Հասարակություն 

Սևանը չի հորատվի անգամ եթե Քուվեյթի պաշարների չափ նավթ գտնվի. բնապահպաններ

analitik.am

Եթե Սևանա լճում հայտնաբերվեն նույնիսկ Քուվեյթի նավթի ծավալների չափ պաշարներ, ոչ ոք թույլ չի տալու Գեղարքունիքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնող «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ին հորատումներ իրականացնել: Այսօր «Սևանա լճում գազի և նավթի պաշարների ուսումնասիրության հարցը. բնապահպանական ռիսկեր» թեմայով քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության պետ Վարդան Վարդանյանը, ում վստահությունը բնապահպանները, մեղմ ասած, չեն կիսում:



«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը հայտարարեց, որ ո՛չ պետական մարմինների բոլոր հավաստիացումներն են հույս ներշնչում, ո՛չ էլ այն, որ կա «Սևանի մասին օրենք»:



«Ասում եք՝ օրենքը մեզ չի թույլ տալիս, օրենքը թո՞ւյլ է տալիս, որ Արաքսի  գետաբերանից այնքան ավազ հանենք, որ Արաքսը գա դեպի Հայաստան,  և մենք տարածք նվիրենք Թուրքիային: Ո՛չ:  Բայց պարզվում է՝ տարիներ ի վեր դա անում ենք»,-հայտարարեց Կարինե Դանիելյանը և ավելացրեց, որ օրենքը թույլ չի տալիս նաև Սևանում բացասական բալանս, բայց այն հիմա կա:

 

 

Կարինե Դանիելյանը չի հավատում նաև, որ «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ն հենց այնպես՝ «գիտության» համար է այդքան գումարներ ծախսում:



Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ 4-րդ, 5-րդ և 6-րդ պայմանական տարածքներում նավթի և գազի երկրաբանական հետախուզական աշխատանքների նախնական գնահատման հայտին, և պայմանագիրն էլ օրերս կհետաձգվի ևս երկու տարով։ Այսուհանդերձ, թե՛ Բնապահպանության, թե՛ Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներն այսօր պնդում էին, որ հորատման թույլտվություն չկա: Ի տարբերություն, Վարդան Վարդանյանի, ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը ավելի զգուշավոր էր այս հեռանկարը բացառելու հարցում և օգտագործում էր «դեռևս» բառը:

 


«Իրավական դաշտի առումով՝ նավթի և գազ ի արդյունահանման նպատակով  հորատման աշխատանքներն արդեն ուսումնասիրություն չեն,  դա արդեն ընդերքի շահագործում է, որը, բնականաբար, պետք է լինի նախագծով և անցնի հանրային լսումներ:  Որ իրենք կծակեն (կհորատեն), դա իրենց որոշելիքը չէ: Եվ եթե Քուվեյթի պաշարներն էլ Սևանա լճի տարածքում լինեն, մեկ է՝ ոչ ոք դա չի թողնի»,- հայտարարեց Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Վարդան Վարդանյանը՝ պատասխանելով Կարինե Դանիելյանի և «Բնապահպանական դաշինք»-ի ներկայացուցիչ Սիլվա Ադամյանի հարցին, թե եթե նման նպատակ չկա, ուրեմն ինչո՞ւ է ընկերությունը նման ծախսերի գնում։

 

Նա անգամ վիրավորվեց, որ իրեն դիտարկում են որպես մարդ, ով չի հասկանում խնդրի ողջ լրջությունը և հայտարարեց, որ 2009-2010 թթ. առաջին ինքն է եղել, որ նշված ընկերության ներկայացուցչին տարել է երջանկահիշատակ Վլադիմիր Մովսիսյանի մոտ, որ «բացատրենք, որ Սևանից հեռու մնացեք»:

 

Բնապահպանները նորից իրենց էին պնդում, և Կարինե Դանիելյանը բացատրեց, թե ինչու. ՀՀ անկախության տարիները ցույց են տվել, որ Հայաստանի ընդերքօգտագործման հարցում հասարակության և իշխանության տեսակետները ոչ միայն տարբեր են, այլև կոնֆլիկտի մեջ են:

 

Ըստ նրա՝ դրանում ևս մեկ անգամ համոզվել են ԵՄ-ի և ՄԱԿ-ի աջակցությամբ ծրագիր իրականացնելով, երբ ընդհանուր հայտարարի չեն եկել հենց ընդերքօգտագործման հարցում: Այսինքն՝ իշխանությունը, ըստ Կարինե Դանիելյանի, գտնում է, որ սա զարգացման ճանապարհն է, հանրությունը գտնում է, որ սրանով «հիմքից կտրվում է Հայաստանի բնությունը»:

 

«Սա նաև հարվածում է մյուս ճյուղերին՝ գյուղատնտեսությունը, տուրիզմին, հանրության առողջությանը»,-ավելացրեց Կարինե Դանիելյանը:

 

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, պատասխանելով նախարարության աշխատակիցների պնդումներին, որ հորատման որևէ աշխատանքների մասին խոսք չկա, նկատեց, որ երբ «Օրհուս» կենտրոնների հետ բնապահպանները կազմակերպել էին հանդիպում, որին ներկա են եղել նաև նշված ընկերության ներկայացուցիչները, բնապահպանների հարցերին, թե որոնումներն ինչ փուլի են հասնելու, նրանք ասել են, որ եթե նավթ ու գազ գտնվի, ապա հորատման աշխատանքներ կարվեն:

Սիլվա Ադամյանն էլ հայտարարեց, որ չի հավատում, որ ընկերությունը նման ծախսեր է անում հենց այնպես և հայտնաբերելուց հետո այդ քայլին չի գնա:

 

 

«Որ հորատում կանեն, դա մենք չենք ասում, սա ասում է կոմպանիայի ներկայացուցիչը, որն  իրեն զատում էր Հանրապետությունից, ասես մի այլ մոլորակից էր եկել,  կարծես հայ չէր  և ասում էր`«դուք, դուք»,-ասաց Սիլվա Ադամյանը:

 

 

Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի՝ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն էլ հայտարարեց, որ «դեռևս» բառը իրեն ոչ մի վստահություն չի ներշնչում. «Տպավորություն է, որ ինքներդ էլ դեռևս համոզված չեք, որ այդ հետախուզական աշխատանքները չեն ավարտվելու հորատանցումով»:

 

Ըստ գիտնականի՝ հետազոտական աշխատանքները  պետք է կանխվեին հենց սկզբից։ Նա, նախարարություններին առաջարկելով ավելի հետևողական ու սկզբունքային լինել Հայաստանի բնությունը պաշտպանելու հարցում, ավելացրեց, որ մեկ լիտր նավթը կարող է որակազրկել   40 000 լիտր ջուր:

 

 

«Այսօր  Սևանը ռազմավարական նշանակության լիճ է, և նման կազմակերպություններին  անգամ պետք չէր  մոտ թողնել: Եվ ես վստահ չեմ, որ լավագույն պատառ փախցնելու համար ճնշում չի գործադրվի այդ հորատումը անելու համար»,-հայտարարեց Էվելինա Ղուկասյանը:

Նույն շարքից