Առողջապահություն Հասարակություն Վերլուծական 

Վիտամինացված հացի «խերը»

analitik.am

Պարզվում է՝ ՀՀ կառավարությունը խիստ մտահոգված է ֆինանսական ծանր վիճակում գտնվող և սովի ճիրաններում հայտնված ժողովրդի առողջական վիճակով: Դրա վառ ապացույցն է «ազգի ջոջերի» կողմից վերջերս առաջ քաշված «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն, ժողովուրդն, այսուհետ, սնվելու է ըստ պահանջի՝ գնելով մեկ սպիտակ, փքուն, անուշաբույր հաց, միանգամից ստանալու է վիտամինների այնպիսի հարուստ փունջ, ինչպիսիք են՝ երկաթը, զանազան հանքային նյութեր, մետաղներ, ամինաթթուներ, ճարպային թթուներ և այլն: Այս օրենքի նախագիծը «ծանրութեթև» անելիս, երևում է, ազգին առողջ տեսնելու ցանկությամբ տոգորված մեր բարձրաստիճան այրերն անքուն գիշերներ են անցկացրել, բայց ամենակարևորը՝ գտել են հնարը: Այսպես. ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ մարդիկ այլևս չեն տրտնջալու «չլինելուց», չեն բողոքելու, որ մսից, մրգից, բանջարեղենից, և առհասարակ, ճոխ սեղաններից զրկված են, որ դրանցից օգտվելու հնարավորություն ունեն միայն հարուստները, իսկ իրենք, նույնիսկ 1 կգ միս չեն կարող գնել. Այո՛, ի՜նչ խոսք, գտնված հնարը և՛ հեշտ է, և՛ մատչելի…

 

ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր հերթին է երկու ձեռքով ողջունել այս օրենքի նախագիծը՝ առանց խորանալու դրանից բխող հետևանքների մեջ: Իսկապես, ի՞նչն է պատճառը, որ վերջինս երբևէ չի խոսում սննդամթերքի արհեստական հարստացման ռիսկերի մասին: Չէ՞ որ, գիտական բժշկության մեջ ապացուցված է, որ մինչ օրս չի ստեղծվել երկաթ պարունակող այնպիսի դեղամիջոց, որը կարող է փոխարինել երկաթին. Շատ մասնագետներ պնդում են, որ մարդն իր օրգանիզմում եղած երկաթի դեֆիցիտը կարող է լրացնել միայն համապատասխան սննդակարգով: Այն հավելանյութերն ու քիմիական նյութերը, որոնցով ՀՀ կառավարությունը որոշել է համեմել հանապազօրյա հացը՝ տալով նրան ախորժալի բույր և տեսք (ինչը, ի դեպ, վաղուց է արվում տարբեր հացթուխների և հաց արտադրողների կողմից), օրգանիզմին նաև բավականաչափ թույն կներարկի: Հետաքրքիր է՝ ի՞նչ է ասում այս մասին «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծը:

 

Այդ օրենքի նախագիծը կարգավորում է մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի և վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցություններից զերծ պահելու նպատակով ցորենի ալյուրի հարստացման և հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները: Մասնագետների կարծիքով` «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի մի քանի տարի անց խոսել առողջության տարբեր ցուցանիշների բարելավման մասին:
Օրինակ, սույն օրենքի հոդված 2-ում սևով սպիտակին գրված է. հարստացված ցորենի ալյուրի անվտանգություն` երաշխիք, որ հարստացված ցորենի ալյուրը պիտանիության սահմանված ժամկետում, ըստ նշանակության օգտագործելու դեպքում, վնասակար ազդեցություն չի ունենա մարդու կյանքի և առողջության վրա:

 

Այնուհետև կարդում ենք՝ հոդված 4. Օրական մինչև 30 տոննա հզորություն ունեցող հոսքագծերով արտադրվող բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը կարող է հարստացվել պրեմիքսներով` սույն օրենքին համապատասխան:

 

Օրենքի այս նախագծում, խոսվում է հացին ավելացվող հավելանյութերի անվտանգության, առողջության բարելավման մասին և այլն: Նկատենք, խոսք է գնում նաև ալյուրը պրեմիքսներով հարստացնելու մասին: Հարց է առաջանում՝ իսկ որաքնո՞վ է դա անվնաս հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն առողջական խնդիրներ և, որ երկաթի ավելցուկը կարող է անդառանալի հետևաքներ թողնել նրանց առողջության վրա: Ինչո՞ւ է ՀՀ առողջապահության նախարարությունը աչք փակում այս կարևորագույն խնդրի առաջ:

 

Երեկ, սույն թեմայով քննարկման ժամանակ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ ոչ միայն երկաթի պակասն է վնասակար, այլև ավելցուկը, միաժամանկ բարձրացնելով հետևյալ հարցը՝ «Առողջապահության նախարարությունը երբեք չի խոսել այն մասին, թե ինչ վնասներ կարող է հասցնել առողջությանը երկաթի ավելցուկը։ Չի ասվում նաև, թե ՀՀ քաղաքացիների որ տոկոսին է վնաս երկաթը. ինչո՞ւ»։ Հարց, որի պատասխանը դեռևս լիարժեքորեն պարզաբանված չէ:

 

Հ.Գ. Առողջապահության նախարարությունն այս նախագծի ընդունման վերաբերյալ ունի իր հիմնավորումները, այն է՝ կանխել սակավարյունության խնդիրը, որն ունեն նախադպրոցական տարիքի երեխաների 37 տոկոսը, վերարտադրողական տարիքի կանանց 25 տոկոսը, հղիների 39 տոկոսը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ սակավարյունության 90 տոկոսի պատճառը երկաթի անբավարարությունն է: Մեկ այլ հետազոտության արդյունքով՝ ֆոլաթթվի անբավարարության պատճառով Հայաստանում 1000 երեխայից 2-ը ծնվում է ցմահ հաշմանդամություն առաջացնող բնական արատով…Պատճառներ, այն էլ ՝ լուրջ, որոնք ստիպում են մեր երկրի խիստ մտահոգ ղեկավարներին նման ազգանպաստ օրենք ընդունել:

 

Թեև «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծում նշված է, որ բացառվում է կոռուպցիոն ռիսկերը, սակայն, ամեն ինչ, ավելի քան պարզ է (եթե, իհարկե, հաշվի առնենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի շահագրգռվածությունն այս հարցում): Հասկանալի է, սա գրանտային ծրագիր է, որից ուզում են միանգամից շահել բոլորը, այդ թվում մեր «խելացի» «մտահոգները» և որ ամենացավալին է՝ մարդկանց առողջության հաշվին:

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից