Առողջապահություն 

Մարտի 3-ը՝ ականջի և լսողության առողջության պահպանման միջազգային օր

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ականջի և լսողության առողջության պահպանմանը նվիրված հատուկ օր է սահմանել: Ամեն տարի մարտի 1-ին նշվում է ականջի և լսողության առողջության միջազգային օրը (International Day for Ear and Hearing):

 

Ենթադրվում է, որ այդ օրը տարբեր երկրների բժշկական և կամավորական կազմակերպությունները պետք է լսողության հետ կապված հնարավոր խնդիրների մասին բնակչության տեղեկացվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ անցկացնեն: 

 

Իր հերթին, ԱՀԿ-ն կազմակերպության մեջ մտած երկրներին խոստանում է ականջների հիվանդություններով և լսողության հետ խնդիրներով մարդկանց բուժման և այս հիվանդությունների կանխարգելման ազգային ծրագրերի մշակման ու իրականացման մեջ համապարփակ աջակցություն ցուցաբերել:

 

Ներկա օրերում լսողության կորուստը համարվում է հաշմանդամության ամենատարածված զգայական ձևն աշխարհում: ԱՀԿ տվյալների համաձայն, խլությամբ և լսողության խանգարումով 275 միլիոն մարդ է տառապում: Խլության և լսողության կորստի (լսողության մասնակի կորուստ) հիմնական պատճառները համարվում են ականջի քրոնիկ վարակները, մի շարք հիվանդություններ՝ կարմրախտ, կարմրուկ, խոզուկ, մենինգիտ, ինչպես նաև որոշ դեղերի և շրջակա միջավայրի վնասակար գործոնների՝ առաջին հերթին աղմուկի ազդեցությունը:

 

Բժիշկների կարծիքով խլության և լսողության այլ խանգարումների դեպքերի մոտ կեսը կարելի է կանխել՝ վերացնելով դրանց զարգացման պատճառները: Կանխաարգելիչ միջոցների մեջ ամենից հաճախ նշում են բնակչության իմունիզացիան, մոր և մանկան առողջության պաշտպանությունը, աշխատանքի հիգիենայի ապահովումը:

 

Բացի այդ, բժիշկները ծնողներին խորհուրդներ են տալիս: Մասնավորապես, խորհուրդ է տրվում հետևել, որ կեղտոտ ջուր չլցվի երեխայի ականջի մեջ, չապտակել երեխային՝ հատկապես ականջների շրջանում, երեխաներին սովորեցնել ականջների մեջ օտար առարկաներ չմցնել, անհանգստություն պատճառող որևէ ախտանշանի դեպքում անմիջապես հիվանդանոց դիմել:

Նույն շարքից