Առողջապահություն Հասարակություն Վերլուծական 

Աղջիկ ծնվելը դատավճիռ չէ

analitik.am

Սեռով պայմանավորված աբորտները մեծ խնդիր են ոչ միայն Հայաստանում, այ նաև ամբողջ աշխարհում: Մեր երկրում խնդիրն ավելի խորն է՝ պայմանավորված ազգային առանձնահատկություններով. նախ ազգային մենթալիտետը պահանջում է տղա երեխա ունենալ, և ծնողներն՝ իմանալով երեխայի սեռը, հաճախ հրաժարվում են երեխայից և երկրորդ՝ սոցիալական պայմաններով պայմանավորված՝ զույգերը խուսափում են շատ երեխաներ ունենալուց, առավել ևս, եթե սպասվող երեխան աղջիկ է:

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հետազոտություն է իրականացրել՝ պարզելու ՀՀ-ում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունը: Հետազոտությունը հաստատում է, որ Հայաստանում ընտանիքների մի մասը աղջիկ երեխաների դեպքում աբորտի միջոցով ընդհատում է հղիությունը, ինչի հետևանքով Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը` 2012-ին կազմելով 114 տղա 100 աղջիկ: Մինչդեռ բնական է համարվում 102-ից 106 տղա` 100 աղջիկ հարաբերակցությունը:

 

 ԱԺ «Առողջապահության, մոր և մանկան հարցերի հանձնաժողովում»  նոր օրենքի նախագիծ են առաջարկում՝ երեխայի սեռը գաղտնի պահել մինչև 30 շաբաթական հղիությունը:

 

Այն, որ խնդիրը կարևորվում է, շատ լավ է, բայց մտավախություն կա, որ նման օրինագիծը չի լուծի խնդիրը, քանզի այն նպատակ ունի վերացնելու հետևանքը, այլ ոչ պատճառը: 

 

Ցավոք կա այն մտավախությունը, որ նման օրինագիծը կարող է հղիության արհեստական ընդհատումից հետ պահել 20 ընտանիքից 5-ին, բայց մյուս 15 ընտանիքները կգտնեն ճանապարհը՝ իմանալու երեխայի սեռը, և դա կբերի անօրինական, տնային, ոչ հիգիենիկ պայմաններում աբորտների իրականացմանը, որը նոր հիվանդությունների, ինֆեկցիաների ու, ցավոք, նաև բազմաթիվ կանանց մահվան պատճառ կարող է դառնալ…


Խնդիրը մեր ազգի մտածողության մեջ է… ծայրահեղական, երբեմն անհասկանալի ու անընկալելի, բայց մեր հարազատ ազգի մտածողությունը…


ժամանակին ասում էին՝ «…պիտի տղա ծնվի, որ տան օջախը վառ պահի, աղջկան պահում-մեծացնում ենք, տալիս ուրիշի…»: Թվում է, որ այսօր պետք է նման մտածողությունը չլիներ, բայց այն շարունակում է գերակշռող լինել մեր մտածողության մեջ:


Իսկ ի՞նչ է լինում, երբ աղջիկ երեխան ի վերջո ծնվում է...իր ամբողջ կյանքում շարունակում է զգալ և իր վրա կրել չսպասված լինելու բարդույթը, ինչը չի կարող չանդրադառնալ երեխայի՝ դեռ չձևավորված հոգեկան աշխարհի վրա: Ամբողջ կյանքում նա շարունակում է ձգտել, պայքարել, ապրել՝ ցույց տալու համար, որ աղջիկ լինելը թերություն չի:


Հ.Գ. Հասկացե՛ք, աղջիկ ծնվելը դատավճիռ չէ…

 



Հեղինակ՝  Ապրելու հնարավորություն ստացած աղջիկ

Նույն շարքից