Հասարակություն Տնտեսություն 

«Նոր Հալեպ». Ո՞ւր են գումարները և ինչո՞ւ դեռ ոչ մի սիրիահայ բնակարանի համար պայմանագիր չի կնքել

analitik.am

 

2012 թվականին սիրական պատերազմի հետևանքով մեծ թվով սիրիահայեր եկան Հայաստան: Նրանց մի մասը տեղավորվեց  ծանոթ-բարեկամների տներում, մի մասն էլ՝ վարձեց բնակարաններ: Հայաստան գալուն պես նրանք կանգնեցին և այսօր էլ կանգնած են բազմաթիվ խնդիրների առաջ՝ չունեն տուն, դժվար են աշխատանք գտնում, հեռու են իրենց տներից, կյանքն ու միջավայրն այստեղ այլ են:

 

2012-ից սկսած հայրենիք վերդարձած սիրիահայերին աջակցելու նպատակով որոշ ծրագրեր առաջ քաշվեցին: Դրանցից մեկն էլ «Նոր Հալեպ» ծրագիրն է, ըստ որի՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում սիրահայերի համար պետք է կառուցվի բնակելի նոր թաղամաս՝ Նոր Հալեպ անունով: Բայց վերջերս հայկական մամուլում շրջանառվեց, թե ծրագիրը ձախողվել է: Իրականում ի՞նչ փուլում է ծրագիրը ներկա դրությամբ, որքա՞ն ներդրում է կատարվել և ի՞նչ խնդիրներ են առաջացել: Analitik.am-ի հետ զրույցում «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լենա Հալաջյանը ներկայացրեց ծրագրի ողջ ընթացքն ու խոչընդոտները:

 

 

Ինչպե՞ս և ինչի՞ց սկսվեց

 

«2012-ին, երբ մեծ թվով սիրիահայեր եկան Հայաստան, այդ օրերին օրական հարյուրից ավելին այցելում էին ՀՀ սփյուռքի նախարարություն: Այն, փաստորեն, իրենց առաջին հասցեն էր՝ իրենց հուզող հարցերի համար:  Նրանց խնդիրները համակարգելու նպատակով հիմնադրվեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը»:

 

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այդ ժամանակ առաջարկեց հայրենադարձ սիրիահայերի համար նոր թաղամաս կառուցել: Այս առաջարկը ներկայացվեց ՀՀ կառավարությանը՝ ծրագիրն իրականացնելու համար տարածք տրամադրելու հարցով: Կառավարությունն  ընդառաջեց և 3 տարածք առաջարկվեց՝ Էջմիածին, Մասիս և Աշտարակ քաղաքներում: 30 սիրահայերի հետ մենք այցելեցինք այդ տարածքները: Նրանք նախընտրեցին Աշտարակում տրամադրվող տարածքը»,- պատմեց Լ. Հալաջյանը:

 

Դրանից հետո Աշտարակի ավագանին 2013թ հուլիսի 23-ին որոշում  կայացրեց Աշտարակում «Նոր Հալեպ» անվամբ բնակելի թաղամաս հիմնելու և այն կառուցապատելու նպատակով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին 4.8 հա հողամաս անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերելու վերաբերյալ:  Ծրագիրն իրականացնելուն աջակցելու նպատակով բարերար ներդրողների համար բանկում հաշվեհամար  բացվեց այդ ժամանակ: «Դրան զուգահեռ մենք ընդունում էինք այն սիրահայերի դիմումները, որոնք ցանկանում էին բնակարան ձեռք բերել Աշտարակում հատկացվող տարածքում:  Կար դիմումի օրինակելի ձև, որով նրանք ընտրում են տարածաշրջանը,  գումարային ներդրման չափը, տուն, թե՞ բնակարան, քանի սենյականոց: Այս կետերը պարտադիր էին: Եվ նրանց նախօրոք զգուշացվել է, որ բնակարան ձեռք բերելու համար իրենք պետք է որոշակի ներդրում կատարեն, քանի որ պետությունն ու ներդրողները չեն  կարող ամբողջ վճարը իրենց ուսերին վերցնել: Այսինքն՝ բնակարանները նրանց ամբողջովին անվճար չեն տրամադրվելու, և սա սոցիալական բնակարանաշինություն չէ: Մենք ունենք բոլորի դիմումները՝ հատ առ հատ: Դիմումների քանակը մոտ 660 է: Ծրագրի իրականացմանը մասանակցում է ոչ միայն Սփյուռքի նախարարությունը, այլև՝ Քաղաքաշինություն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները»,- ասաց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ղեկավարը:

 Ստորև ներկայացնում ենք մեկ օրինակ սիրիահայերի դիմումներից: Անձնական տվյալները ջնջված են.


 

«Նոր Հալեպ»-ի համար երկու անգամ է ճարտարապետական նախագիծ ներկայացվել

 

Հաջորդ քայլը եղավ կառուցվելիք շենքերի հատակագծերի աշխատանքը: «Քանի որ սկզբում 150 ընտանիք ցանկանում էին բնակարան ձեռք բերել, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը (Պոլիտեխնիկ)՝ ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի գլխավորությամբ, հատակագիծ մշակեց չորս հարկանի շենքերի համար՝ շուրջ 10 բնակելի շենք և մոտ 100 առանձնատուն: Եվ դա անվճար արվեց: Երբ հատակագիծն արդեն պատրաստ էր, ծրագրում ներդրում կատարեց գործարար Հրանտ Վարդանյանը՝ 42 մլն դրամ: Սիրիահայերի շրջանում այս քայլը մեծ ոգևորություն առաջացրեց և բնարական ձեռք բերելու նպատակով դիմողների թիվը մոտ 150-ից միանգամից աճեց մինչև 660-ի: Եվ այնպես ստացվեց, որ Տիգրան Բարսեղյանի ծրագիրն այլևս չէր համապատասխանում 660 դիմորդի համար բնակարան կառուցելուն: Հետևաբար՝ նրա ծրագիրը մի կողմ դրվեց»,- նշեց Լ. Հալաջյանը:

 

Թաղամասի համար ճարտարապետական նոր նախագիծ ստեղծվեց, որի հեղինակները  Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիայի համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյանններն էին: Նրանք ևս դա անվճար արեցին: Այս երկու ծրագրերի միջև հիմնական տարբերությունը առանձնատներն են: Երկրորդի դեպքում դրանք փոխարինվեցին բազմաբնակարան շենքերով: Ըստ երկրորդ նախագծի, 488 բնակարան է նախատեսված՝ 10-ից ավելի շենք, 7 հարկանի, նախատեսված 2 հազ. հոգու համար: Զարդարված և վերջնական տեսքի բերված  բնակարանների քառակուսի մետրը, ըստ նախնական հաշվարկների, կարժենա  500-550 ԱՄՆ դոլար, իսկ դեռ չամբողջացած վիճակում՝ 350-400: 


 «Հավատացեք, եթե այս երկու ծրագրերն անվճար չարվեին, ապա դրանց համար պետք է ընդհանուր 250 հազ. դոլար վճարվեր, բայց, բարեբախտաբար, իրենք դրանք անվճար արեցին»,- ընդգծել Լ. Հալաջյանը:

 

Բարերար ներդրողներ էին հարկավոր

 

«Նոր Հալեպ» ծրագիրն իրականացնելու համար Սփյուռքի նախարարությունը նամակներով, գովազդներով սփյուռքահայերին կոչ արեց մասնակցել ծրագրին, քանի որ սիրիահայերին օգնելը պետք է դառնար համահայկական ծրագիր:

 

Լենա Հալաջյանը «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի» անունից անձամբ 175  նամակ  է ուղարկել աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերին՝ գործարարներին, կայացած հայերին, առաջարկելով թեկուզ չնչին ներդրում կատարել «Նոր Հալեպ» ծրագրում, որպեսզի իրենք կարողանան իրականացնել այն: Նամակաները հայերենով և անգլերենով ուղարկվել են՝ Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա, ԱՄԷ և աշխարհի այլ երկրներ: Ուղարկվել են նաև  հաշվեհամարները, որոնց կարող են փոխանցել գումարները: «Եվ ես՝ որպես կենտրոնի ղեկավար, ծրագրի և իրենց փոխանցած գումարների ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցրել : Սակայն այդ 175  նամակից և ոչ մեկին չարձագանքվեց: Մեկը գոնե չպատասխանեց նամակին՝ թեկուզ մերժման տեսքով: Չեղավ … »,- ասաց  կենտրոնի ղեկավարը:  

 

Ի՞նչն էր պատճառը, որ 175 սփյուռքահայ բիզնեսմեններից և ոչ մեկը չցանկացավ ներդրում կատարել Նոր Հալեպի ծրագրում: «Ես նամակում գրել եմ, որ փոխանցվելիք գումարների պատասխանատվությունը մենք ենք կրում՝ հողը մեր անունով է, հաշվահամարները մեր անունով են, մենք ենք առաջին և վերջին պատասխանատուն: Կան սփյուռքահայեր, որ սրտացավ են հայրենիքի նկատմամբ, բայց այս հարցում մեզ չաջակցեցին, մինչդեռ սիրիահայերի խնդիրը համահայկական ամենահրատապ հարցերից մեկն է»,- նկատեց Լ. Հալաջյանը:

 

Ըստ նրա՝ «Նոր Հալեպ» ծրագրում մինչ այսօր ընդհանուր ներդրվել է մոտ 52 մլն դրամ, որից 42 մլն դրամը՝ Հրանտ Վարդանյանի կողմից: Մնացածը՝ հիմնականում Հայաստանում բնակվող հայեր, կազմակերպություններ և մի քանի սփյուռքահայեր:

 

 

Ոչ մի սիրահայ դեռ պայմանագիր չի կնքել «Նոր Հալեպ»-ում բնակարան ձեռք բերելու համար

 

«Նամակներն ուղարկելուն զուգահեռ մենք հատ առ հատ զանգել ենք բնակարանների համար դիմում լրացրած սիրահայերին և տեղեկացրել ենք, որ ժամանակն է գալ, ներկայանալ գրասենյակ և նոտարական պայմանագիր կնքել: Դա մոտ 3 ամիս առաջ էր: Նոտարական դասական պայմանագրին մենք ավելացրել ենք մեկ կարևոր կետ՝ տվյալ ընտանիքը ցանկացած պահին կարող է հետ պահանջել և առանց վնասի փոխհատուցման հետ ստանալ իր ներդրած գումարը, եթե հանկարծ որոշի, որ հրաժարվում է Նոր Հալեպում բնակարան ձեռք բերելու իր մտադրությունից: Ինչու՞ այս կետը ներառվեց: Որովհետև բոլորի համար ակնհայտ է, որ անվստահություն կա և վախ, որ իրենց ներդրած գումարը կկորի: Նոտարական պայմանագիր կնքելու ժամանակ էլ նրանք պետք է կատարեին իրենց ստանձնած վճարման մի մասը: Բայց մինչև այսօր դիմողներից ոչ մեկը նոտարական պայմանագիր չի կնքել: Փաստացի, մենք ունենք մոտ 660 դիմող, բայց նրանցից ոչ մեկը պայմանագիր չի կնքել, գումարը չի վճարել: Կառավարությունն այսօր մեզ ասում է՝ քանի՞ պայմանագիր ունեք կնքած: Եվ ես անգամ մեկ պայմանագիր չունեմ, որ տանեմ, ասեմ՝ կա պայմանագիր, բայց գումար չկա, խնդրում եմ դուք ներդրում կատարեք»,- իր մտահոգությունը հայտնեց Լ. Հալաջյանը:

 

Իսկ թե ինչու սիրիահայերը պայմանագիր չեն կնքել և հետո չեն հետաքրքրվել «Նոր Հալեպ»-ով, կան տարբեր պատճառներ: Դեռևս մեկ ամիս առաջ մեզ հետ զրույցում նրանցից մի քանիսը նշել են հետևյալ պատճառները՝ Աշտարակը Երևանից հեռու և Երևանում աշխատողի համար մեծ ծախսեր է առաջացնում, դիմում գրելիս անհրաժեշտ գումարն ունեցել են, իսկ երբ հերթը հասել է պայմանագրին, իրենց խնայողությունները ծախսած են եղել, գիտեն, որ ներդրողներ չկան, ուստի՝ շահագրգռված չեն, աշխատանք չունեն և վերջապես՝ հույս ունեն, որ Սիրիայում իրավիճակը կհանդրատվի, կվերադառնան իրենց տները՝ կամ այնտեղ կշարունակեն ապրել, կամ իրենց ունեցվածքը կվառաճեն, որ այստեղ կարողանան տուն գնել:

 

 

Լենա Հալաջյանը «Նոր Հալեպ»-ը ձախողված չի համարում

 

Այնուամենայնիվ, Նոր Հալեպի կառուցման ծրագիրը նա ձախողված չի համարում: Ծրագիրը հիմա ժամանակավոր դադարի փուլում է, բայց ավարտված չէ: «Մենք դեռ հուսով ենք, որ ներդրումներ կլինեն:  Իսկ եթե դիմողներից մեկն այսօր պատրաստակամություն  հայտնի վճարել նախապես պահանջվելիք գումարը և պայմանագիր կնքվի, ապա նա պետք է սպասի, որ ներդրում կատարվի: Հիմա Նոր Հալեպում միայն տափակ հողն է, շինարարական ոչ մի աշխատանք չի կատարվել: Ծրագրի վերականգման հույսը հիմա ներդրումներն են ու պայմանագիր կնքողները»,-  ասաց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ղեկավարը:

 

Ըստ նրա՝ ներդրված մոտ 52 մլն դրամից 135 հազ. դրամը վճարվել է կադաստրային քարտեզավորման համար, 10 մլն 60 հազ. դրամը՝ երկրաբանական աշխատանքների համար, իսկ մնացած գումարը «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ում գտնվող հաշվեհամարի վրա է՝ մոտ 41 մլն դրամ: «Եղածով մեկ շենք անգամ հնարավոր չէ կառուցել: Եթե գոնե մեկ շենք կառուցեինք, ապա  մոտ 30 ընտանիք այնտեղ կտեղավորվեր: Պարտադիր չէ միանգամից ամբողջ թաղամասը կառուցվի: Դրա համար գործնականում երկար ժամանակ է պահանջվում: Հարկավոր է, որ այդ թաղամասը կառուցվի աստիճանաբար՝ շենք առ շենք»,- նշել Լ. Հալաջյանը:

 

Նա հավելեց, որ նկատում է, թե ինչպես են սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր, կարծես թե, ուրախանում, որ Նոր Հալեպը կառուցելու ծրագիրը խոչընդոտների առաջ է կանգնած: Նրանք դա վերագրում են ձախողման և քննադատող մեկնաբանություններով հանդես գալիս: Մինչդեռ սա այն հարցն է, որի շուրջ, ըստ Լ. Հալաջյանի, պետք է բոլորն էլ համախմբվեն և իրենց ներդրումն ունենան, քանի որ հարցը վերաբերում է հայրենիք վերադարձած սիրիահայերին, որոնք այսօր  խնդիրների առաջ են կանգնած:

 

 

Սիրիահայերը Դավիթաշենում  են շենք  կառուցում

 

Մոտ մեկ ամիս առաջ հայտարարվեց, որ  Երևանի քաղաքապետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել բնակելի շենքի համար տրամադրել հողատարածք` Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում: Ինչպես երևում է՝  աիրահայերն այս առաջարկը հավանել են: Նրանք համատեղ մասնակցում են Դավիթաշենում կառուցվող շենքի շինարարությանը, որն ընթացքի մեջ է: Բնակարանների գներն էլ, ըստ նրանց, համապատասխանում է Աշտարակում պլանավորված շենքերի գներին՝ ըստ նախնական հաշվարկների:

 

 

Սեդա Հերգնյան

 

 

Նույն շարքից