«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Հարցազրույց 

Հարցազրույց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի հետ

analitik.am

Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն քաղաքապետ» կատեգորիայում

 

Քվեարկել այստեղ

 

Ինչպե՞ս եք գնահատում 2013 թվականի ՀՀ ՏԻՄ գործունեությունը. նշեք բացթողումներ և առավելություններ:

      Տեղական ինքնակառավարումը համայնքի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքն ու կարողությունն է՝ սեփական պատասխանատվությամբ լուծելու տեղական նշանակության խնդիրները՝  ի շահ բնակչության : Բնական է, որ այս առաքելությունն իրականացնելու ճանապարհին լինում են ոչ միայն ձեռքբերումներ, այլև  բացթողումներ: Եթե տեղական ինքնակառավարման ոլորտի կայացման 17 տարիներից առանձնացնենք 2013 թվականը, ապա վստահաբար կարելի է պնդել, որ ավելի տեսանելի էին ձեռքբերումները, դրանք եկան էլ ավելի ամրապնդելու ժողովրդավարության սկզբունքները մեր պետության և մեր համայնքների հասարակական-քաղաքական կյանքում: Այսպես, 2013թ. հունիսի 19-ին լրացումներ են կատարվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում : Օրենքում ավելացվել է  «Համայնքի զարգացման ծրագրի և բյուջեի կառավարման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունը» նոր հոդվածը, ըստ որի համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար համայնքի ղեկավարի առաջարկությամբ և համայնքի ավագանու որոշմամբ ձևավորվում է համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին, որում ընդգրկվում են աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետները, ինչպես նաև համայնքի ավագանու մեկից մինչև երեք անդամներ, բնակիչներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք: Այս ամենի մեջ ողջունելի է հատկապես այն իրողությունը, որ օրենքի սահմանմամբ համայնքի ղեկավարը մինչև համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի նախագծերը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ, որի ժամանակ արված դիտողությունների ու առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն: Ինչ խոսք, օրենքի նշյալ լրացումը մեծ քայլ է դեպի ժողովրդավարություն, որովհետև համայնքի զարգացման ծրագիր կամ տարեկան բյուջեի նախագիծ ներկայացնել հանրության դատին, լսել բնակչության լայն զանգվածների կարծիքը՝ լուրջ ձեռնարկում է տեղական ինքնակառավարման ոլորտը զարգացնելու ճանապարհին:

       Խոսելով բացթողումների մասին՝ առաջին հերթին կարելի է նշել համայնքների ֆինանսական կարողությունների զգալորեն թույլ մակարդակը. սա լուրջ խոչընդոտ է համայնքների սոցիալ-տնտեսական, հասարակական և մշակութային ոլորտների ներդաշնակ զարգացման համար: Համոզված եմ, որ յուրաքանչյուր համայնքում արվում է առավելագույնը տեղական բյուջեների սեփական մուտքերի հավաքագրման ուղղությամբ, բայց իրականությունը խոսում է այն մասին, որ դրանք բավարար չեն, որպեսզի ՏԻՄ-երը կարողանան լիովին կատարել օրենքով իրենց վերապահված լիազորությունները:


Ինչպե՞ս եք գնահատում ավագանու ինստիտուտի գործունեությունը, արդյոք հասարակությունն ակտիվորեն մասնակցում է համայնքի կառավարմանը, եթե ոչ, ապա ինչու՞:


Համայնքի ավագանին տեղական ինքնակառավարման ներակայացուցչական մարմինն է: Այստեղ հանրությունն է՝ ի դեմս իր կողմից ընտրած թեկնածուների: Ակտիվ, գործունյա և նպատակաուղղված ավագանու ձևավորումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բարձր համայնքի հասարակության քաղաքացիական ինքնագիտակցությունը: Արդի կրթական քաղաքականությունն իր հիմնական ուղղությամբ միտված է ձևավորելու ակտիվ քաղաքացու (բազմիցս իմ աշխատասենյակում հյուրընկալել եմ ավագ դպրոցի աշակերտներին, պատասխանել եմ նրանց հուզող հարցերին), ըստ այդմ՝ մոտ ապագայում կարելի է տեսնել շատ ավելի կայացած ավագանու ինստիտուտ: Ինչ խոսք, անժխտելի է մերօրյա ավագանիների ունեցած ներդրումը համայնքի կառավարման դժվարին գործում, ի վերջո համայնքի ղեկավարը համայնքին վերաբերող ամենակարևոր հարցերի լուծման որոշումներն ընդունում է ավագանու օգնությամբ ու մասնակցությամբ: Եվ եթե փորձենք պատասխանել հարցին, թե ինչո՞ւ հասարակությունն ակտիվորեն չի մասնակցում համայնքի կառավարմանը, կարելի է ասել, որ փոքր քաղաքներում համայնքի ղեկավար և ավագանի ընտրելով՝ հասարակությունը համայնքի կառավարմանը իր մասնակցությունը  համարում է սպառված: Նա վստահում է իր ընտրությանը: Այս համայնքներում համայնքի ղեկավարը, քաղաքապետարանի աշխատակազմը և ավագանու անդամները ամենօրյա շփման մեջ են բնակիչների հետ, որևէ հարց կամ խնդիր բարձրաձայնվում է անհատապես և հասարակության խմբեր ոտքի հանելու, հասարակական ճնշումների, քաղաքական այլ ակցիաների դիմելու անհրաժեշտություն չի առաջանում:



      Բնակչության կենսամակարդակն աճե՞լ է, թե նվազել Ձեր համայնքում 2013թ.-ին, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել արտագաղթը կանխելու ուղղությամբ:


    Ջերմուկը հանրապետությունում այն եզակի քաղաքներից է, որտեղ արտագաղթի փոխարեն դիտարկվում է ներգաղթ: Որքան էլ այս օրերին դա տարօրինակ թվա, բայց պետք է վստահաբար նշեմ, որ այլ բնակավայրերից աշխատուժ է գալիս Ջերմուկ՝ այստեղ իրականացվող ամենօրյա շինարարական գործունեության մեջ աշխատանքի լծվելու և ընտանիքի կարիքները հոգալու համար: Մեզ մոտ մեծ թիվ են կազմում դրսեկ բանվորները, շինարարները, վարորդները, արհեստավորները, ընդ որում՝ նրանք Ջերմուկում են իրենց ընտանիքներով: Շինարարական աշխատանքները լայն թափով ծավալվում են ոչ միայն մասնավոր հատվածում, այլ նաև՝ համայնքային ոլորտում: Կան ներդրումային ծրագրեր, որոնց իրականացումը առաջին հերթին ենթադրում է աշխատանքային ռեսուրսների առկայություն: Խոսելով բնակչության կենսամակարդակի մասին՝ դարձյալ մեր համայքը համարենք եզակիներից մեկը: Ջերմուկը խորհրդային տարիներից մինչև մեր օրերը, որպես առաջնակարգ առողջարանային քաղաք, մշտապես գտնվել է հանրապետության ղեկավար օղակների անմիջական ուշադրության ներքո, առանձնացել է իր բավարար կենսամակարդակով: Ելնելով մեր հանրապետության ընդհանուր վիճակից՝ թերևս ջերմուկցին էլ բողոքի սոցիալական ոչ բարվոք վիճակից, բայց նա երբևիցե չի կարող ասել, որ քաղաքը մաքուր ու բարեկարգ չէ (ի դեպ, 2013 թվականին Հայաստանի Համայնքների Միության կողմից կազմակերպված մրցանակաբաշխության «Մաքուր համայնք-2013» մրցանակը տրվեց Ջերմուկին), որ փողոցներն ու բակերը մթության մեջ են, որ իրենց հուզող հարցերի պատասխանը և լուծումները չեն գտնում քաղաքապետարանում: Ակտիվ և իրադարձություններով հագեցած է նաև հասարակական կյանքը Ջերմուկում. այսպես՝ տարեսկզբին Ջերմուկ էին այցելել մեր երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող մի շարք արտակարգ և լիազոր դեսպաններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի ուղեկցությամբ. այցի նպատակը քաղաքի զարգացման ռազմավարական ծրագրին ծանոթանալն էր, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի առաջարկությամբ որոշում կայացվեց Ջերմուկում դիվանագիտական ակումբ հիմնելու մասին:

       2013թ օգոստոսի 20-ից 23-ը հյուրընկալել ենք Չեխիայի Հանրապետության Կարլովովարյան երկրամասի պատվիրակությանը, Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկի հետ ստորագրել եմ համագործակցության հուշագիր, որի համաձայն փոխադարձ կապերի ստեղծման և զարգացման նպատակով իրականացվելու են պաշտոնական պատվիրակությունների և տնտեսական գործունեության տարբեր բնագավառների մասնագետների փոխայցելություններ, համագործակցություն՝  տուրիզմի զարգացման բնագավառում, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի փորձի փոխանակում և այլն:                           

       Բոլորովին վերջերս հյուրընկալեցինք Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևի և Արխանգելսկի նահանգապետ Իգոր Արլովի գլխավորած պատվիրակություններին. այս ամենի մեջ հատկանշական է  մեր բոլոր հյուրերի պատրաստակամությունը համագործակցելու Ջերմուկի  համայնքի հետ:

Մշակութային ոլորտը ևս իրադարձություններով լի է: Շախմատի՝ հաճախ տեղի ունեցող մրցաշարարերի կողքին կարելի է թվարկել բազմաթիվ միջոցառումներ, որոնց կազմակերպիչը համայքի երիտասարդությունն է: Համայնքի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Ջերմուկի երիտասարդական կենտրոն» ՀՈԱԿ-ը. այն հետաքրքիր նախաձեռնությունների հեղինակ է («Ձնեմարդուկ» ձմեռային ամենամյա միջոցառումը, Ջերմուկի ըմպելասրահում՝ Գունավոր ակցիան և այլն): Նշեմ նաև Գյուղական համայնքների համաժողովի՝ արդեն ավանդաբար Ջերմուկում անցկացնելու փաստը. միջոցառումն ինքնին արժեքավոր է իր բովանդակությամբ, որովհետև համաժողովի ընթացքում քննարկվում են տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ: Այս տարի համաժողովի շրջանակներում կազմակերպվեցին նաեւ մարզական միջոցառումներ. մարզերի թիմերը մասնակցեցին շախմատի եւ նարդու մրցաշարերին, ինչպես նաեւ «Ինչ, որտեղ, երբ»  ինտելեկտուալ խաղ-մրցույթին: Ջերմուկը իր հյուրանոցներով, առողջարաններով, սպասարկման ոլորտի բազմազան հնարավորություններով կարողանում է միաժամանակ ընդունել այդքան մեծ թվով հյուրերի՝ ապահովելով գիշերակացով, սնունդով, ինչու չէ՝ նաև հետաքրքրիր ժամանցով: Ջերմուկի այս «հնարավորությունները» ըստ արժանվույն գնահատվում են տարբեր մրցանակաբաշխություններում: Դրանցից ի մասնավորի նշեմ միայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Arm Tourism» ինտերնետային ամսագրի կողմից կազմակերպված «Arm Tourism Awards» ամենամյա մրցանակաբաշխությանը «Առողջարանային տուրիզմը զարգացնելու համար» անվանակարգում հաղթելու իրողությունը, ընդ որում՝ այդ օրը մրցանակներով վերադարձան նաև Ջերմուկի համայնքի մի շարք առողջարաններ, հյուրանոցներ և ռեստորաններ: Այս բոլոր մրցանակները տարիների ընթացքում կատարված մեծածավալ աշխատանքների վկայությունն են, աշխատաքներ, որոնք ուղված են մեկ ընդհանուր նպատակի` Ջերմուկը միջազգային չափանիշներին համապատասխան քաղաք-առողջարան դարձնելուն:


Ի՞նչ կմաղթեք գալիք տարում Հայաստանին և հայությանը:


      Հաշված օրեր են մնացել բոլորիս կողմից այդքան սպասված Նոր տարվան: Ամեն մի Նոր Տարվա գալուստ հաճելի սպասումներ է ենթադրում. ամեն մեկս իր սրտի խորքում հավատում է, որ Նոր տարին ինչ-որ բան իր կյանքում փոխելու է: Մաղթում եմ, որ հաջողությամբ հաղթահարվեն Հայաստանի արտաքին ու ներքին բոլոր խնդիրները, հայ ժողովուրդը ունենա խաղաղ ու բարեկեցիկ կյանքի ավելի բարձր մակարդակ, գոհ ու երջանիկ ապրի իր հայրենիքում:  Ահա թե ինչպիսի Ամանոր եմ մաղթում յուրաքանչյուր հայի: Թող բոլորիս ընտանիքներում ջերմություն եւ սեր թևածի: Թո′ղ Ամանորի սկիզբն ավետող ժամացույցի զարկերի հետ Աստծո օրհնությունը մտնի բոլորի տներն ու սրտերը:

Ի սրտե շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Նույն շարքից