Վերլուծական Քաղաքականություն 

Թուրքիան և Ռուսաստանը համագործակցային նոր փուլ են մտնում

analitik.am

Ռուս-թուրքական հարաբերությունները նոր թափ են հավաքում էներգետիկ  համագործակցության շրջանակներում: Թուրքիան ցանկություն է հայտնել մեծացնել ռուսական գազի գնման ծավալը, որը մատակարարվելու է  «Երկնագույն ուղղություն» գազամուղի միջոցով:


Գազամուղի հզորությունը տարեկան 16 մլրդ մ3 է: 2014թ.-ի մարտի 11-ի դրությամբ «Երկնագույն ուղղության» միջոցով  մատակարարված գազի ընդհանուր ծավալը կազմել է 100 մլրդ մ3 :

Թուրքիայի էներգետիկայի  և բնական պաշարների նախարար Թաներ Յալդիզը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է հավելյալ ներմուծել 3 մլրդ մ3 գազ: Տեխնիկապես հնարավոր է մատակարարել ավելի շատ: Թուրքիան «Գազպրոմի» հետ իր համագործակցության խորացման մասին հայտարարել է ՌԴ-ի և Եվրոպայի միջև առկա ոչ բարենպաստ հարաբերությունների շրջանում. Վերջերս «Գազպրոմի» Իտալիայի խոշոր գործընկեր նավթագազային Eni ընկերության ղեկավար Պաոլո Սկարոնին հայտարարեց, որ Իտալիան առանց ռուսական գազի էլ կարող է ապրել:


Ապրիլի 21-ին Անկարայում տեղի ունեցան բանակցություններ «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևի և Թաներ Յալդիզի միջև, ովքեր համաձայացրեցին «Երկնագույն ուղղությամբ» Թուրքիա մատակարարվող գազի ծավալների ավելացման հարցերը: Թուրքական կողմը Ռուսաստանից ակնկալում է նաև գազի գների իջեցում, որի չափը դեռևս չի հրապարակվում: Ամենայն հավանականությամբ Թուրքիան ցանկանում է ռուսական գազը ձեռք բերել ադրբեջանական գազի գնով, որը տրվում է Թուրքիային՝ այսինքն հազար կուբամետրի համար 425$-ի փոխարեն վճարի 335$:


Մյուս գազամուղով՝ Տրանսբալկանյան, Թուրքիա մատակարարվող ռուսական գազը Թուրքիայում «Գազպրոմի» գործընկերները կարողանում են գնել՝ վճարելով 370$ հազար կուբամետր գազի դիմաց, ինչը թույլ է տալիս նրանց առանց պետական սուբսիդիաների աշխատել:


Մյուս կողմից Թուրքիան փորձում է վերանայել իրանական գազի գները, որը թուրքական շուկայում երկրորդ գազի մատակարարն է: Թուրքիան դիմել է նաև արբիտրաժային դատարան, սակայն հարցի լուծումը նույնպես առաջարկում է՝ Իրանն իջեցնում է գազի գինը, ինչի դիմաց Թուրքիան մեծացնում է իրանական գազի ներմուծման ծավալները: Նման դիվանագիտական տրամաբանություն Թուրքիան կիրառում է նաև Ռուսաստանի նկատմամբ՝ գնի իջեցում ի հաշիվ ծավալների մեծացման:


«Գազպրոմի» ղեկավարությունը որոշ ժամանակ առաջ պարզ հասցկացրեց, որ գազի գնի իջեցման մասին պատրաստ չեն խոսել, սակայն նրանց կարող է հետաքրքրել «Հարավային ուղղության» նոր ճյուղերի կառուցումը, ինչը նոր շուկաներ գրավելու հնարավորություն կտա: Այստեղ արդեն կարելի է փոխշահավետ լուծումներ գտնել:  Եթե «Երկնագույն ուղղության»  մեջ ռուսական «Գազպրոմը» և իտալական Eni-ին 50/50 համամասնությամբ են մասնակցում, ապա  «Հարավային ուղղության» մեջ «Գազպրոմն» ունի նույն 50%-ը, իսկ մնացած մասերը բաժանված են իտալական Eni-ի, գերմանական Wintershall –ի և ֆրանսիական  EDF միջև: Սա նշանակում է, որ «Գազպրոմը» երկրորդ դեպքում ավելի հեշտությամբ կարող է համագործակցության եզրեր գտնել եվրոպական ընկերություններից որևէ մեկի հետ:


Ներկայումս Անկարային անհանգստություն են պատճառում տրանսբալկանյան գազամուղի կայուն մատակարարումները: «Երկնագույն ուղղություն» նախագիծն, ի տարբերություն, համարվում է գեոպոլիտիկ ռիսկերից ապահովագրված նախագիծ:

 

Նախորդ տարի «Գազպրոմը» Թուրքիա մատակարարեց 26,7 մլրդ մ3 գազ, որից 13,7 մլրդ «Երկնագույն ուղղությամբ» մատակարարվեց: Թուրքիա մատակարարվող ռուսական գազի ծավալը բաժանվում է երկու հավասար մասի, ինչը մինչև վերջերս հնարավորություն էր տալիս խոսել առաքման աղբյուրների դիվերսիֆիկացման մասին, ինչը նշանակություն ուներ մինչև Ուկրաինայի դեպքերը, որոնցից հետո շատ բան փոխվեց ինչպես Արևելյան Եվրոպայում, այնպես էլ Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում:


Թուրքիայի կախվածությունը էներգակիրների ներմուծումից մնում է կրիտիկական, այն մոտակա տարիներին ռուսական գազին այլընտրանք  չունի, չնայած որ Էրդողանի կառավարությունը ծրագրային փաթեթ է ընդունել ածխաջրածինների ներմուծման  հետևողական կրճատման մասին:


Թուրքիան մի քանի պատճառ ունի Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու համար.

Թուրքիան հասկանում է, որ ավելի քիչ հնարավորություններ ունի ԵՄ մտնելու համար, չնայած որ Ուկրաինայի վերջին դեպքերից հետե Բրյուսելում Թուրքիայի դերը մեծացել է: Սակայն Թուրքիան ամեն կերպ հասկացնում է, որ չի կարող Եվրոպայի հետ դաշնակցել ի հաշիվ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման: 


Թուրքիայում 2014թ.-ին նախագահական ընտրություններն են, իսկ Էրդողանն էլ լուրջ խնդիր ունի մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, ինչքան էլ որ փորձեն ներկայացնել, որ այլընտրանք չկա: Ստամբուլը, որտեղ ակտիվ են ընդդիմադիրները, մեծապես կախված է Տրանսբալկանյան գազամուղից, բացի այդ «Գազպրոմի» հետ գազն արևմտյան ուղղությամբ մատակարարելու պայմանագրեր են կնքել հիմնականում  թուրքական ընկերությունները, որտեղ հազարավոր աշխատակիցներ կան, և այդ ընկերությունները տարեկան  հսկայական հարկեր են վճարում պետական բյուջե: Նախագահական ընտրություններից առաջ Էրդողանն անկասկած անելու է ամեն ինչ սոցիալական լարվածությունը բացառելու համար, այն էլ երկրի գազային ճյուղում:


«Գազպրոմի», ռուսական այլ էներկոընկերությունների և թուրքական կողմի միջև   բանակցություններն իհարկե թեթև չեն լինելու, սակայն Թուրքիան կարծես թե այլ ելք չունի:


Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան և Ռուսաստանը փորձում են միասին հաղթահարել ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրները, առավել ևս, որ Թուրքիան լուրջ խնդիրներ ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ և էներգակիրների մասով մեծապես կախված է Ռուսաստանից:


Նման պայմաններում հնարավոր են Եվրոպայի համար անսպասելի զարգացումներ, իսկ այդ դեպքում արդեն Հայաստանը կկանգնի խնդրի առջև, ուստի Հայաստանի՝ Մաքսային Միություն մտնելը ցանկալի կլիներ, որ դեռևս մի փոքր սառեցվեր, մինչև Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների հետագա ընթացքը պարզ չդառնար:


Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների բարելավումը և համագործակցության խորացումը շատ կասկածելի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:



Արմեն Մինասյան

Նույն շարքից