Վերլուծական Քաղաքականություն 

Արևմուտքի և Ռուսաստանի բևեռային հակառակ հեռանկարներն Ուկրաինայի հարցում

analitik.am

Ղրիմի անջատումից հետո, որքան էլ որ զարմանալի կարող է հնչել, սակայն Ուկրաինայի «ձեռքերն» ազատություն ստացան: Հարավային, արևելյան և հարավ-արևելյան շրջաններում սկիզբ առած անջատողական տրամադրություններին, Ուկրաինայի նոր իշխանությունները որոշեցին հակադրել զինված ուժերն ու բանակը: Մայիսի 2-ի վաղ առավոտվանից սկսած ներքին զորքերի ստորաբաժանումները, բանակի և ազգայնական «Աջ Սեկտոր» խմբավորման զինյալ խմբերի աջակցությամբ, սկսեցին այսպես կոչված հակաահաբեկչական գործողություններ:

 

Իր վրա առաջին հարվածն ընդունեց Սլավյանսկ քաղաքը, ուր մինչ այսօր վերջնականապես ու ամբողջապես չի վերականգնվել պաշտոնական Կիևի իշխանությունը:
Շարունակվող մարտերը մյուս քաղաքներում՝ Կոնստանտինովկայում, Կրամատորսկում, Մարիուպոլում ռուսական կողմը, որակեց, որպես «պատժիչ գործողություններ», որոնք նպատակ ունեն արյան ու զոհերի մեջ ճնշելու ինքնապաշտպանական ջոկատներին, որոնցում  հիմնականում ընդգրկված են ազգությամբ ռուս Ուկրաինայի քաղաքացիներ: Միաժամանակ այս ամենին հընթացս շարունակվում է երկու կողմերի՝ Կիևի ու Մոսկվայի քարոզչական «փոխհրաձգությունը»: Ուկրաինան ամեն կերպ փորձում է ներկայացնել, որ «ինքնապաշտպանական ջոկատները» գործում են Մոսկվայի հրամանատարությամբ ու հատուկ ներկայացուցիչների ուղղորդմամբ, իր հերթին Ռուսաստանը բացառում է նման մեղադրանքի իրականությունը՝ սեփական ԶԼՄ-ներով ներկայացնելով Ուկրաինայի գործող իշխանություններին՝ որպես «ֆաշիստական գաղափարների կրողների», «Բանդերականների», ովքեր անկարող լինելով էֆֆեկտիվ կառավարում իրականացնել երկրի տարածքում, միակ տարբերակ են գտել «պատժիչ գործողությունները»:

 

Ներկա սահմաններում Ուկրաինայի ապագան բավականին հակասական ու ոչ միանշանակ է երևում: Դժվար է պատկերացնել մի պետություն, որն  ամիսներ անց կարող է նման «քաղաքացիական պատերազմ»-ից վերադառնալ նորմալ կյանքի, այն դեպքում, երբ տեղի ապստամբական ու անջատողական տրամադրություններով տապակվող ազգաբնակչությունը ոչ մի տեղ չի անհետանալու ու գետինը չի անցնելու:  Արդյունաբերական հարուստ շրջաններում ապրող ռուս ազգաբնակչությունը սեփական ապագան տեսնում է բացառապես Ռուսաստանի հովանու ներքո, կամ նվազագույնը նրա հետ սերտ համագործակցության պայմաններում: Եվրոպական ապագան Դոնեցկի, Լուգանսկի և մյուս շրջանների համար, անհեռանկարային է …

 

Սակայն և Կիևի քայլերը բավարար էֆֆեկտիվ չեն երևում՝ ուղղված վերականգնելու նախկին կարգուկանոնը: Զգացվում է, որ ստեղծված պայմաններում բանակն անկարող է իրականացնել նպատակային գործողություններ ու սահմանափակ ժամանակում քաղաքացիական անձանց վերադարձնել «պարտադիր սովորական առօրյայի»:

 

Մարտական գործողությունների համար ներքաշված զրահատեխնիկան ու այդ թվում ռազմաօդային ուժերն անօգուտ ու անշարժունակ են դուրս գալիս քաղաքային պայմաններում. դրանով է պայմանավորված ռազմական ուղղաթիռների կորուստները, երբ թեթև զինված «ապստամբները» կարողանում են հեշտությամբ ոչնչացնել ռազմական ուղղաթիռները:

 

Չի նշմարվում նաև այս ամենը վերջը: Մեկ անգամ չէ, որ արվել են գործողությունների շարունակականության անհրաժեշտության մասին հայտարարություններ:

Արտաքին աշխարհը, հատկապես արևմուտքը, որքան էլ փորձում է արդարացնել Կիևի իշխանություններին, թե վերջիններս իրավունք ունեն ուժ գործադրելու ստեղծված պայմաններում, միաժամանակ և ընկալում են, որ դրա էֆֆեկտիվությունը կաղում է ու արդյունքն ընդհանրապես կարող է հակառակ արդյունք ունենալ: Չի կարելի բացառել, որ գալիք առավոտյան զորքի մի մասը կանցնի քաղաքային բնակչության կողմը (հաշվի առնելով գրանցված բազմաթիվ դեպքերը, երբ բանակը հրաժարվել է կրակել ապստամբների ուղղությամբ), կամ էլ «ինքնապաշտպանական ջոկատներին» կհաջողվի վերջնականապես պարտության մատնել բանակին ու «Աջ սեկտորի» ջոկատներին: Նման ընթացքը բացառելու համար, արդեն իսկ դիտարկվում է խաղաղապահ ուժերի մուտքի հավանականությունն Ուկրաինա. Համենայն դեպս նման քայլի գնալու պատրաստակամություն արդեն մայիսի 5-ին հայտնել է Իտալիայի պաշտպանության նախարարը:  

  

Ստացվում է, որ արևմուտքը փորձում է Ուկրաինայի ներկայիս տարածքը պահել ամբողջական՝ իշխանություններին ընձեռելով հնարավորություն շարունակելու զինված պայքարը: Ռուսաստանն իր հերթին ձեռքերը ծալած չի նստել ու իհարկե, նեղ շրջանակներում դիտարկում է ամեն հնարավոր հետագա գործողություն և ինչու չէ, նաև ռազմական ներքաշվածություն ներքին պայքարին, որն այս դեպքում ամենայն հավանականությամբ, չի անցնի այնքան անցավ, ինչպես Ղրիմի թերակղզու դեպքում: Այս փուլում հավանական է, որ Ռուսաստանը հատուկ պատրաստված զինվորականների միջոցով շարունակի օգնել «ինքնապաշտպանության ջոկատներին» շարունակելու դիմադրությունն ու հասնելու վերջնական հաղթանակի: 

 

Ուկրաինական ճգնաժամի ներկա վիճակը միանշանակ ձեռնատու է Կրեմլին ու նրա ձեռքում այն դառնում է խաղաքարտ՝ ուղղված թե ընդդեմ Ուկրաինայի ներկայիս իշխանությունների, թե արտաքին աշխարհի: Միևնույն ժամանակ այն ընձեռում է Ռուսաստանին ամեն տեսակ գործողությունների քննարկման ու իրագործման լայն սպեկտոր: Այս ընթացքում արևմուտքն ու մասնավորապես Եվրոպան, խոսքի մեջ արդարացնելով զինված ուժերի գործադրումը, ակնկալում են հրադադարի անհապաղ հաստատում:

 

 

 

Գևորգ Ղազարյան  

Նույն շարքից