Մամուլի ակումբ Մշակույթ 

Երբ մենք մշակույթ ունեինք՝ մարդիկ դեռ ծառերի վրա էին. արևելագետ

analitik.am

«Սփյուռքահայ ընտանիքում մանկահասակը Հայոց եկեղեցու մասին գիտի ամեն ինչ, նա եկեղեցական բոլոր տոները գիտի և հենց դրանով էլ հայ է մնում»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց արևելագետ Խաժակ Թոմոյանը:

 

 «Հանրակրթական ծրագրերից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու նախաձեռնությունը այն հարցն է, որ անգամ պետք չէ դնել քննարկման: Մեր այբուբենը աղոթք է, քանի որ Մեսրոպ Մաշտոցը այն արարել է աղոթքով: Նա ինքն եղել է հոգևորական, նրա հենց առաջին թարգմանությունն էլ «Աստվածաշնչից» է եղել և դա պատահականություն չէ:

 

Ասել, որ այդ առարկայի դասավանդումը պարտադրանք է դպրոցներում, մեծագույն սխալ է, քանի որ ազգը պահողը լեզուն ու հավատն են»:

 

Բանախոսը ասաց, որ այսօր շատ մարդիկ կնքվում են, բայց չգիտեն թե ինչպես դիմել քահանային. «Սրանք պրիմիտիվ թվացող, բայց շատ արժեքավոր բաներ են, որոնք մեր ազգակիցները պետք է իմանան: Երեխաներին պետք է սովորեցնել «Աստվածաշունչ», որը խոսող գիրք է, այն մարդուն իմաստություն, խոհեմություն, հեզություն է սովորեցնում»:


«Միայն չոր ու ցամաք կրթությամբ հայ չես դաստիարակի, առանց եկեղեցու պատմության, առանց հոգևոր սննդի հայ չես դաստիարակի: Խղճում եմ այն մարդկանց, ովքեր ընդդիմադիր կեցվածք են ընդունել, նրանք ուղղակի ստրուկ են և փորձում են ինչ-որ մեկին հաճոյանալ ու դրանով վտանգի տակ են դնում ազգային արժեքները»,-հայտարարեց արևելագետը:



Երբ մենք մշակույթ ունեինք՝ մարդիկ դեռ ծառերի վրա էին, հիմա այդ ծառերից իջել ու փորձում են մեզ ինչ-որ բաներ թելադրել»,-ասաց Խաժակ Թոմոյանը: Փորձում են ոտնահարել և ախտահարել մեր ազգի պատմությունն ու մշակույթը: 

 

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն  տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը ավելի վաղ analitik.am-ի հետ զրույցի ժամանակ ասել էր, որ  նման վտանգ չկա, արհեստականորեն ստեղծված աղմուկն առաջացել է UNICEF-ի Երեխայի իրավունքների հանձնաժողովի 2013թ.  կողմից ներկայացված ամփոփիչ դիտարկումներում, որոնք չունեն իրավական որևէ ուժ:

 

 

 

Նույն շարքից