Ամենաընթերցվածներ Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Հայաստանի քաղաքականացված բանտարկյալները և նրանց հովանավորների վախճանը

analitik.am

Մարտի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակեց կազմակերպված խմբի կողմից ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի և այլոց դատավճիռները: Քննության հետ համագործակցած Հովհաննես Պետրոսյանը դատապարտվեց նվազագույն 2 տարի ազատազրկմամբ, իսկ Սեֆիլյանը՝ առավելագույն 10 տարի 5 ամիս: ԶԼՄ-ների կողմից խորը լուսաբանված այս դատավարությունը թեև հասավ իր տրամաբանական ավարտին: Դատավճռի հրապարակման պահից սկսած դատապարտյալների պաշտպանները և գրանտային հասարակության մի ստվար զանգված այս դեպքերի համար արդեն ավանդական դարձած հռետորաբանությամբ դատապարտեցին դատապարտողներին, վճիռը համարեցին հաշվեհարդար, իսկ հակառակ կարծիք ունեցողների հասցեին էլ սպառնալիքներ հնչեցրեցին: Նույն մարդիկ դատապարտյալներին համարում են քաղաքական բանտարկյալ, մինչդեռ գրեթե անվիճելի է վերոհիշյալ անձանց քաղաքականացված բանտարկյալ լինելու փաստը:

Երկու անվանումներին միջև էական տարբերություն կա՝ մի դեպքում մարդը բանտարկվում է քաղաքական դրդապատճառներով, մյուս դեպքում՝ իր բանտարկումն է քաղաքականացվում: Ցավոք, ԶԼՄ-ները զերծ են մնում փորձագիտական մակարդակում քննարկել Սեֆիլյանի և այլոց դատավարության տեխնիկական բացթողումները, մեդիա դաշտը հիմնականում լցվում է լավագույն դեպքում քաղաքական երանգ ունեցող հայտարարություններով: Ըստ այդմ, շարքային քաղաքացուն օբյեկտիվորեն դժվար կլինի կողմնորոշվել՝ արդյո՞ք Սեֆիլյանը հանցանք կատարել է, թե ոչ, և նույն քաղաքացին ստիպված կլինի իր սուբյեկտիվ կարծիքը կազմել՝ հիմնվելով ՊՊԾ-ի գրավման, Սեֆիլյանի կոչերի և այլ հարակից իրադարձությունների վրա:

Թեև դատավարությանն ուշի ուշով հետևում էին արևմտյան երկրների կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ները և ՀԿ-ները, այդ երկրների դեսպանատները զերծ են մնացել գնահատականներ տալուց: Սա, ըստ ամենայնի, ևս վկայում է այն փաստի մասին, որ փորձագիտական առումով դժվար է իշխանություններին մեղադրել, հետևաբար նրանք ստիպված են այդ մեղադրանքները հնչեցնել ակտիվիստների շուրթերից, որոնք հասկանալի պատճառներով շատ ավելի անկաշկանդ են, գոնե նրա համար, որ ՀՀ ԱԳՆ-ն չի կարող ակտիվիստից բացատրություն պահանջել: Ընդ որում, այս ռազմավարությունը գուցե և հաջողությամբ պսակվեր, եթե լիներ սկզբունքային:

Եթե որոշ դեսպանատներ և դրանց կողմից ֆինանսավորվող հիմնարկները հետևողական լինեին իրենց գնահատականների մեջ, գուցե և հանրությունը ավելի հակված լիներ դրանց ուշադրություն դարձնել: Իրականում, ռուսական հիմնարկներից մեկի պատվերով բանտարկված լրագրողին չգիտես ինչու քաղբանտարկյալ չեն համարում, ամեն կերպ փորձում են կոծկել այդ հարցը, իսկ հրապարակավ բռնություն և ատելություն քարոզողին համարում են: Սա է պատճառը, որ հանրության ընկալման մեջ ոչ Սեֆիլյանը, ոչ էլ Սասնա Ծռերի խմբավորման զինյալները չեն ընկալվելու որպես քաղբանտարկյալ, այլ ընդամենն ընկալվելու են՝ որպես քաղաքականացված բանտարկյալ:

Պետք է ինչ-ինչ խմբերի կողմից սեփական օրակարգը սպասարկելու նպատակով միտումնավոր քաղաքականացվող բանտարկյալ, բայց եթե բանտարկյալն այդ օրակարգին չի ծառայում, ապա իրեն երբեք քաղբանտարկյալ չեն «կնքի»՝ անկախ նրանից ակտիվիստ է նա, թե՝ լրագրող: Ու քանի դեռ այս կոնյուկտուրային պայքարի մշակույթը կա Հայաստանում, շարունակելու է օրակարգային մնալ ոչ թե քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձանց խնդիրը, այլ նույն դրդապատճառներով չբանտարկվածներինը: Այս խնդիրը գոյություն է ունենալու, քանի դեռ նպատակը ոչ թե արդարությունն է, այլ սեփական օրակարգի սպասարկումը:

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից