Հասարակություն Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Տաքսիներին չեն ապահովագրում, քանզի վերահսկող մարմին չկա. Արմինե Մկրտչյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» ակումբի հյուրն էր «Աքիլես» ՀԿ-ի  իրավաբան Արմինե Մկրտչյանը: Ասուլիսի թեման է «Ապահովագրական ընկերությունները հրաժարվում են ապահովագրել որպես տաքսի վարվող մեքենաները. պատճառները և հնարավոր լուծումներ»:

Խոսելով այն մասին, թե ինչու են ապահավոգրական ընկերությունները հրաժարվում ապահովագրել որպես տաքսի վարվող մեքենաները, Արմինե Մկրտչյանն ասաց, որ վերջինս շատ ակտուալ թեմա է, և  եթե նախկինում  որպես տաքսի վարվող մեքենաները ապահովագրվում էին բավականին բարձր գներով,  իսկ  2014թ. հունվարի 1-ից տաքսիներն  առհասարակ չեն ապահովագրվում:

Իրավաբանի կարծիքով՝ խնդիրը տաքսիների բարձր ռիսկայնության մեջ է, քանի որ մեքենաների  տեխզննությունը ուղղակի ձևական բնույթ է կրում և երբեմն նունիսկ 30 տարեկան մեքենան շարունակում է շահագործվել որպես տաքսի, ինչը պարզապես անթույլատրելի է: Բացի այդ չկա վերահսկողություն, որը կպարտավորեցնի ապահովագրական ընկերություններին ապահովագրել X քանակով մեքենա: Մեծ խնդիր է նաև վարորդների տարիքը, նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ երբեմն 8 ժամի փոխարեն վարորդները աշխատում են 18 ժամ և ավելի:

Անդրադառնալով բոնուս-մալուս համակարգի ներդրմանը, Արմինե Մկրտչյանը ասաց, որ իրենք ի սկզբանե դրական են գնահատել համակարգի ներդրումը, քանի որ դա հնարավորություն էր տալիս վերահսկել վարորդներին, բայց եթե համակարգի ներդրումից հետո էլ ապահովագրական ընկերությունը չի ապահովագրում տաքսիներին, դա արդեն աններելի է:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մեքենաները իրավունք ունեն առանց ԱՊՊա-ի երթեկել, «Աքիլես» ՀԿ-ի իրավաբանը նշեց, որ մեքենաները ընդամենը 10 օր կարող են առանց ԱՊՊԱ-ի երթևեկել, որից հետո ամեն օրվա համար մուծում են տուգանք՝ օրական 500 դրամի չափով:

Միաժամանակ նա նշեց, որ օրենսդրության ոչ մի նորմ չկա, որը կվերահսկեր ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը և թույլ չէր տա ապահովագրական ընկերությանը որոշելու, թե որ մեքենան ապահովագրի, որը՝ ոչ:

Աքիլես ՀԿ-ն նաև ստեղծել է հանձնաժողով և  որոշել  առաջարկություն ներկայացնել կառավարություն՝ որոշմամբ պարտադրելու  ապահովագրական ընկերությանը ապահովագրել որևէ  X քանակությամբ տաքսի, հակառակ դեպքում տվյալ ընկերությանը ենթարկել տուգանքի կամ դադարեցնել նրա գործունեությունը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր չէ Տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ մշակել և իրականացնել ծրագիր՝ խնդիրը լուծելու համար, բանախոսը նշեց, որ ամենամեծ խնդիրը վերահսկող մարմնի բացակայության մեջ է, որը կվերահսկեր ապահովագրական կազմակերպություններին և կստիպեր գործել օրենքի սահմաններում:

Անդրադառնալով ԱՊՊԱ բյուրոյի գործունեությանը, որը օրենքով սահմանված կարգով պետք է փոխհատուցեր մեքենաների վնասները՝բանախոսը նշեց, որ շատ հաճախ բյուրոն ընթացք չի տալիս առանձին վարորդների դիմումներին կամ մերժում է դիմումը՝ առանց հստակ պատճառաբանության:  

 

Նույն շարքից