - եզրափակեց բանախոսը:

Նույն շարքից