Գլխավոր Ռազմական 

Ալիևը միլիարդավոր դոլարներ ունի ու կարող է դրանք կորցնել պարտության դեպքում. Քաղաքագետ

analitik.am

«1994 թվականից հետո մենք միշտ էլ սպասել ենք, որ ինչ-որ պահի ադրբեջանական կողմը կարող է ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք մենք տեսանք վերջին օրերի ընթացքում, քանի որ գոյություն ունեցող ստատուս-քվոն շահեկան չէ Բաքվին, ինչի մասին անընդհատ խոսվում է այդ երկրում»,-այսօր՝ ապրիլի 8-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ հավելելով, որ այս ընթացքում Ադրբեջանը նավթադոլարների հաշվին ուժեղացնում էր իր բանակը, որպեսզի պատերազմ սկսի ու փոխի գոյություն ունեցող իրավիճակը:

Քաղաքագետի խոսքերով, Բաքվում լավ հասկանում էին, որ վեջին 20 տարիներին ընթացող բանակցությունների հիմքում դրված է 94 թվականի պայմանագիրը, որը շահեկան է մեզ համար. «Այն ժամանակ մենք ջախջախիչ հարված հասցրեցինք Ադրբեջանին: Այսօր Բաքուն հասկանում է, որ նոր պատերազմ պետք է սկսի և որոշակի հաջողություններ ունենալու դեպքում դրանք օգտագործի բանակցային գործընթացում: Մենք տեսնում էինք սա... Հնարավոր է այնքան ակտուալ շեշտադրում չկար քաղաքական շրջանակների կողմից, բայց Ադրբեջանը միշտ էլ խոսել է իր պլանների մասին»:

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու հենց այս պահին, ապա ասեմ հետևյալը՝ մինչև վերջերս Բաքուն կարողանում էր նավթի հաշվին ապրել, զենք ու զինամթերք գնել, ուժեղացնել իր բանակը, ժողովդրի մոտ դժգոհություններ չկային: Այնտեղ վստահ էին, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին, քանի որ նավթը վաճառվում էր, երկիրը ուժեղանում: Սակայն մենք տեսանք, թե ինչ կատարվեց նավթի հետ, որն ապահովում է Ադրբեջանի պետական բյուջեի 90 տոկոսը: Արդյունքում Ադրբեջանում բավականին ծանր իրավիճակ ստեղծվեց: Դրան հաջորդեց այն, որ Ալիևը փակեց բոլոր այն կառույցները, որոնք կարող էին կապիտալիզացնել այդ դժգոհությունները, խոսքը մասնավորապես վերաբերում է Ազատություն ռադիոկայանին, Սորոսի հիմնադրամին և այլն»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ Արևմուտքը չէր կարող այս ամենի վրա աչք փակել և հիշեցնելով Կոնգրեսում հայտնված այն նախագծի մասին, որով առաջարկվում էր պատժամիջոցներ կիրառել Ալիևի և վերջինիս շրջապատի նկատմամբ, ինչը կարմիր քարտ էր:

Այսպիսով, քաղաքագետի կարծիքով, Ալիևը հայտնվեց շատ վատ վիճակում և ստիպված էր զիջումների գնալ. «Օբամայից ԱՄՆ մեկնելու հրավեր ստանալու համար նա ստիպված եղավ 150 քաղբանտարկյալի ազատ արձակել: Դա անհրաժեշտ էր ԱՄՆ-ի հետ նորմալ երկխոսություն սկսելու համար: Սակայն պետք չէ մոռանալ, որ 150 բանտարկյալ ազատ արձակելն անվտանգ չէ: Սա հասկանում էր նաև Ալիևը, ով փոքրիկ հաղթանակ ունենալու համար որոշեց հարձակվել: Սակայն մեծ պատերազմ չի լինի, քանի որ Ալիևը միլիարդավոր դոլարներ ունի ու կարող է դրանք կորցնել պարտության դեպքում, դրա համար էլ նա նման ռիսկի գնալ չի կարող: Ալիևի նման մարդկանց պատերազմի իմիտացիա է պետք սեփական ժողովրդին զսպելու համար, ինչն էլ արվեց:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ասեմ, որ այդ երկրների Գլխավոր շտաբերն աշխատում են միասին, սակայն պատերազմի մասին քաղաքական որոշումը կայացնում է Իլհամ Ալիևը և վերջինիս շրջապատը: Համոզված եմ, որ որոշումը կայացվել է հենց Ադրբեջանի կողմից: Իհարկե Անկարան քաղաքական և ռազմական աջակցություն ցուցաբերել է, սակայն, չի կարող բացահայտ ներքաշվել մարտական գործողությունների մեջ, քանի որ Ռուսաստանը դա անպատասխան չի թողնի»:

Նույն շարքից