Հայաստան Ռազմական Քաղաքականություն 

Հայաստանի միակ փրկությունը սեփական անվտանգության համակարգը ստեղծելն է. քաղաքագետ

analitik.am

«Մենք հույսներս պետք է դնենք մեր վրա, քանի որ չունենք այնպիսի դաշնակից, ինչպիսին մենք ենք պատկերացնում»,-այսօր՝ ապրիլի 8-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է ռուսական վահանն ապահով Հայաստանի համար, եթե հաշվի առնենք Մոսկվայի վերջին օրերի վարքը:

Նրա խոսքով, այսօր Ադրբեջանն` ի դեմս Թուրքիայի, ունի հովանավոր, իսկ մենք չունենք: Մենք, ըստ Բոզոյանի, պետք է լինենք ուժեղ, հակառակ դեպքում մեզ կզոհաբերեն. «Հիշեք Գարեգին Նժդեհի պատգամը, որ մենք հույսներս մեր վրա պետք է դնենք: Ռուսաստանը մեզ պաշտպանում է Թուրքիայից, բայց ոչ Ադրբեջանից: Բանն այն է, որ Ռուսաստանը չի ցանկանում հակամարտության մեջ մտնել Ադրբեջանի հետ, ինչը Մոսկվային պետք չէ: Այսօր, Ռուսաստանն առանց այդ էլ շատերի հետ է հակամարտության մեջ և այլևս չունի ռեսուրս նոր ճակատի համար: Մենք պետք է կարողանանք ինքնուրույն պաշտպանվել Ադրբեջանից, հակառակ դեպքում Հայաստանը կարելի է համարել ոչ ինքնաբավ պետություն, որը հովանավորի պահանջ ունի, իսկ այդ հովանավորն ավելի շատ պահանջներ է ներկայացնելու»:

Քաղաքագետի խոսքով` այսօր Հայաստանը մի շատ լուրջ խնդիր ունի լուծելու, խոսքը վերաբերում է սեփական անվտանգության համակարգը ստեղծելուն. «Ես չեմ կարծում, թե մեր քաղաքական վերնախավը դրել է նման խնդիր, իսկ ժողովուրդն ապրում է կենցաղային արժեհամակարգով՝ մտածելով, որ ինչ-որ մեկը պաշտպանելու է մեզ»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե որտեղ է եղել բացթողումը, բանախոսն ասաց, որ մենք հետևություններ չենք անում մեր պատմությունից. «Մեր հույսն ուրիշի վրա դնելու պատճառով մի անգամ տուժեցինք ցեղասպանության ժամանակ, մի անգամ՝ 1920 թվականին, երբ 60 հազար քռ/կմ տարածք ունեցող Հայաստանից թողեցինք ընդամենը 30 հազար քռ/կմ տարածքով երկիր: Մենք պետք է իմանանք մեր պատմությունը, պետք է հույսներս մեր վրա դնենք ու փրկություն չփնտրենք այլ տեղերում»:

Լրագրողներից մեկի այn դիտարկմանը, թե ինչու է դաշնակից Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին, իսկ Երևանը զենք չի գնում, Բոզոյանը նախ ասաց, որ հայկական կողմը չի կարող ազդել Ռուսաստանի որոշման վրա. «Ադրբեջանն այսօր մեծ քանակությամբ զենք գնելու հնարավորություն ունի, իսկ Հայաստանը նույն զենքը կարող է գնել ավելի լավ գնով, սակայն ես չգիտեմ՝ հայկական կողմը նման ցանկով դիմե՞լ է Ռուսաստանին, թե՞ ոչ: Այսօր Հայաստանում ավելի շատ գերժամանակակից ավտոմեքենա կա, քան՝ Հունաստանում: Այնինչ մենք 94 թվականից հետո պետք է մտածեինք սեփական անվտանգության համակարգը ստեղծելու մասին: Արժեհամակարգը, որում մենք ապրում ենք, ապագա չունի»:

Նույն շարքից