Քաղաքականություն 

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ անցավ

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խորհրդարան 93 կողմ, 2 դեմ և  7 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը:

Երեկ նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյան նշել է, որ որ նախագծի մշակման նպատակով այս տարվա հունվարից ձեւավորվել էր աշխատանքային խումբ: Պարոն Սահակյանը տեղեկացրել է, որ մինչ գլխադասային հանձնաժողովում քննարկվելը, օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ պատգամավորների հետ. նրանք ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնց հիման վրա փաստաթուղթը համալրվել է: Նախագծի հիմքում բացառապես նոր Սահմանադրության դրույթներն են:

Հիմնական զեկուցողը ներկայացրել է օրենքի նախագծի հիմնադրույթները: Ըստ կանոնակարգի՝ ԱԺ մարմիններն են պատգամավորները, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, հանձնաժողովները եւ ԱԺ խորհուրդը:

Պարոն Սահակյանը ներկայացրել է հերթական նստաշրջանների գումարման կարգը: Հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը կգումարվեն երկուշաբթիից հինգշաբթի, իսկ մյուս նիստերը՝ երեք շաբաթը մեկ անգամ՝ երեքշաբթիից ուրբաթ: Հերթական նստաշրջանի վերջին շաբաթվա հերթական նիստերը կավարտվեն հինգշաբթի օրը: Երկուշաբթի օրը նիստեր կգումարի ԱԺ խորհուրդը, որտեղ կձեւավորվեն օրակարգը եվ հարցերի քննարկման ժամանակացույցը: Երեքշաբթի օրը՝ ժամը 10:00-ից մինչեւ 18:00 տեղի կունենան հերթական նիստերը: Հերթական նիստերի յուրաքանչյուր օրը տեղի կունենա չորս հիմնական նիստ: Օրակարգային հարցերի քննարկումը չավարտվելու դեպքում հերթական նիստերը կշարունակվեն մինչեւ դրանց քննարկումն ավարտելը, սակայն ոչ ավելի, քան երեք օր: Նրա գնահատմամբ՝ նման ճկուն համակարգ են կիրառել, որ օրակարգում կուտակումներ եւ չսպառված հարցեր չլինեն եւ օրենսդրական նախաձեռնություններն իրացնելու հնարավորություն տրվի պատգամավորներին:

Հովհաննես Սահակյանն ԱԺ գործունեությունը երկու մասի է բաժանել՝ օրենսդրական եւ քաղաքական- վերահսկողական: Օրենսդրական գործունեության մեջ սահմանվում են ընթացակարգեր, օրենքների երկու ընթերցում, երրորդ ընթերցում կարող է լինել, երբ հեղինակը կդիմի ԱԺ-ին եւ օրենքի նախագծի քննարկումը կհետաձգվի խմբագրման նպատակով:

Նշվել է, որ օրենսդրական գործընթացի ծանրաբեռնվածությունն ընկնում է ԱԺ մշտական հանձնաժողովների վրա: Բացասական եզրակացություն ստացած նախագծերի այն դրույթները, որոնց վերաբերյալ դրական եզրակացություն է տվել գլխադասային հանձնաժողովը, որեւէ պատգամավորի կողմից, երբ լրամշակվի, կդառնա մեկ նախագիծ ու կներկայացվի հանձնաժողովին: Խորհրդարանում կքննարկվի եւ հիմնական նախագիծը, եւ հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած այլընտրանքային նախագիծը: Այն նախագիծը, որը կստանա Ազգային ժողովի դրական եզրակացությունը, այն էլ կընդունվի:

Հովհաննես Սահակյանը ներկայացրել է նաեւ արտահերթ նիստերի գումարման կարգը՝ նշելով, որ արտահերթ նիստերի օրակարգերում նվազագույնի է հասցված առանց հանձնաժողովներում քննարկված հարցերի ընդգրկումը:

Կանոնակարգի նախագծով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ԱԺ իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվում է ԱԺ քննիչ հանձնաժողով: Պարոն Սահակյանը սա դիտարկել է որպես ընդդիմության գործիքակազմ, նրա խոսքով՝ դա այն հարթակն է, որտեղ հանրությանը հետաքրքրող հարցերը կարող են քննարկման առարկա դառնալս:

Հիմնական զեկուցողը խոսել է նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների լիազորությունների վերաբերյալ՝ նշելով, որ հանձնաժողովներն իրենց լիազորությունների շրջանակում իրավասու են իրականացնելու վերահսկողություն:

Նույն շարքից