Բարի օր Հասարակություն 

Google Maps ծրագրում սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց համար հատուկ հավելված է հայտնվել

analitik.am

Վերջերս հայտնի դարձավ,որ սմարթֆոնների համար Google Maps ծրագրում սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց համար հատուկ հավելված է հայտնվել: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն հաշմանդամներին, ովքեր օգտվում են սայլակներից : Այդ նոր հավելվածի օգնությամբ նրանք ավելի հեշտ կգտնեն ճանապարհը դեպի ցանկացած վայր:

Հավելվածում նշվում են այն ուղիները, որոնցով կարելի է անցնել սայլակով: Տեղեկություններ են լինելու նաև այս կամ այն շինության հարմարավետ լինելու մասին:

Այս մասին Analitik.am-ը հարցում անցկացրեց հաշմանդամություն ունեցող անձանց շարքերում, որպեսզի պարզի, թե որքանով է հաջողված նմանատիպ հավելվածները և ընդհանուր առմամբ մեր երկրում հաշմանդամ անձանց համար ստեղծված պայմանների համապատասխան ու հարմար լինելը:

Հարցման ընթացքում զրուցեցինք  «Ունիսոն» ՀԿ-ի  գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի հետ: Նա ասաց, որ դեռ չի ուսումնասիրել տվյալ հավելվածը և չի կարող որևէ կարծիք հայտնել այդ մասին: Իսկ թե որքանով է համապատասխան ներկայիս պայմանները,որոնք ստեղծված են հաշմանդամություն ունեցող անձանց համար, նա ասաց. «Մատչելիության առումով զգալի առաջընթաց նկատվում է մայրաքաղաքում,հատկապես փողոցներում,անցումներում,մայթերում: Կառուցված թեքահարթակները հիմնականում համապատասխանում են չափանիշներին և դյուրացնում սայլակ օգտագործող (որոշ դեպքերում նաև՝ չտեսնող) անձանց ազատ տեղաշարժը» ։

Նրա խոսքով՝ որոշակի առաջընթաց կա նաև մշակութային օջախների մատչելիության առումով. «Բավականին շատ առևտրի կենտրոններ ունենք, 25 քաղաքային ավտոբուս: Ներկայումս տրանսպորտի ոլորտի բարեփոխումների նախապատրաստական փուլն է ընթանում, ես էլ, լինելով քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովի անդամ, ոգևորված սպասում եմ այդ բարեփոխումների արդյունքներին։ Սակայն, ասել, որ ներկայումս պայմաններ կան ազատ տեղաշարժի համար չափազանցություն կլիներ, իհարկե»:

Ա.Ալավերդյանի կարծիքով՝ դեռ շատ չլուծված խնդիրներ կան. «Մայրաքաղաքից դուրս վիճակն ավելի անբարենպաստ է»: Եվ նաև ավելացրեց, որ ՀԿ-ները փորձում են համագործակցել ՏԻՄ-երի հետ. «Որոշ մարզերում դա հաջողվում է, ուրիշ տեղեր ձևական բնույթ է կրում։ Սակայն, անհրաժեշտ է գործողությունների ազգային ծրագիր՝ ողջ ՀՀ-ն աստիճանաբար մատչելի դարձնելու համար» ,-իր խոսքում ընդգծեց Ա.Ալավերդյանը։

Զրուցեցինք նաև «Ունիսոն» ՀԿ անդամ Ապավեն Բեգլարյանի հետ: Նա նույնպես տեղյակ չէր Google Maps ծրագրի հատուկ հավելվածի մասին։ Սակայն նշեց, որ «Եթե կա նման բան, ուղղակի ողջունելի է, ես ինքս չնայած օգտվում եմ սովորական google -ի քարտեզից»:

Ըստ Ա.Բեգլարյանի՝ Երևան քաղաքը որոշ չափով հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար, սակայն մարզերի մասին նույնը չի կարելի ասել:

Մեկ այլ մասնակցի՝ Ա.Մելքոնյանի կարծիքով հրաշալի միտք է մատչելի վայրերի քարտեզավորումը՝ այդպես գոնե որոշակի կթեթևանա տեղաշարժման խնդիր ունեցող անձի հոգսը` հարմար ճանապարհ կամ շինություն գտնելու դեպքում:

Այն հարցին, թե որքանով կարող են ազդել այս տեսակ հավելվածները մեր երկրում այդ պայմանների բարելավմանը,այսինքն՝ ավելի հարմար ու ավելի շատ պայմաններ ստեղծելուն, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա կարևոր նշանակություն կունենա. Մեր երկիրը 2010 թ.ից որդեգրել է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, ըստ որի երկիրը պարտավորվում է համընդհանուր ներառականություն ապահովել: Եթե այդ օրինական փաստաթուղթը չի ստիպում բարեփոխումներին, հավելվածն  ի՞նչ կարող է անել»:

Հաշմանդամություն ունեցող մեկ այլ քաղաքացի շեշտեց նաև,որ լուծման ենթակա շատ ուրիշ խնդիրներ. «Պետք է նաև աշխատանքի հարցը լուծվի, ուշադրություն պետք է դարձնել մարզերում բնակվող հաշմանդամ մարդկանց անվճար սայլակների տրամադրմանը,որ գրեթե երկու տարին մեկ կոտրվում է: Մի տարի մնում ենք առանց սայլակ, թող տան երկու սայլակ՝ մեկը տան համար, մյուսը դրսի»:

Նրա խոսքով՝ հիմա հավաստագրով են տալիս գումար. «Թող բավարար գումար տան, որ որակյալ սայլակ գնենք: Սայլակի գինը ներկայումս կազմում է  150.000 դրամ, իսկ իրանք տալիս են 95.000 դրամի հավաստագիր, թող վերանայեն այս հարցը»:

Հիշեցնենք, որ այս պահին Google Maps ծրագրի նոր հավելվածը գործում է  Նյու Յորքում, Տոկիոյում, Լոնդոնում, Մեխիկոյում, Սիդնեյում, Բոսթոնում, և հետագայում հասանելի կլինի ամբողջ աշխարհում: Հույս ունենք,որ այս նորամուծությունը կնպաստի մեր երկրում նման հավելվածների զարգացմանը և Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ապրելակերպը՝ մասնավորապես տեղաշարժվելը կդարձնի ավելի դյուրին:

Նույն շարքից