Վերլուծական Քաղաքականություն 

Հավանական է, որ Ադրբեջանն էլ «Մայդան» կունենա

analitik.am

Ուկրաինայում տեղի ունեած դեպքերը ցույց տվեցին, որ մայդանի միջոցով իշխանափոխությունը ոչ միայն հաջողություն չբերեց Ուկրաինային, այլ նաև մասնատեց այն: Սակայն այս վերլուծության մեջ կքննարկվի ոչ թե Ուկրաինայի վիճակը, այլ ուկրաինական սինդրոմի հնարավոր կրկնությունը հետխորհրդային երկրներում՝ մասնավորապես Ադրբեջանում:


Ուշադիր ուսումնասիրելու դեպքում մենք բազմաթիվ նմանություններ կտեսնենք այս երկու պետությունների միջև՝ այդ պետությունների առաջացման, ինչպես նաև ներքին և արտաքին ավերիչ գործողությունների ընդունակ քաղաքական ուժերի քանակի տեսանկյունից:


Հայտնի է, որ Ուկրաինան, ինչպես և Ադրբեջանը, որպես պետություն ձևավորվել է 1917թ-ի Ռուսաստանում իրականացված Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: Հայտնի է նաև, որ ի տարբերություն Ադրբեջանի, ժամանակակից Ուկրաինայի տարածքում նախկինում մի քանի անգամ փորձել են ինքնուրույն պետություն ստեղծել: Սակայն այդ փորձերը դատապարտված են եղել պարտության, քանի որ ճնշվել և ստրկացվել են հարևան արևմտյան երկրների կողմից: Արդյունքում բոլշևիկները զիջեցին որոշ պատմական ռուսական տարածքներ՝ այդ թվում Ղրիմը, ինչի արդյունքում Ուկրաինան կարողացավ ինքնուրույն հանրապետություն դառնալ, որն էլ ԽՍՀՄ փլուզումից հետո հռչակեց իր անկախությունը:

 

Ի տարբերություն Ուկրաինայի, «Ադրբեջան» անունով պետական գոյացություն երբեք չի եղել: Առաջին անգամ այդ անունով պետության ստեղծման մասին հայտարարվեց 1918թ.-ին: Սակայն այդ պետական գոյացությունը, որն անվանվեց Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն, իր խղճուկ դե-յուրե գոյության 23 ամիսների ընթացքում այդպես էլ չճանաչվեց միջազգային հանրության կողմից: Միայն սովետական իշխանության հաստատումից հետո սովետական Ադրբեջանը քիչ, թե շատ պետության նմանվող գծեր ձեռք բերեց, որը միայն 1935թ.-ին՝ Սահմանադրության ընդունմամբ, կայացավ որպես «սուվերեն միութենական հանրապետություն ԽՍՀՄ կազմում», այսինքն որպես առանձին պետություն:

 ԽՍՀՄփլուզումից հետո՝ 1991թ.-ին, ԱՀ-ն հռչակեց իր անկախությունը: Այս իմաստով Ուկրաինան և Ադրբեջանը փաստացի միջազգային ստվերային ուժերի կողմից արհեստականորեն ստեղծված նախագծեր են: Այս երկու պետություններն էլ որոշակի ժամանակահատվածում վերջնականապես սպառեցին իրենց ռեսուրսները՝ ինքնուրույն գոյության համար, և արդեն իսկ Ուկրաինայում, ինչպես նաև արաբական որոշ երկրներում տեղի ունեցած դեպքերը փաստում են, որ այս պետությունները պետք է վերանան աշխարհի քարտեզի վրայից՝ ամեն դեպքում իրենց ներկայիս ձևով:

 

Երկրորդ նմանությունը՝ ազգային ուժերի կայացվածություն և մեծաքանակություն: Եթե Ուկրաինայում այս ուժերը կենտրոնացած են հիմնականում երկրի արևմտյան հատվածում, ապա Ադրբեջանում դրանք պանթյուրքերն են, ովքեր թշնամաբար են տրամադրված ներկայիս՝ փաստացի քրդական, քաղաքական էլիտայի նկատմամբ, և կողմ են միասնական թուրքական պետության ձևավորմանը՝ Ադրբեջանից և Թուրքիայից մինչև Ույգուրիստան՝ Չինաստանի թրքալեզու հատված:


Եթե Ուկրաինայում ազգայնականներին դեմ դուրս եկան հյուսիս-արևելյան ռուսալեզու շրջանները, ապա Ադրբեջանում ազգայնականների դեմ ընդունակ են դուրս գալ միայն ոչ թուրքական արմատներ ունեցող ազգերը, որոնք անկախ իրենց ցանկությունից և կամքից հայտնվեցին այս պետության կազմում, և այս ամբողջ ընթացքում կոշտ պայքար են մղում իրենց պետականությունը վերականգնելու համար:


Այս իմաստով Ուկրաինայի և Ադրբեջանի միջև մեկ հիմնական տարբերություն կա՝ արևմտյան ազգայնականները դեմ էին Ուկրաինայի մասնատմանը, հակառակը՝ ամբողջ ուժերով փորձեցին և փորձում են իրենց իշխանությունը տարածել ամբողջ երկրի տարածքի վրա: Ի տարբերություն Ադրբեջանի ազգերը՝ բացառությամբ դրանց մի փոքր մասի, թուրքական էթնոսի հետ միևնույն պետության մեջ միասնական ապրելու երևէ հեռանկար չեն տեսնում և դեմ են Ադրբեջանի ամբողջականությանը: Սա իր հերթին ավելի քայքայիչ պայքարի կարող է վերածվել՝ թուրքական շովինիստների և արմատական ազգերի միջև:


Բավականին ուշագրավ է այն, որ Ադրբեջանի արմատական ազգերի կողմից մղվող պայքարը վերջին շրջանում ավելի շատ ուշադրության և հասկացվածության է արժանանում Արևմուտքում՝ այդ թվում Եվրոպայում: Դրա ապացույցներն են.


 1) Անցյալ տարի Եվրախորհրդարանում այդ կառույցի պատգամավորների և UNPO (չներկայացված ազգերի կազմակերպություն), ինչպես նաև Ռուսաստանի լեզգիների ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումները


2) Նույն Եվրախորհրդարանում եվրապատգամավորների մեծ խմբի, UNPO-ի և թալիշական ազգային շարժման կողմից կազմակերպված կոնֆերանսը, որը տեղի ունեցավ այս տարվա փետրվարի 19-ին:


Հատկանշական է, որ այս կոնֆերանսին մասնակցեցին Ադրբեջանում, ՌԴ-ում և Եվրոպայում գործող բոլոր թալիշական կազմակերպությունները: Կոնֆերանսի ընթացքում՝ Բաքվից ժամանած բավականին մեծ պատվիրակության ներկայությամբ, Թալիշական ազգային շարժումը ամբողջ թալիշ ազգի անունից հայտարարեց. «Մեր պայքարի հիմնական նպատակը Թալիշստանի անկախության հռչակումն է»:


Այս ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի կազմում գտնվող ազգերը՝ ի տարբերություն Ուկրաինայի ազգայնականների, աստիճանաբար ճանաչվում են միջազգային հանրության կողմից՝ որպես Ադրբեջանի մոտալուտ ճակատագրական գործընթացներում գոյություն ունեցող գործոններ, ինչպես նաև տարածաշրջանային գեոպոլիտիկ սուբյեկտներ, որոնք իրենց իրավունքները վերականգնելու համար բավականին խաղաղ և դեմոկրատական պայքար են մղում:


 Երրորդ նմանությունը՝ մոտ 100 տարի գոյություն ունեցող պետականության պայմաններում Ադրբեջանի իշխանությունները (այդ թվում Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն և ԱԽՍՀ) չկարողացան այսպես կոչված «տիտղոսակիր էթնոսից» միասնական քաղաքացիական ազգություն ստեղծել:


Ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ մասնատման գիծը շատ հստակ է ՝ Արևմուտք և Արևելք,Ադրբեջանում գոյություն ունեն պատմականորեն ձևավորված առանձին շրջաններ, որոնց միջև հարաբերությունները, մեղմ ասած, լի են հակասություններով, շատ դեպքերում բացահայտ թշնամանքով: Այս շրջաններից յուրաքանչյուրը կոշտ պայքար է մղում երկրում իշխանությունը վերցնելու համար, և ատում է իր հարևանին: Անկախության տարիների ընթացքում այս շրջաններում ավելացավ նաև թուրքախոս բնակչությունը՝ Վրաստանից և Հայաստանից եկած, ովքեր շատ կարճ ժամանակահատվածում ստեղծեցին իրենց կլանները, որոնք էլ այսօր փաստացի գտնվում են երկրի իշխանության կազմում, տնտեսական էլիտայի մասն են կազմում, ինչպես նաև զբաղեցնում են կարևորագույն պաշտոններ: Այս վիճակը էլ ավելի է բարդացնում հարաբերությունները տեղացի «ադրբեջանցիների» և «եկվորների» միջև:


Այս ամենին գումարենք նաև այն, որ ադրբեջանցիների մեծամասնությունն Ալիևի ընտանիքին ընդունում է որպես «օկուպանտ», որն ուժով զավթել է իշխանությունը: Այս ամենի մասին ոչ միայն խոսում են, այլ վերջին շրջանում բազմաթիվ ԶԼՄ-ներ նաև գրում են: Ի տարբերություն Ալիևի, Յանուկովիչն իր երկրում համարվում էր «հայրենակից», այսինքն ուկրաինացի:


Չորրորդ. Թե Ուկրաինայում, թե Ադրբեջանում քաղաքական ռեժիմը խորացած «օլիգարխիական» է, ինչը երկրում սուր բևեռվածություն է ստեղծում «վերևների» և «ներքևների», աղքատների և հարուստների միջև: Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը դատապարտված է աղքատության, ինչի արդյունքում երկրում տիրում է իշխանության նկատմամբ բացահայտ ատելության և թշնամանքի մթնոլորտ: Վերջին շրջանում Ադրբեջանում անհամեմատ աճել են ցույցերը՝ բնակչության տարբեր շերտեր բողոքում են այս կամ այն խնդրից, իսկ իշխանությունն էլ ստիպված է բավարարել նրանց պահանջները, քանզի այլևս չի կարող ուժ գործադրել նրանց ճնշելու համար, ինչպես արվում էր առաջ: Աստիճանաբար երկրում ձևավորվում է այն հեղափոխական իրավիճակը, որը վաղ, թե ուշ հանգեցնելու է համազգային պայթյունի:


Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ Բաքվի իշխանությունները դեռ երկար ժամանակ կարող են հանգիստ լինեն, սակայն այստեղ պետք է հաշվի առնել արտաքին գործոնը՝ այսինքն այն քայքայիչ գործընթացները, որոնք գրավել են ամբողջ տարածաշրջաններ՝ մասնավորապես Մերձավոր Արևելքը, և դրանք արդեն երկար ժամանակ է հետևում են Ադրբեջանին:


Հինգերորդ՝ Ադրբեջանում առկա է կրոնական հզոր գործոն, որը Ուկրաինայում նույնպես կար՝ ուղղափառների և կաթոլիկների հակամարտությունը, սակայն որոշիչ դեր չէր խաղում, իսկ Ադրբեջանում այն արդեն բացահայտ սպառնում է իշխանությանը: Ադրբեջանը համարվում է ավանդական շիիական պետություն, որտեղ մուսուլման-շիիտները կազմում են բնակչության մեծամասնությունը, սակայն Ադրբեջանի անկախացումից ի վեր պանթյուրքիստները բացահայտ կոչ են անում իրենց համացեղակիցներին հետևել սուննիական հանաֆիական մազհաբին, որը անատոլիական թուրքերի ավանդական ուղղությունն է: Այս ամենի արդյունքում այսօր ազերի-թուրքերի որոշակի հատված իրենց համարում է սուննի: Այս ամենի հետ միասին, Ադրբեջանի բոլոր մակարդակներում գործում է լայնածավալ, լավ կազմակերպված այսպես կոչված «նուրսիստների» ցանցը, որոնց որոշ հատվածը պատկանում է այսպես կոչված «հալիսներին», այսինքն Բադիազզաման Նուրսիի հետևորդները, իսկ մեծ մասը՝ մտնում է «ջամաթայի» կազմի մեջ՝ Ֆ. Գյուլենի կողմից ղեկավարվող «Հիմզեթ» կազմակերպություն, որն ունի բազմաքանակ դպրոցներ ամբողջ երկրի տարածքում:


Գյուլենի հետևորդներն ունեն ուժեղ դիրքեր տնտեսության մեջ, ներկայացված են իշխանական և պետական կառույցներում: Այս ամենից բացի, վերջին շրջանում Ադրբեջանում մեծ տարածում է ստացել սալաֆիզմը: haqqin.az պորտալի հրապարակած նյութերի համաձայն ներկայումս սալաֆիտների թիվն Ադրբեջանում կազմում է 50 հազար: Այդ նույն կայքը համարում է, որ այս թիվը վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի համար, սակայն ավելի օբյեկտիվ լինելու համար, պետք է նշել, որ այս թվով սալաֆիտները բավականին հզոր ուժ են, որոնք կարող են «Ադրբեջանին ջիհադ հայտարարել»: Այս սալաֆիտներից շատերն անցել են ռազմական լավ պատրաստվածություն՝ Աֆղանստանում, Սիրիայում և այլ երկրներում:


Եթե հաշվի առնենք նույն Ուկրաինայի փորձը, որտեղ տարբեր ԶԼՄ-ների փոխանցմամբ վերջին դեպքերից առաջ համախմբված կերպով Սիրիայից վերադարձան մոտ  400 ահաբեկիչներ, ապա հարյուրավոր, անգամ հազարավոր նման իսլամիստների անհրաժեշտ պահին Ադրբեջանում հայտնվելը միանգամայն հնարավոր է: Սալաֆիտներից բացի,  «եղբայրական» Թուրքիայում առկա հակամարտության ֆոնի վրա՝ Էրդողան և Գյուլեն, չի կարելի բացառել նաև նուրսիստների ակտիվացումն Ադրբեջանում: Ինչ վերաբերում է շիական մեծամասնությանը, ապա այն ավելի շատ դժգոհություններ ունի իշխանությունից,, քան մնացած խմբերը. Իշխանությունները նուրսիստներին  գործունեության լիակատար ազատություն են տվել, իսկ սալաֆիտների նկատմամբ մինչև վերջին շրջանը որևէ պայքար չեն մղել, և իրենց ամբողջ ուժն ուղղել են դեպի շիաների դեմ պայքարը: Իրադարձությունների նման զարգացման դեպքում շիաները կարող են հզոր ուժ դառնալ և որոշիչ դեր խաղալ երկրի ճակատագրի որոշման հարցում:


Վեցերորդ կետը իշխանության լեգիտիմության հարցն է: Չնայած որ Յանուկովիչի վարած հակաժողովրդական քաղաքականությունը քիչ է տարբերվում Ալիևի վարած քաղաքականությունից, ուկրաինական լիդերն ամեն դեպքում ժողովրդի կողմից լեգիտիմորեն  ընտրված նախագահ էր: Վերջինիս նախագահի պաշտոնում  ընտրվելը գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների և առաջատար պետությունների կողմից ճանաչվել է Ուկրաինայի քաղաքացիների կողմից արված ազատ և դեմոկրատական ընտրության արդյունք: Ի տարբերություն Յանուկովիչի, Իլհամ Ալիևի իշխանության գալը շատ միջազգային կազմակերպություններ բնորոշեցին՝ որպես իշխանության զավթում՝ ուժի միջոցով և ժառանգականության սկզբունքով:  Ինչ վերաբերում է Ադրբեջանում կայացած վերջին նախագահական ընտրություններին, ապա դրանք շատ  եվրոպական կազմակերպությունների և ԱՄՆ իշխանության կողմից ճանաչվեցին  «ոչ դեմոկրատական» և անցկացված «բազմաթիվ խախտումներով», դեռ չենք խոսում այն մասին, որ Ալիևը երրորդ  անգամ իշխանության եկավ  քաղաքակիրթ աշխարհում գործող բոլոր դեմոկրատական սկզբունքները ոտնահարելով:


Այս պայմաններում չի կարելի ակնկալել, որ Բաքվում «սեփական Մայդանի» ձևավորման դեպքում, արտաքին ուժերից որևէ մեկը կկարողանա պաշտպանել Ալիևի վարչակարգին:   


Եվ այս ամենի ֆոնին ադրբեջանական բոլոր վերլուծաբանները փորձում են ապացուցել, որ Ուկրաինայի դեպքերը չեն կարող կրկնվել Բաքվում, մոտիվացնելով իրենց կարծիքը «յուրաքանչյուր երկրում առկա առանձնահատկություններով»,  սակայն ավելի մանրամասն վերլուծությունն ապացուցում է, որ հենց այդ առանձնահատկություններն են դարձնում Ադրբեջանին էլ ավելի խոցելի ներկայիս գոեպոլիտիկ փոթորիկների ժամանակաշրջանում, իսկ Բաքվի կենտրոնում «Մայդանի» ձևավորումն՝ էլ ավելի հավանական:


Անի Հովհաննիսյան

Նույն շարքից