Բիզնես Գլխավոր Տնտեսություն 

Ի՞նչ առավելություններ է ունենալու հարկային օրենսգիրքը

analitik.am

Հայաստանի գործարար միջավայրում կա հաշվապահի արած աշխատանքի թերագնահատում, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, նշելով, որ հենց գործը հասնում է հաշավապահությանը, գործարարները մտածում են, որ «դե մեկին կասենք կանի»:

«Հաշվապահի որակից անմիջականորեն կախված է բիզնեսի որակը: Հայաստանում գործող 72 հազար տնտեսվարող սուբյեկտներից կարելի է 71 հազարին դասակարգել որպես ՓՄՁ-ներ, որոնք չունեն ֆինանսական հաշվետվությունների ֆինանսական միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ, ինչը կարգավորելու համար էլ ստեղծվեց մեր ասոցացիան»,- ասաց բանախոսը հավելելով, որ իրենք ունեն 3 խնդիր՝ կրթություն, որակավորում և վերահսկողություն:

«Այս պահին ՀՀ-ն չունի Հարկային օրենսգիրք, Հայաստանում առկա են հարկային օրենքներ և օրենսդրական ակտեր, արդյունքում ստացվում է, որ կա իրավական դաշտը կարգավորող խաղի կանոններ, որոնք շատ մեծ ցրվածություն ունեն, առաջին հերթին տարբեր հարկատեսակների մասին օրենքները, որոնց ժամանակի ընթացքում տրվել են կետային լուծումներ՝ փոխաբերական իմաստով ասած կարկատաններ են արվել և ստացվում է, որ ունենք մեծ համակարգ, բայց ոչ համակարգված»,-ասաց Համբարձումյանը:

Հարկային օրենսգրքի հիմնական առավելությունն այն է, որ այստեղ ամեն ինչ համակարգված է և կետային լուծումները վերացված են, կոռուպցիոն ռիսկերը նույնպես նվազեցված են:

«Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ կապված շատ կարևոր առաջընթացային քայլ եղավ, երբ ամբողջական փաստաթղթային շփումը տեղափոխվեց էլեկտրոնային միջավայր, ֆիզիկական շփումը վերացվեց, ողջունելի է նաև մեկ հաշվի գաղափարի ներդրումը, որն իրենից ներկայացնում է այն, որ առանձին հարկատեսակներով չկա հաշվեհամարներ, գոյություն ունի մեկ ընդահնուր բյուջետային հաշվեհամար, որով էլ վճարումը կատարում են և այդ հաշիվը պետական բյուջե չի մուտքագրվում, քանի դեռ իր հաշվարկով կամ հարկային մարմնի կողմից կազմված ակտ չի առաջացել, որը կվերացնի չարաբաստիկ գերավճարների երևույթը»,-ասաց բանախոսը:

Նոր հարկային օրենսգիրքը նաև կանխարգելիչ բնույթ ունի՝ հնարավոր է ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ հարկ վճարողը տեղյակ չլինելու պատճառով հնարավորինս քիչ պատասխանատվության ենթարկվի, ծանուցմամբ տեղյակ պահվի:

Անդրադառնալով Ֆինանսների նախարարությունից Պետեկամուտների կոմիտեի առանձնացման հարցին, բանախոսը նշեց, որ ինքը որպես հասարակության ներկայացուցիչ գնահատական չի կարող տալ այդ հարցում, սակայն ըստ էության, այս փոփոխությունը էական ազդեցություն չի ունենա հարկ վճարողի վրա, քանի որ ինչ տարբերություն հարկերը ՊԵԿ-ին, թե Ֆինանսների նախարարությանը կվճարի:

Նույն շարքից