Իրավական 

Էս ո՞վ են սրանք, արա՛. փաստաբանն ասաց՝ կարո՞ղ է մի հատ էլ հղիանամ ձեր համար

analitik.am

Փաստաբան Լուսինե Սահակյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի գործով Փաստաբանների պալատի խորհրդի նիստը երեկ անցավ լարված մթնոլորտում:

Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել 2015թ. դեկտեմբերի 7-ին՝ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ: Վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել այն, որ 2015թ. նոյեմբերի 30-ին մեկ այլ կարգապահական գործով նշանակված է եղել խորհրդի նիստ, որի ժամանակ տարաձայնություններ են առաջացել խորհրդի անդամ Մարտուն Փանոսյանի եւ փաստաբան Լուսինե Սահակյանի միջեւ: Ըստ դիմող Փանոսյանի՝ 2015 թ. նոյեմբերի 30-ին խորհրդի նիստի ժամանակ Սահակյանը խորհրդի հասցեին հնչեցրել է «էս ովքե՞ր են սրանք, արա» արտահայտությունը եւ լքել դահլիճը, որից հետո ինքը դուրս է եկել Սահակյանից պարզաբանումներ ստանալու նպատակով, եւ իրենց միջեւ ծագել է վեճ: Ի դեպ, դիմող Փանոսյանը երեկվա նիստին չէր մասնակցում:

Նիստը սկսվելուն պես խորհրդի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ինքնաբացարկ հայտնեց՝ նշելով, որ ինքը ներկա է եղել խորհրդի նիստին, հետեւապես գտնում է, որ չի կարող մասնակցել քննարկմանը: Ինքնաբացարկ էր հայտնել նաեւ խորհրդի մյուս անդամ Երվանդ Վարոսյանը. նա նիստին չէր մասնակցում եւ  ինքնաբացարկի վերաբերյալ գրավոր դիմում էր ներկայացրել:

Լուսինե Սահակյանը բացարկ հայտնեց խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանին, Կարեն Մեժլումյանին, Տիգրան Խուրշուդյանին, Նելլի Հարությունյանին, Կարապետ Աղաջանյանին, Սիմոն Բաբայանին եւ Ալեքսանդր Սիրունյանին՝ հետեւյալ պատճառաբանությամբ. «Կարգապահական վարույթ նշանակելու հարցի քննարկմանը եւ քվեարկությանը չի կարող մասնակցել պալատի խորհրդի այն անդամը, որն առնչվում է օրակարգով քննարկման դրված հարցին եւ դրանով հանդիսանում է շահագրգիռ անձ: Նշված օրը, ըստ կարգապահական նյութերի՝ նիստերի դահլիճում են գտնվել խորհրդի անդամներ Մելանյա Առուստամյանը, Կարեն Մեժլումյանը, Տիգրան Խուրշուդյանը, Նելլի Հարությունյանը, Կարապետ Աղաջանյանը, Սիմոն Բաբայանը, Ալեքսանդր Սիրունյանը: Այս առումով ակնհայտ է, որ նշված անձինք միանշանակ առնչվում են սույն կարգապահական գործին եւ հանդիսանում են շահագրգիռ անձ»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ նշված անձինք  նաեւ վկաներ են, ուստի նրանց հրավիրում է հարցաքննության: Բացարկի միջնորդությունը ներկայացնելուց հետո խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը Սահակյանին հարցրեց. «Դուք գտնում եք, ընդհանրապես Փաստաբանների պալատի խորհուրդը այն տե՞ղն է, որտեղ փաստաբանները կարող են գալ, վիրավորել եւ եթե դա տեղի է ունեցել, խորհուրդը չի՞ կարող այդ գործը քննել»: Ի պատասխան՝  Սահակյանն ասաց. «Իսկ դուք արդեն գտնում եք, որ փաստաբանները իրար վիրավորե՞լ են»: Մեժլումյանն  ասաց, որ ինքը երեւույթի մասին է խոսում, Սահակյանն էլ հիշեցրեց. «Դուք ասում եք՝ փաստաբանները կարող են գալ, իրար վիրավորել, դուք արդեն գտնում եք, որ փաստաբաններն իրար վիրավորե՞լ են: Ես բացարկ եմ ներկայացրել օրենքին հղում տալով եւ դուք իրավունք չունեք այստեղ գտնվելու»:

Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշ անդամների բացարկի հարցը քննելու եւ վերադառնալով՝ մերժեց Լուսինե Սահակյանի միջնորդությունը: Վկաներ հրավիրելու մասով  նրա միջնորդությունը բավարարվեց մասնակի: Սույն գործով որպես վկա կհարցաքննվեն Լիպարիտ Սիմոնյանը եւ Ալեքսանդր Սիրունյանը: Պատասխանող Լուսինե Սահակյանը խորհրդի նախագահից խնդրեց պատճառաբանություն ներկայացնել՝ հասկանալու, թե ինչու է միջնորդությունը մասնակի բավարարվել: Կարեն Սարդարյանը նշեց. «Խորհրդի աշխատանքի կազմալուծումը թույլ չտալու համար»: Անդրադառնալով խորհրդի որոշմանը, Լուսինե Սահակյանն ասաց. «Ինձ համար խիստ զարմանալի չի, իհարկե, որ խորհուրդը ապօրինի որոշումներ է կայացնում հատկապես այս կազմով: Բնական է, որ դուք հերթական անգամ իմ իրավունքները խախտել եք, որովհետեւ ես իրավունք ունեմ վկաներ հրավիրելու, եւ իրենք չպետք է որոշեն՝ գան, թե ոչ»:

Խորհրդի նիստը նախագահող Կարեն Սարդարյանը հրապարակեց դիմող Մարտուն Փանոսյանի բացատրությունը, որն ընթերցելիս ծիծաղ առաջացրեց նիստի մասնակիցների, խորհրդի անդամների մեջ:  «Լուսինե Սահակյանը նախ խորհրդի հասցեին հնչեցրեց, «Էս ով են սրանք, արա»  արտահայտությունը, այնուհետեւ լքեց նիստերի դահլիճը: Նշված արտահայտությունը հնչեցվեց ոչ այնքան բարձր ձայնով, սակայն ես հստակ լսեցի այդ արտահայտությունը, քանի որ նստած էի անմիջապես Լուսինե Սահակյանի կողքին: Լուսինե Սահակյանը լքեց նիստերի դահլիճը, ես գնացի նրա հետեւից: Երբ խնդրեցի Լուսինե Սահակյանին՝ հայտնել, թե ում է նկատի ունեցել «Էս ովքեր են սրանք, արա» ասելիս եւ խնդրեցի, որ այսուհետ նման ձեւով չխոսի խորհրդի անդամի կամ անդամների հետ, նա բորբոքվեց, սկսեց ինձ վիրավորել՝ ինձ ուղղելով հետեւյալ արտահայտությունները. «Ռադդ քաշի», «դավայ եղար ստեղից՝» «լակոտ», «անասուն» եւ այլն...: Եթե Լուսինե Սահակյանը չլիներ խորհրդի անդամ, ապա միգուցե այս հարցի կարգավորումը տեսնեի նրան արհամարհելու մեջ, սակայն որպես խորհրդի անդամ նա պարտավոր է իրեն կոռեկտ պահել: Նույնիսկ մտածում էի ամուսնուն՝ Արգիշտի Կիվիրյանին տեղեկացնել նրա կնոջ վարքագծի մասին, սակայն ինչպես համոզվեցի, դա անիմաստ կլիներ: Իմ եւ իր ամուսին՝ Արգիշտի Կիվիրյանի ներկայությամբ խորհրդի անդամ Լուսինե Սահակյանը առանց ամաչելու խորհրդի նիստի ժամանակ այնպիսի արտահայտություններ էր թույլ տալիս, ինչպես ՝ ում միջոցով եք խորհրդի որոշումը պալատ ուղարկել, պատասխանեց՝ նորածին երեխայիս, կամ հայտնեց՝ կարող է ձեր համար մի հատ էլ պետք է հղիանամ եւ ծննդաբերեմ եւ այլն»:

Մանրամասն՝ Armtimes.com

Նույն շարքից