Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Երիտասարդ ընտանիքների ամուսնալուծությունների հոգեբանական պատճառները.ի՞նչ անել» թեմայով ասուլիսի հյուրն էր ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանը:
Անդրադառնալով թեմային՝ բանախոսը նշեց, որ երիտասարդ ընտանիքների ամուսնալուծության պատճառները տարբեր են՝ կարողեն լինել հոգեբանական, կենցաղային և այլն: Կան ֆունկցիոնալ ու դիսֆունկցիոնալ ընտանիքներ: Խնդիրներից մեկն այն է, որ երիտասարդ զույգի սպասելիքները ամուսնությունից հետո երբեմն չեն իրականանում, որն էլ կարող է դառնալ ամուսնալուծության պատճառ: Մյուս խնդիրը` ամուսնությունից հետո զույգերի հայրական ու մայրական ընտանիքների հետ սերտ կապն է, այսինքն՝ ընտանիք կազմելիս զույգերը բերում են իրենց հայրական ընտանիքի հին մոդելները:
Ամուսնալուծության պատճառ կարող է լինել նաև ընտանեկան ճգնաժամը, որը հոգեբանընները բաժանում են 3 խմբի՝ ճգնաժամ, որը առաջ է գալիս ամուսնության առաջին տարում, երբ ռոմանտիկ փուլն անցնում է, ամուսինները համատեղ կյանքի ընթացքում ավելի լավ են սկսում ճանաչել իրար: 2-րդ ճգնաժամը առաջ է գալիս ամուսնության 5-7-րդ տարում, երբ դերերը փոխվում են, առաջանում են ընտանեկան որոշ խնդիրներ,որը կարող է հանգեցնել ամուսնալուծության, և 3-րդ ճգնաժամը ի հայտ է գալիս ամուսնության քսաներեորդ տարում, երբ երեխաները մեծանում և լքում են ծնողներին, նրանց մոտ սկսվում է նոր շրջան ու դժվար փուլ, որը ոչ բոլոր զույգերն են կարողանում հաղթահարել:
Բանախոսի խոսքով` ամուսնալուծության պատճառներից կարող է լինել սեռական անհամատեղելիությունը, որը սակայն ավելի հեշտ հաղթահարելի է, քան ամուսանալուծությունները՝ հոգեբանական պատճառներով:
Հոգեբանը խոսեց նաև ներկայիս ինֆորմացիոն դաշտը հեղեղած տղամարդկանց և կանանց հոգեբանական մոդելների մասին, ովքեր ազդում են երիտասարդների ենթագիտակցության վրա, այսինքն երիտասարդները իրենց համար ստեղծում են կնոջ կամ տղամարդու մի իդեալ, և եթե նրանց կինը կամ ամուսինը չի համապատասխանում իրենց հորինած իդեալին, նրանք ամուսնալուծվում են:
«Երիտասարդ աղջիկները հաճախ ասում են, որ իրենց ապագա ամուսինը պետք է լինի բարի, սիրող, կայուն, հասուն, ունենա նյութական ապահովվածություն: Տղամարդիկ, ցավոք, նախընտրում են համեստ աղջիկների: Ասում եմ ցավոք, քանի համեստ բառն այժմ ունի շատ ենթատեքստեր»:
Իրինա Խանամիրյանը խոսեց նաև խանդի մասին, որը նույնպես կարող է ամուսնալուծության պատճառ դառնալ: Կանանց մոտ խանդի պատճառներ կարող են առաջանալ տարբեր պատճառներով, հիմնականում՝ ամուսնու կողմնակի կապերի հետ կապված, իսկ տղամարդկանց մոտ` կնոջ՝ ուշադրության կենտրոնում լինելուց: Վիրտուալ աշխարհը նույնպես ազդում է ամուսնական զույգերի հարաբերութունների վրա. հոգեբանի խոսքով` վերջերս Հայաստանում «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով կինը ծանոթացել էր մեկ այլ տղամարդու հետ, և դա հանգեցրել էր ամուսնալուծության: Սա իհարկե, համատարած չէ, բայց նման դեպքեր էլ են լինում:
Հարցին՝ արդյոք հնարավոր է աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին սեմինարների, թրեյինինգների միջոցով, հոգեբանը պատասխանեց, որ հնարավոր է, քանի որ այդ սեմինարները հիմնականում ճանաչողական բնույթի են լինում, բավականին արդյունավետ ազդեցություն են ունենում զույգերի վրա: Հոգեբանը հորդորեց երիտասարադներին ամուսնությունից առաջ գիտակցել և հասկանալ ամուսնության կարևորությունն ու ամուսնությունից հետո` իրենց սպասվող պատասխանատվության աստիճանը, քանի որ ամուսնալուծության հաճախ հանդիպող պատճառը սպասելիքների անհամապասխանությունն է հարսանիքից հետո եկող իրականության հետ: «Ինձ մոտ եղել է զույգ, երբ ամուսինը չէր կարողանում համակերպվել, որ կնոջ հայրը միջամտում էր նրանց կյանքին, և մեր խորհրդատվությամբ մենք փորձեցինք օգնել այդ զույգին: Մենք պետք է համահունչ գնանք ներկայիս կյանքի հետ, երկու հասուն մարդ, եթե ամունանում են, պետք է հստակ որոշեն, հասկանան ամուսնության լրջության աստիճանը»: Հոգեբանի խոսքով երիտասարդները երբեմն ամուսնանում են շքեղ հարսանիք ունենալու համար, կամ, որ ավելի վատ է, որոշ դեպքերում երիտասարդ տղաների մոտ մասնագիտական կայացումը հաջող չի ընթանում և նրանց մնում է միայն ամուսնանալ:
Հոգեբանը տեղեկացրեց նաև, որ շուտով «Անալիտիկ» կենտրոնի աջակցությամբ թրեյնինգներ և սեմինարներ են կազմակերպվելու, որոնք նախատեսված կլինեն այն զույգերի համար, ովքեր հայտնվել են ընտանեկան ճգնաժամային իրավիճակներում կամ չեն ուզում հանգել դրանց: