Գլխավոր Հասարակություն 

...Բացառված չէ, որ Անի Հովհաննիսյանին ձերբակալել են Բաքվի հետ կապված ինչ-որ մոսկովյան բանկիրների խնդրանքով. Հայկ Մարտիրոսյան

analitik.am

Եթե չճշտված, բայց համառ տեղեկություններ կան այն մասին, որ խոշոր գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին Մոսկվայում ձերբակալել են Երևանի խնդրանքով, բացառված չէ, որ Անի Հովհաննիսյանին էլ ձերբակալած լինեն Բաքվի հետ կապված ինչ-որ մոսկովյան բանկիրների խնդրանքով: Analitik.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը: Նա նաև նշեց, որ աշխարհի այս մասում նման բաները սովորական պրակտիկա են և զարմանալու ոչինչ չկա:

-Պարոն Մարտիրոսյան, եթե ոչ միշտ, ապա գոնե վերջին 10-15 տարվա ընթացքում հայաստանյան իշխանությունները պնդում են, որ մենք արտաքին աշխարհի հետ վարում ենք «և-և»-ի քաղաքականություն: Դա իրականում այդպե՞ս է, թե ամեն ինչ մնում է, այսպես ասած, թղթի վրա:

-«Եվ-Եվ»-ը այս ժողովրդի գոյության երաշխիքն է եղել հազարամյակներ շարունակ: Հիմա, երբ միանշանակ «միայն»-ի է վերածվել վարքագիծը, երկիրը և նրա մարդիկ հայտնվել են լրջագույն վտանգի առջև: Հայաստանի պես փոքրիկ, թույլ և մի քանի խոշորագույն խաղացողների միջև գտնվող երկիրն իրավունք չունի որևէ կոնկրետ գունավորում ընդունելու: Դա դնում է երկիրն ու ժողովրդին մի վիճակի մեջ, երբ «միայն»-ի կողմը սկսում է այն այլևս պակաս արժևորել և օգտագործել որպես մանրադրամ, որովհետև ցանկալին վերածվել է արդեն սեփականության, իսկ մյուսները նույնպես համարում են սեփականություն, բայց ոչ իրենցը, այլ՝ ոչ բարեկամինը: Եվ այդպես երկիրը տուժում է բոլոր կողմերից: Հիմա Հայաստանը հենց այդպիսի վիճակում է ինքն իրեն դրել:

-Ձեր ասածից ճի՞շտ հասկացա, որ Հայաստանն այսօր լուրջ կախում ունի Ռուսաստանից, եթե այո, հնարավոր է արդյո՞ք այդ կախումից ազատվել, կամ գոնե թուլացնել այն:

-Կախումը տեսնելու համար պետք չէ քաղաքագետ լինել: Դա անգամ երեխաները գիտեն:  Իսկ ինչ վերաբերում է այն վերացնելուն կամ թուլացնելուն, ապա դա անշուշտ հնարավոր է: Անհրաժեշտ է կամք ունենալ, ոչ միայն քաղաքական, այլև՝ մարդկային և գիտելիքներ: Բայց, թե ինչպես է հնարավոր այդ ամենն ունենալ, բարդ է պատկերացնել, քանի որ եթե դա հնարավոր  լիներ, չէր լինի այն իրավիճակը, որում ինքն իրեն դրել է Հայաստանը: Փոխարենը կլինեին հրաշալի, բարձր մակարդակի գործընկերային և բարեկամական հարաբերություններ, անգամ՝ իրական դաշնակցային հարաբերություններ, այլ ոչ թե մի բան, որ նման է վասալության և կամակատարության: Դա ձեռնտու չէ ոչ միայն Հայաստանին, այլև հենց իրեն՝ Հայաստանի ավագ դաշնակցին: Պարզապես երկու երկրների իշխանություններում դա շատ քչերն են հասկանում:

- Մենք խոսում ենք լուրջ խաղացողներից մեկի մասին, բայց մոռանում՝ մյուսին: Այս դեպքում ես նկատի ունեմ ԱՄՆ-ը: Ի՞նչ եք կարծում,  Թրամփի ընտրությունն ինչ-որ բան կփոխի՞:

-Իհարկե ոչ: Միացյալ Նահանգները երկար տարիներ է արդեն Հայաստանը դիտարկում է որպես իրեն լիովին օտար տարածքի վերահսկողության տակ գտնվող մեկ այլ տարածք: Եվ դա տրամաբանական է: Հիմա նախագահ է դառնում մեկը, որ դատելով իր հայտարարություններից՝ այդ փոքրիկ տարածքի մետրոպոլիայի հետ նորմալ հարաբերություններ է ունենալու: Եվ դա լավ է՝ զուտ երկու գերտերությունների հարաբերությունների տեսանկյունից: Բայց Հայաստանի հետ հարաբերությունների հարցում կամ Հայաստանի դիրքի հարցում դա հաստատ որևէ փոփոխության չի կարող հանգեցնել:

Ի դեպ, պատկերացրեք, որ բավական բան, այնուամենայնիվ, չնայած հայաստանցիների մոտ ստեղծված հավատալիքի, դեռևս կարող է որոշվել Երևանում: Պարզապես խնդիրն այն է, որ Երևանը չի ուզում ոչինչ որոշել և սարսափում է սեփական քաղաքականություն վարելու մասին մտածելուց անգամ:

-Պարոն Մարտիրոսյան, վերադառնանք Ռուսաստանից կախում ունենալու և ռուսական ազդեցության թեմային: Անալիտիկ լրատվականի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը շորթման մեղադրանքով արդեն 7 ամսից ավել գտնվում է բանտում: Եվ սա այն դեպքում, որ նա բազմիցս հայտարարել է՝  իրեն բանտում պահում են ադրբեջանական կապիտալ ունեցող ռուսական ՎՏԲ բանկի դեմ դուրս գալու համար: Սա կարծես թե ռուսական ազդեցության ևս մեկ դրսևորում է: Ի՞նչ կասեք այս մասով:

-Չգիտեմ: Գործի մասին լսել եմ անշուշտ, բայց մանրամասներին ծանոթ չեմ: Ամեն բան հնարավոր է: Եթե չճշտված, բայց համառ տեղեկություններ կան այն մասին, որ խոշոր գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին Մոսկվայում ձերբակալել են Երևանի խնդրանքով, բացառված չէ, որ Անի Հովհաննիսյանին էլ ձերբակալած լինեն Բաքվի հետ կապված ինչ-որ մոսկովյան բանկիրների խնդրանքով: Չգիտեմ, չեմ կարող ասել: Բայց ասեմ, որ աշխարհի այս մասում նման բաները սովորական պրակտիկա են: Զարմանալու ոչինչ չկա:

-Իսկ ինչո՞ւ մեր իշխանություններն ինչ-որ քայլեր չեն ձեռնարկում Անի Հովհաննիսյանի բարձրացրած հարցի մասով:

-Ինչու՞ պետք է ձեռնարկեն: Եթե, ասենք, այդ վարկածն է իրական պատճառը, ինչպե՞ս կարող են մարդիկ պայքարել մի բանի դեմ, որի թելադրանքով են առաջնորդվում: Հակատրամաբանական է:

Նույն շարքից