Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Զինվորի մահվան հերթական շահարկման փորձը. Ինչո՞ւ է զինվոր Հայկ Խաչատրյանի ընտանիքը միակը, որ փոխհատուցում է ստանում

analitik.am

«Հանուն իրավունքների» բարձրագոչ վերտառությամբ կայքը հերթական նյութն է հրապարակել, որտեղ իր խորը կասկածներն է բարձրաձայնում 2017 թվականի սեպտեմբերի 1-ին Ասկերանի N Զորամասի զինծառայող Հայկ Խաչատրյանի զոհվելու շուրջ։ Հիշեցման կարգով՝ Հայկ Խաչատրյանը զոհվել էր առաջադրանք կատարելու ընթացքում՝ դժբախտ պատահարի հետևանքով՝ պայթել էր ականի վրա։ Հայկ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայության համար» մեդալով։ Համաձայն պատահարի մասին պաշտոնական մեկնաբանության, սերժանտ Խաչատրյանը վթարված կապը վերականգնելու առաջադրանք է ստացել, ծառայակիցներից մեկի հետ գնացել առաջադրանքը կատարելու, կապը վերականգնել էր և հետդարձի ճանապարհին դուրս եկել ականապատ գոտի, ականի պայթյունից ստացել մահացու վիրավորում։ Խաչատրյանին ուղեկցող զինվորը ստացել էր ձեռքերի և ոտքերի այրվածքներ։ Մեկնաբանությունն առավել քան հստակ է, չնայած այն փաստին, որ Պաշտպանության նախարարությունը կարող էր անգամ չհրապարակել որևէ մանրամասն, քանի որ խոսքը վերաբերում էր մարտական ծառայության և առաջադրանքի մասին։ Սակայն պարզվում է, որ վերոհիշյալ կայքը սևեռված է կասկածի տեղիք տվող հանգամանքներ գտնելու վրա, ուստի կայքը նյութ է հրապարակում՝ վերնագրում նշելով, թե ՊՆ-ն չի հայտնում դեպքի մանրամասները, ապա հարցազրույց վերցնում Հայկի ծնողներից, և հոդվածագիրն անուղղակի կերպով փորձում է ցույց տալ, որ Հայկի զոհվելու իրական հանգամանքները պարզ չեն։ Կայքը մասնավորապես գրում է․ «Հայկի մահվան շուրջ տարբեր խոսակցություններ կան, մեկը մյուսից անհավանական: Մի վարկածի համաձայն, որը տարածվել է գյուղում, Հայկն ինքն է մեղավոր, սեփական անզգուշության զոհն է: Գուսանագյուղի գյուղապետ Վասակ Ղազարյանն է այն բարձրաձայնել տեղի «Ցայգ» հեռուստատեսությամբ: «Ինքը մի հատ բլուր է բարձրացել, հետի ընկերը ասել է՝ Հայկ ջան, էդ բլուրի վրայից թուրքերը կտեսնեն, կարող է սնայպերը աշխատի քո վրա, ներքև իջի: Երեխեն շրջադարձ է կատարել, որ ներքև իջնի, սայթաքել է փոքր բլրի վրայից և ընկել է մինապատ տարածքը»: Մյուս վարկածի համաձայն, Հայկը գնացել է կապի մալուխը նորոգելու, չի նկատել, թե ինչպես է ականին դրել ոտքը: Երրորդ էլ «հատուկ առաջադրանքի» վարկածն է»։

Հիմա գանք սկզբից։ Նախ՝ հոդվածագիրն իրեն թույլ է տալիս գնահատական տալ և հայտարարել, որ Հայկի զոհվելու մանրամասների վերաբերյալ վարկածներն անհավանական են։ Թե ինչ անհավանական բան կա հենց ներկայացրած վարկածներից որևէ մեկում, դժվար է հասկանալ։ Ի վերջո անհավանակա՞ն է, որ կապավոր սերժանտը կապը վերանորոգելու առաջադրանք ստանա, կատարի առաջադրանքը և դժբախտ պատահարի արդյունքում պայթի ականի վրա։ Գուցե ավելի անհավանական է հոդվածագրի երևակայությունը, համաձայն որի կան ինչ-որ գաղտնի հանգամանքներ։ Կարծես թե ակնհայտ է, որ այստեղ որևէ անհավանականություն չկա և չի էլ կարող լինել։ Կա միայն ողբերգության փաստ, որ պատանի սերժանտը դժբախտ պատահականությամբ պայթել է ականի վրա՝ առաջադրանք կատարելիս։

Հաջորդը՝ հոդվածագիրը, «հուշիկ քայլերով» փորձում է առաջ տանել, այսպես ասած, հատուկ առաջադրանքի վարկածը, որի մասին ՊՆ-ն չի ասում, ուստի մեջբերում է Հայկի հոր խոսքերը․ «Գագիկ Խաչատրյանը ենթադրում է, որ որդին թշնամու սահմանը հատելու առաջադրանք է ստացել, որի մասին ոչ ոք չի ցանկացել իրեն պատմել»։ Այստեղ բաց է մնում այն հարցը, թե արդյո՞ք հենց հոդվածագիրը չի ուզում, որ նման ենթադրություններ լինեն։ Ի վերջո որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ լրագրողը կարող է այսպիսի հարց ձևակերպել «Իսկ հնարավո՞ր է, որ Հայկը հատուկ առաջադրանք ստացած լինի»։ Նման հարցի որդեկորույս հայրը բնակաբար պետք է պատասխանի, որ չի բացառում։

Հաջորդ թաքնված նրբերանգը, որը հոդվածագիրն օգտագործում է գաղտնիության ու կասկածի մթնոլորտ ստեղծելու համար, Հայկին ուղեկցած զինվորի մասով է։ Հոդվածում նշվում է, որ զինվորը ոչինչ չի ասել ծնողներին դեպքի մանրամասների մասին։ Այստեղ պետք է շեշտել, որ տվյալ զինվորը ականի պայթյունից նույնպես վնասվածքներ է ստացել։ Հստակեցնելու համար նշենք, որ պայթել է ֆուգասային ական: Ի տարբերության բեկորային ականների, ֆուգասային ականների պայթյունի հետևանքով առաջացած պայթյունի ալիքը կարող է առաջ բերել կանտուզիա և այրվածքներ, ինչի մասին նշված է։ Թե ինչ մանրամասներ կարող էր պատմել նման իրավիճակում վիրավորված ընկերոջը տեսած զինվորը, որն ինքն էլ վիրավորվել էր, դժվար է ասել։ Ավելի ճիշտ դժվար է ասել, թե ինչ էր սպասում հոդվածագիրը։

Վերջապես հոդվածում նշվում է․ «Հայկ Խաչատրյանը միակն է ականապայթյունային վնասվածքներից մահացածներից, ում ընտանիքներին Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամը տրամադրել է միանվագ հատուցում՝ տաս մլն դրամի չափով և ամսական 200 հազար դրամ, որը ընտանիքը ստանալու է 25 տարվա ընթացքում: Ընդհանուր գումարը կկազմի 58 մլն դրամ: «Իրենք ասում են՝ Հայկը շատ ուժեղ գործ է կատարել, բայց չեն ասում, թե ինչ», - նկատում է Հայկի հայրը»։ Այստեղ նույնպես հոդվածագիրն արհեստականորեն կասկածներ է սերմանում՝ նշելով, որ ականի պայթյունից մինչ օրս զոհվածների մեջ Հայկը միակն է, ում ընտանիքին հատկացվել է փոխահատուցում։ Սա իհարկե բավական հետաքրքիր նրբերանգ է, սակայն միայն առաջին հայացքից։

Նման բոլոր այն դեպքերում, երբ հատուցում չի հատկացվել բացատրությունը շատ պարզ է, այդօրինակ դժբախտ պատահարները եղել են անզգուշության կամ անփութություն արդյունքում և ոչ թե մարտական ծառայության կամ առավել ևս առաջադրանք կատարելու ընթացքում։ Հայկի պարագայում իրավիճակն այլ է։ Իսկապես, ինչպես Հայկի հայրն է նշում, նա ուժեղ գործ է արել՝ ստացել է առաջադրանք, այն կատարել է և առաջադրանքը կատարելուց հետո միայն տեղի է ունեցել դժբախտ պատահարը։ Սա է նաև պատճառը, որ Բակո Սահակյանը Հայկ Խաչատրյանին հետմահու պարգևատրել է ԼՂՀ սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով։ Հենց այս պարգևատրումից էլ բխում է փոխհատուցումը։

Վերջապես հոդվածագրի առաջ քաշած «հատուկ առաջադրանքի» մասով՝ նախ Հայկ Խաչատրյանին տրված առաջադրանքը մարտական է եղել, իսկ ցանկացած մարտական առաջադրանք հատուկ է։ Սա թերևս հասկանում է հոդվածագիրը, սակայն նա փորձում է ակնարկել, որ խոսքը վերաբերում է ոչ թե հայտնի առաջադրանքի, այլ ինչ-որ ոչ նորմատիվ կամ գաղտնի առաջադրանքի։

Այսօրինակ կասկածները ցրելու համար բավարար է պարզապես համադրել պարզ փաստերը։ Հայկ Խաչատրյանն ուսումնական զորամասում ծառայելուց հետո Ասկերանի տվյալ զորամասում ծառայում էր ընդամենը երկու ամիս։ Ծառայում էր որպես կապավոր, կապի ջոկի հրամանատար։ Կապավորների բոլոր առաջադրանքները կապված են կապ հաստատելու և կապ վերանորոգելու հետ։ Սա պարզ է բանակի ստորաբաժանումների մասին անգամ հեռավոր պատկերացումներ ունեցողների համար։

Որևէ բանակում՝ հայկական, կորեական, ամերիկյան, իտալական, որևէ մեկը կապավորին հետախուզության առաջադրանք չի տալիս և չի կարող տալ։ Ավելին, հայ-ադրբեջանական շփման գծում հետախուզական առաջադրանքներ չեն ստանում նույնիսկ ժամկետային զինծառայող հետախույզները։ Նման առաջադրանքներ իրականացնում են հատուկ նշանակության ջոկատները կամ անհատ հետախույզները, որոնց մասին չգիտենք ոչ մենք, ոչ էլ հոդվածագիրը։ Թե ինչու չգիտենք և պետք էլ չէ, որ իմանանք, կարծես թե հասկանալի է։

Վերջապես հոդվածագիրը թերևս մոռացել է հարցնել կամ հոդվածի մեջ նշել, որ Հայկ Խաչատրյանը մշտապես գոհ է եղել իր ծառայությունից, ինչի մասին վկայում են և՛ համագյուղացիները, և՛ Հայկի ծնողներն ու հարազատները։ Մոռացել է նշել, որ հենց Հայկի խոսքերով, զորամասի փորձառու սպաները տարբեր առաջադրանքներ իրականացնելիս հատուկ ուշադրություն են դարձրել զորամաս նոր տեղափոխված զինվորներին ու սերժանտներին, քանի որ վերջիններս տեղանքին լավ ծանոթ չեն։ Իսկ գուցե հոդվածագիրը ոչինչ էլ չի մոռացել, այլ պարզապես նրա խնդիրն այլ է եղել։

Հեղինակ՝ Ա. Մարգարյան

Նույն շարքից