Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Քոչարյանի «Մահակի համակարգ»-ը

analitik.am

Մեր նախորդ հոդվածում  փորձեցինք վերհանել այն հարցերը, որոնք արժանվույնս չեն քննարկվել ու գնահատվել՝ Հայաստանում նախագահական ինստիտուտի և ընդհանրապես քաղաքական համակարգի տրանսֆորմացիայի տեսանկյունից։ Շարունակելով այս անցումները՝ փորձենք արդեն առանձնացնել մի շարք առանցքային իրողություններ, որոնք տեղ գտան հայաստանյան հասարակական-քաղաքական իրականության մեջ 1999 թվականի հոկտեմբեր 27-ից հետո։

Ըստ էության, պետությունը փաստացի գլխատած ահաբեկչությունից հետո կարճ ժամանակում երկրի դե յուրե և դե ֆակտո մնացած միակ ղեկավարը դարձավ Ռոբերտ Քոչարյանը։ 1999-2000 թվականները կարելի է ասել անցումային փուլ էին՝ Քոչարյանի կողմից իշխանության գերկենտրոնացմանը հասնելու ճանապարհին։ Սակայն, այս խնդիրը լուծվեց, և Քոչարյանի խոսքերով ասած, նա դարձավ երկրի «միակ տղամարդը»։ Թերևս, այս արտահայտությունը լավագույնս էր բնութագրում այն համակարգը, որը ձևավորվեց Քոչարյանի պաշտոնավարման շրջանում։ Ներկայումս տարբեր հարթակներում քոչարյանական կառավարումը հայտարարվում է ավտորիտարիզմի շրջան։ Անշուշտ, նման գնահատական տալը բավական հեշտ է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց մի համակարգ, որը ձևավորվում և հիմնվում էր ոչ թե քաղաքական գործիքների, շարժերի և տրամաբանության, այլ ուժային մեթոդի վրա։

Այս համակարգը որոշակիորեն կարելի է նաև անվանել «մահակային սիստեմ»։ Քոչարյանական տասնամյակը նշանավորվեց մի շարք սպանություններով, որոնք դժվար է համարել կենցաղային։

1998 թվականին իր աշխատասենյակում սպանվեց ՀՀ Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը։ Պաշտոնական վարկածով, սպանությունը կատարել էր ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը, ապա  ինքնասպան եղել։ Նույն թվականին սպանվեց պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին, 1999 թվականին՝ պաշտոնական վարկածով, երկու կրակոցով ինքնասպան եղավ ՀՀ ՆԳ և ԱԱ  փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը։

2001 թվականին սպանվեց ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողության պետ Գարիկ Պողոսյանը։ 2002 թվականի դեկտեմբերին սպանվեց լրագրող, Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը։

2006 թվականին սպանվեց ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանը։

2007 թվականին սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը։ Ներկայացված ցանկն ամբողջական չէ, քանի որ ներկայացված ժամանակահատվածում տեղի ունեցան նաև մի շարք այլ հայտնի պաշտոնատար անձանց և գյուղապետերի սպանություններ։ Այս շարքում սակայն առանձնանում էր Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի սպանությունը «Առագաստ» սրճարանում։

Պողոսյանին սրճարանի զուգարանում ծեծի էին ենթարկել Քոչարյանի թիկնապահները՝ համաձայն խոսակցությունների «Պրիվետ Ռոբ» արտահայտության համար։ Հասկանալի է՝ Պողոսյանի սպանությունը քաղաքական չէր և թերևս կանխամտածված չէր, սակայն այս օրինակը ցույց է տալիս ուղղակիորեն, որ Հայաստանում հաստատվում էր բիրտ ուժի վրա հիմնված համակարգ։ Այս համակարգը բոլորովին էլ ավտորիտար չէր, ինչպես հաճախ ասվում է, և ոչ էլ իշխանության դիկտատուրա։ Ընդհակառակը՝ ինչքան էլ քոչարյանական շրջանը փորձ արվի ներկայացնել որպես այդպիսին, այնուամենայնիվ, թերևս այս համակարգը շատ ավելի պարզունակ էր։ Հաստատվել էր պարզապես «լավ տղու կամ ուժեղ տղայի անձնական համակարգ»։

Քոչարյանն առանձնապես չէր փայլում քաղաքական գործունեությամբ, քանի որ սովոր էր հարցերը լուծել կտրուկ, առանց մանևրելու։ Ընդ որում, նա նույն ոճով էր հարցերը լուծում թե՛ քաղաքականության մեջ, թե՛ ցանկացած այլ ոլորտում։ Եթե կա տհաճություն պատճառող գործիչ, պաշտոնյա, թերթ կամ լրագրող, կարելի է պարզապես հեռացնել ասպարեզից։ Ի դեպ, հետաքրքրական է, որ և՛  Արթուր Բաղդասարյանի , և՛  Քոչարյանի կողմից իշխանության համակարգից վտարված մյուս պաշտոնյաների պաշտոնանկության մասին հրամանագրերի մասով Քոչարյանն անգամ հասարակ պոլիտկոռեկտությամբ չէր փայլում և գրեթե վիրավորական բնութագրումներ էր տալիս։

Սակայն, սա թողնենք մի կողմ։ Խնդիրն այն է, որ Քոչարյանի ստեղծած համակարգը որոշակի ժամանակահատված գործում էր։ Համաշխարհային տնտեսության վերելքի պայմաններում Հայաստանում զարգացում էր ապրում շինարարությունը։ Արդյունքում երկրում կար փող, հետևաբար՝ աշխատանք և աշխատատեղեր, որն էլ նպաստեց տնտեսական որոշակի աճի գրանցմանը։ Թե ինչ հետևանքներ ունեցավ հայաստանյան տնտեսության համար այս իրավիճակը, թերևս, տնտեսագիտական մեկնաբանության թեմա է, մենք կարող ենք միայն փաստել, որ հենց Քոչարյանի օրոք ձևավորվեց, այսպես կոչված, օլիգարխիայի խավը՝ սրանից բխող մոնոպոլիաներով, ինչն էլ իր հերթին որոշեց արդեն քաղաքական համակարգի բովանդակությունը։

Այս զարգացումներում, սակայն, լրջագույն խնդիր հետագայում պետք է դառնար այն, որ  «Գույք՝ պարտքի դիմաց»  ու մի շարք այլ ծրագրերի իրականացման արդյունքում Ռուսաստանը կամ ռուսական կապիտալը դարձան Հայաստանի խոշորագույն օլիգարխը կամ կապիտալիստը՝ անվանումներն այստեղ շատ բան չեն փոխում։

Օլիգարխիկ համակարգում Քոչարյանի գլխավոր հենարանը և իշխանության իրարկման գործիքները դարձան անհատ բիզնեսմենները, մոնոպոլիստներն ու «ուժեղ տղերքը», սակայն քաղաքական համակարգի զարգացումն այս իրականության պայմաններում, ըստ էության, կանգ առավ։ Իրավիճակը բովանդակային փոփոխություններ չկրեց նաև 2005 թվականի Սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնց համաձայն Հայաստանը դե յուրե  անցում էր կատարում կիսանախագահական մոդելին։

Այս անցումն, անշուշտ, միայն թղթի վրա էր։ Գործնականում քաղաքական համակարգի կարևորագույն մաս կազմող կուսակցական կամ բազմակուսակցական համակարգն այդպես էլ չէր ձևավորվում։ Քոչարյանն ինքը 1998 թվականին ընտրվեց նախագահ՝ «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» խոստումնալից կարգախոսով։ Անշուշտ, 2003 թվականին՝ վերընտրվելով, Քոչարյանն ուներ Հանրապետական կուսակցության և մի շարք այլ կուսակցությունների աջակցությունը, սակայն ժամանակի քաղաքական համակարգում Նախագահ-քաղաքական կուսակցություն կապը գրեթե բացակայում էր կամ լավագույն դեպքում միջնորդավորված էր վարչապետով։ Կուսակցական համակարգի անկատարության արդյունքում էր նաև, որ հայաստանյան քաղաքական համակարգում քաղաքական ընդդիմություն այդպես էլ չէր ձևավորվում և չի ձևավորվում մինչ օրս։ Քոչարյանական համակարգում ընդդիմությունն ընկալվում էր ոչ թե որպես համակարգի կարևոր բաղադրիչ, այլ զուտ թշնամի կամ «իշխանության վատը ուզողների խմբակ»։ Միաժամանակ, փաստացի իշխանության հենարան Հանրապետական կուսկացությունը նույնպես չէր ձևավորվում՝ որպես քաղաքական գործոն։ Այլ կերպ ասած, քոչարյանական տասնամյակում իշխանությունն իրականացվում էր ապաքաղաքական կամ լավագույն դեպքում մերձքաղաքական միջոցներով ու գործիքներով։ Նման իրականության պայմաններում մոտեցող համաշխարհային ճգնաժամը, բնականաբար, բերելու էր հանրային դժգոհության առաջացմանը։ Այս դժգոհությունը ռեալ և քաղաքական համակարգի մաս կազմող ընդդիմության բացակայության պայմաններում գեներացվեց 2008 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում։

Թերևս, պետք է նշել, որ, ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ չընկալեց, թե ինչ կատարվեց 2008 թվականին։ Խոսքը վերաբերում է ոչ թե նախագահական ընտրություններին նախորդած ու հաջորդած մարտիմեկյան իրողություններին, այլ հենց այն համակարգի տրանսֆորմացիային, որը ստեղծվել էր նրա օրոք։

Սա ինքնին բավական լայն ու բաց քննախոսության դաշտ է, քանի որ գուցե շատ հեշտ է պարզապես ասել, որ արյունարբու քոչարյանական համակարգը որոշեց կրակել ցուցարարների վրա և դրանով հարցը լուծել, սակայն այս մեկնաբանությունն արդեն իսկ շրջանցում է այն հարցը, թե ինչ դերակատարություն ունեցավ քոչարյանական քաղաքական համակարգի ձևավորումն ու սկզբունքները մարտիմեկյան  իրադարձություններում։

Ի վերջո, եթե իշխանությունը կամ ավելի ճիշտ կլինի ասել իշխանություն ներկայացող փոքր շրջանակը որոշում է կրակել, ապա դա վկայում է ոչ միայն և ոչ այնքան այդ շրջանակի արյուն թափելու ցանկության մասին, այլ՝ քաղաքական համակարգի ամորֆության և ճկունության բացակայության։ Այլ կերպ ասած, 1999-2008 թվականներին Հայաստանում հաստատվել էր խառնաշփոթ մի համակարգ, որն ընդամենը մեկ տասնամյակում հայտնվեց, շախմատային լեզվով ասած, ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած որոշում տանում էր պարտության կամ վատթարացնում իրավիճակը։ Թերևս, այս պայմաններում մեզ թույլ կտանք ասել, որ մարտի մեկի կրակոցներով սպանվեցին ու վիրավորվեցին ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև փլուզվեց քոչարյանական քաղաքական համակարգը։ Այս համակարգի տրամաբանությունն ու բովանդակությունը հասկանալն ու գնահատելը ներկայիս ամենաարդիական խնդիրներից է։

Ըստ էության, այս համակարգի փլուզման արդյունքում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժառանգություն ստացավ իշխանություն, որը չուներ կամ հիմնված չէր քաղաքական համակարգի ու հայեցակարգի վրա և ցաքուցրիվ էր։

Այս մասին արդեն հաջորդիվ։

Մաս 1

Շարունակելի

Հեղինակ՝ Աղասի Մարգարյան

Նույն շարքից