Հասարակություն 

Սևանա լիճը՝ որպես գեոպարկին համապատասխան տարածք. «Գեոպարկերի ստեղծման նախադրյալների վերաբերյալ» աշխատաժողով

analitik.am

Այսօր ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց «Գեոպարկերի ստեղծման նախադրյալների վերաբերյալ» աշխատաժողովը։ Այն կազմակերպվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-յի բնական գիտությունների տնօրինության «Համաշխարհային գեոպարկ ծրագրի» ներկայացուցիչների  հայաստանյան այցի շրջանակներում:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով այս աշխատաժողովի հիմնական նպատակն է Հայաստանում համաշխարհային նշանակության երկրաբանական օբյեկտների բացահայտումը, որոնք ծայրահեղ կարևոր են բնական աղետների, ջրային ռեսուրսների, ընդերքի պրոցեսների, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտելիքների խորացման տեսանկյունից. «Գեոպարկերն առանձնահատուկ պահպանվող աշխարհագրական տարածքներ են, որտեղ սկիզբ է առել երկրի երկրաբանական պատմությունը, լանդշաֆտների զուգավորումը, ապարների և օգտակար հանածոների առաջացումը: Գեոպարկերը շատ կարևոր նշանակություն ունեն բացառիկ երկրաբանական օբյեկտների և լանդշաֆտների պահպանության և կառավարման հարցում»,-իր խոսքում նշեց Ա.Մինասյանը:

Նա նաև հավելեց, որ Հայաստանն իր փոքր տարածքով, բայց հարուստ ժառանգությամբ կարող է մաս դառնալ համաշխարհային այն զարգացումներին, որոնք կապահովեն թե պատշաճ ուսումնասիրությունը գիտական հիմքի վրա, և թե  բնական այն հարստության պահպանությունն ու սերունդներին փոխանցումը,որի հիմքի վրա ստեղծվել է նաև կայուն զարգացում:

Աշխատաժողովի ընթացքում ելույթ ունեցավ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-յի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը,ով իր խոսքում նշեց,որ ներկայումս հանձնաժողովի կողմից քննարկման փուլում են գտնվում Սևանա լիճը և Խոսրովի անտառ արգելոցն , ինչպես նաև Բյուրականի  աստղադիտարանը՝ որպես  գեոպարկին համապատասխան տարածք ներառելու հարցը և այդ  նպատակով հայտեր են նախապատրաստվում:

Նա նաև նշեց, որ ազգային հանձնաժողովը  պատրաստ է ձեռնարկել բոլոր քայլերը, որոնք իրենց նպաստը կբերեն ՀՀ հատուկ պահպանվող տարածքների, ազգային  և պետական ագելոցների և արգելավայրերի կայուն զարգացման գործում. «Հայաստանում կենսոլորտային արգելոցի և համաշխարհային Գեոպարկի ստեղծումը կարևոր քայլ կլինեն այս ուղղությամբ»,-իր խոսքն ավարտեց Վ.Կաժոյանը:

Աշխատաժողովի ընթացքում իր կարծիքն արտահայտեց նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արիաննե Կաոիլին, ով կարևորեց  Հայաստանում գեոպարկերի ստեղծումը՝ որպես տուրիզմի զարգացման կարևոր նախադրյալ։

Երկրաբանական գիտությունների և գեոպարկերի միջազգային ծրագրերի քարտուղար, ՅՈՒՆԵՍԿՕ-յի բնական գիտությունների սեկտորի էկոլոգիական և երկրաբանական գիտությունների բաժնի երկրագիտության և երկրաբանական վտանգավոր երևույթների ռիսկերի նվազեցման հարցերով բաժնի  ղեկավար Պատրիկ Մակ Կիվերը նույնպես խոսեց ներկայիս և հետագա գեոպարկերի ստեղծման նախադրյալների վերաբերյալ։

Նշենք, որ աշխատաժողովի շրջանակներում զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-յի անկախ փորձագետ Սուրեն Գևինյանը։

Վերջում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանն ավելացրեց . «Քանի որ ծրագիրն, ինչպես տեսնում եք, գտնվում է կարևորված գործունեությունների ցանկում մեր կառավարության կողմից, մասնագիտական մասը կապահովվի և համապատասխան ձևաչափով կներկայացվի ազգային հանձնաժողովին,իսկ հանձնաժողովն իր ընթացակարգով կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-յում»:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից