Գլխավոր Վերլուծական Տնտեսություն 

Ամուլսարի դեմ իրականացվող արշավի հեղինակներն ու պատվիրատուները

analitik.am

Արդեն բավականին ժամանակ է, ինչ Ամուլսարի ծրագրի դեմ ադրբեջանցիներն ակտիվ քարոզչություն են իրականացնում: Ադրբեջանցիների իրական մտահոգությունների հարցին մանրամասն  անդրադարձել ենք մեր էջերում: Զարմանալին այն է, որ ադրբեջանցիները բնապահպանությամբ մտահոգ լինելու շղարշի ներքո փորձում են խանգարել  Հայաստանում խոշոր արևմտյան ընկերության կողմից արվող շարունակական ներդրումներին՝ մեջբերելով հայաստանյան ակտիվիստների ու որոշ հայաստանյան փորձագետների բնապահպանական «անհանգստությունները»: Փաստն այն է, որ ադրբեջանցիների միակ նպատակն է պայքարել Հայաստանում արևմտյան խոշոր ներդրումներ իրականացնող ընկերության դեմ, ինչի համար էլ նրանք հաճույքում օգտագործում են հենց Հայաստանի ներսում Ամուլսարի դեմ ծավալված արշավը:

Մեր նախորդ նյութից հետո ակտիվիստ Լևոն Գալստյանը կոչ արեց ուսումնասիրել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ սփյուռքահայ Հարութ Բրոնոզյանի կողմից վարձված արտասահմանյան փորձագետների եզրակացությունները: Նշենք, որ այդ եզրակացությունները մենք ուսումնասիրել էինք վաղուց, ինչպես նաև կարդացել էինք «Լիդիան»  ընկերության կողմից այդ հրապարակումներին տրված ծավալուն պատասխանները: Ընդունելով Գալստյանի կոչը՝ մենք ավելի մանրամասն ուսումնասիրեցինք այդ զեկույցներն ու դրանց հեղինակներին և հանդիպեցինք բավականին հետաքրքիր փաստերի: Նշենք, որ Հայկական բնապահպանական ճակատի կողմից այս կազմակերպությունները ներկայացվել են որպես  միջազգային հեղինակավոր փորձագիտական ընկերություններ: Մանրամասն ներկայացնենք այդ ընկերություններին: Այսպես՝

Clear Cost Consultancy

Clear Cost Consultancy կազմակերպության կայքը փնտրելիս գտանք մեկ էջանոց կայքէջ, որտեղ միակ «փորձագետը» Սոբոլևսկին է և իր մասին  տեղեկություններից բացի, այլ տեղեկատվություն ուղղակի  չկա: Այս մարդ-կազմակերպության կայքէջը պատմում է Սոբոլևսկու՝ այսինքն ինքն իր մասին  և առաջարկում աղտոտված ջրերի մաքրման իր խորհրդատվական ծառայությունները: Հենց տեղում կարող եք լրացնել հարցաթերթիկ և դիմել նրա ծառայություններին: Էջում տեղադրված է միայն Սոբոլևսկու ինքնակենսագրականը, ուրիշ որևէ տեղեկություն չկա: Կարծիք կազմելու համար կարող եք ինքներդ այցելել այդ կայքէջը՝ սեղմելով այստեղ: Նշենք նաև, որ այս նույն Անդրե Սոբոլևսկին հարցազրույց էր տվել «Պարադիպլոմասի»-ին՝ Ամուլսարի դեմ պատրաստված ֆիլմում՝ ներկայացնելով իր կարծիքն առկա ռիսկերի մասին:

Ի դեպ, օնլայն խորհրդատվություն առաջարկող Սոբոլևսկին, ինչպես նաև Բրոնոզյանի վարձած փորձագետներից որևէ մեկը ոչ մի անգամ Ամուլսարում չեն եղել և այնտեղ ոչ մի հետազոտություն չեն անցկացրել:

Buka Environmental

Այս կազմակերպությունն ընդհանրապես կայքեջ չունի: Փոխարենը հայտնաբերեցինք Հայկական բնապահպանական ճակատի կողմից բազմիցս մեջբերված այս կազմակերպության միակ փորձագետ Անն Մաեսթի մասին հետարքրքիր տեղեկությունների: Պարզվում է՝ Անն Մաեսթը, որ հիմա օվկիանոսից այն կողմ նստած եզրակացություններ է ներկայացնում Ամուլսարի մասին, 2013 թվականին աշխատել է մեկ այլ խորհրդատվական կազմակերպությունում, որը «Շեվրոն» նավթարդյունաբերական ընկերության կողմից  Էկվադորում իրականացվող ծրագրի վերաբերյալ հետազոտություն է գրել, որտեղ պնդել է, որ այդ ծրագիրն աղտոտում է շրջակա ջրերը: Այս հետազոտության հիման վրա տեղի բնակիչները հայց են ներկայացրել «Շեվրոն»-ի դեմ և դատավարություն է սկսվել: «Շեվրոն»-ը հայտարարել է, որ դատական հայց կներկայացնի Անն Մաեսթի կազմակերպության դեմ՝ «Շեվրոն»-ի դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու և զրպարտելու  համար: Այս հայտարարությունից հետո Անն Մաեսթի կազմակերպությունը և ինքը Մաեսթը դատարանում հայտարարել են, որ հրաժարվում են իրենց իրականացրած հետազոտությունից և պատասխանատվություն չեն կրում դրանում տեղ գտած պնդումների համար:

«Մենք հրաժարվում ենք Էկվադորի ծրագրի վերաբերյալ իրականացրած մեր բոլոր հետազոտություններից, եզրակացություններից և վկայություններից»,-  ասել են Անն Մաեսթը և նրա ղեկավարը: Այսինքն՝ նախ «Շեվրոն» ընկերությանը վարկաբեկող զեկույց են հրապարակում, հետո, ամենայն հավանականությամբ, վախենալով զրպարտության մեղադրանքի առաջադրումից և իրենց հայտարարություններն ապացուցել չկարողանալուց, հայտարարում են, որ զեկույցում տեղ գտած ջրերի աղտոտման մասին իրենց բոլոր եզրակացությունները սխալ են: Անն Մաեսթի և իր կազմակերպության մասին այս պատմությունը լայնորեն լուսաբանվել է արևմտյան մամուլում՝ The New York Times, Reuters և այլն :

Այս խայտառակ պատմությունից հետո, հավանաբար, Անն Մաեսթը դուրս է եկել այդ կազմակերպությունից  և հիմնել  Buka Environmental մարդ-կազմակերպությունը, որի անունից հիմա էլ եզրակացություններ է գրում Ամուլսարի մասին:

Հարութ Բրոնոզյան

Ամուլսարի դեմ վերոնշյալ կազմակերպություններին  զեկույցներ պատվիրող Հ.Բրոնոզյանը ներկայանում է որպես մասնագետ, բազմամյա  փորձ ունեցող քիմիկոս և հարցազրույցներում մասնագիտական գնահատականներ է տալիս Ամուլսարի վերաբերյալ:

Բրոնոզյանի կայքից տեղեկանում ենք, որ վերջինս զբաղվում է սեփական արտադրության պրոբիոտիկների (մարսողությունը բարելավող հավելումներ) վաճառքով:

Կայքում ասվում է, որ Բրոնոզյանն իր պատրաստած միջոցները փորձարկել է իր վրա, ինչի արդյունքում բուժվել է գաստրիտ հարուցող մանրէներից: Սա, անշուշտ, լավ ձեռքբերում է, բայց դժվար է հասկանալ մարսողության համար հավելումներ արտադրող քիմիկոսի կապը հանքարդյունաբերության հետ:

Բրոնոզյանն Ամուլսարի դեմ տարածվող զեկույցներին՝ որպես իր մասնագիտական որակավորումների ապացույց, կցել է իր իսկ կողմից պատրաստված բրոշյուր, որտեղ ինքն իր մասին գրում է, որ զբաղվել է այս կամ այն ոլորտում ջրերի մաքրմամբ:

Որևէ հղում կամ այս պնդումների հաստատում չկա: Չկա նաև որևէ տեղեկություն այն մասին, որ Բրոնոզյանը թթվային դրենաժի, հիդրոերկրաբանության, հիդրոլոգիայի, երկրաբանության կամ միներոլոգիայի կամ որևէ հարակից ոլորտի մասնագետ է, որը նրան իրավունք կտար մասնագիտական կարծիք հայտնել հանքարդյունաբերական ընկերության վերաբերյալ: Փոխարենը Բրոնոզյանն այս բրոշյուրում  ներկայացրել է մի քանի լուսանկարներ, որտեղ պատկերված է ինքը՝ պլաստմասե կամ մետաղյա տարաների ֆոնին:

Հնարավոր է, որ այս մարդ-կազմակերպությունները, պլաստմասե տակառների ֆոնին նկարները, մասնագիտական գործունեության մասին ինքնակենսագրականները  որոշ լրատվամիջոցների համար բավարար ապացույց են առ այն, որ Բրոնոզյանը և մնացածը մասնագիտական կարծիք հայտնելու իրավունք ունեն, բայց մենք չենք կարծում, որ  դրանք բավարար հիմք են երկրի ամենախոշոր և հանքարդյունաբերությունում միակ արևմտյան ներդրման դեմ մասնագիտական կարծիք ներկայացնելու համար: Այս ամենից հետո անպատասխան է մնում նաև այն հարցը, թե ինչու են այս մարդիկ, ովքեր, ըստ առկա նյութերի,  փաստացի չունեն համապատասխան մասնագիտական որակավորումներ,  պարարտ հող ստեղծում Հայաստանում արևմտյան ներդրումների դեմ ադրբեջանական հակաքարոզչության իրականացման համար:

«Անալիտիկ» վերլուծական թիմ

Նույն շարքից