Բարի օր Հասարակություն 

Ինչպիսի՞ն է հրդեհային անվտանգության աստիճանը Երևանի մոլերում

analitik.am

2018թ. սկզբից մինչ օրս ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առևտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ և այլն):

Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների կատարումը կապահովի հրդեհներից, տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածության վիճակը:

Analitik.am -ն այս մասով հարցում է անցկացրել Երևանում առկա խոշոր զանգվածային առևտրաժամանցային կենտրոններում՝ պարզելու համար, թե որքանո՞վ է կանոնակարգված այդ կենտրոններում անվտանգության համակարգը, որի շնորհիվ կարելի է կանխել բոլոր հնարավոր վտանգ ներկայացնող միջադեպերը:

Հարցման ընթացքում զրուցեցինք Երևան Մոլի տեխնիկական տնօրեն  Գարեգին Մկրտչյանի հետ: Նրա խոսքով Երևան Մոլում ներկառուցված և տեղադրված են հրդեհային ահազանգման հասցեանալոգային համակարգ, ինքնաշխատ ջրային հրդեհաշիճման համակարգ, ձեռքի ազդարարման տվիչներ և հրշեջ արկղեր:

Իսկ, թե ի՞նչ հաճախականությամբ են թարմացվում այդ համակարգերը, Գ. Մկրտչյանն ասաց, որ Երևան Մոլում իրականացվում է 7 օրյա, 24 ժամյա մասնագիտացված հերթապահություն, որի գործառույթներն են՝ ըստ սահմանված ժամանակացույցի համակարգի սպասարկում և աշխատունակության ստուգում:

Պարզեցինք նաև, որ Երևան Մոլի անվտանգության պահպանություն իրականացնող անձնակազմը պատրաստված է հնարավոր հրդեհային վտանգի դեպքում հրդեհաշիճման և մարդկանց տարհանման կազմակերպման աշխատանքներին:

Ըստ Գ.Մկրտչյանի, պահպանությունն իրականացնող անձնակազմն  արտոնագրված պահնորդներ են,  և նրանք անցել են համապատասխան պարտադիր հրահանգավորում:

Ինչպես նաև, պարզեցինք, թե վերջին շրջանում, ե՞րբ է կատարվել անվտանգության ապահովման վերաբերյալ ստուգումներ, որին ի պատասխան Գ.Մկրտչյանն ասաց, որ պայմանագիր արտոնագրված կազմակերպության կողմից ըստ սահմանված ժամանակացույցի համակարգի աշխատունակության հերթական ստուգումն իրականացվել է  2018 թ.-ի մարտի 22 - ին:

Զրուցեցինք նաև «Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոնի անվտանգության պետ  Էդուարդ Սահակյանի հետ: Նրա խոսքով՝ ներկա պայմաններին համապատասխան ամենավերջին համակարգը գործում է անխափան. «Այցելուները մեզ մոտ ապահով են: Բացի այդ, հրդեհային անվտանգության համակարգը միացված է 911 ծառայությանը և որևէ միջադեպի ժամանակ  անմիջապես զանգահարում է, իսկ մենք էլ մեր հերթին գիտենք՝ ինչ անել, որպեսզի ոչ մեկին ոչինչ չպատահի»:

«Կոնկրետ դեպքերի համար, կոնկրետ գործողություններ կան, որ պետք է իրականացվի,և դա մեր կողմից լավ ուսումնասիրված է, մենք գիտենք՝ ինչ պետք է անել»,-հավելեց Է. Սահակյանը:

Է.Սահակյանի խոսքով՝ կենտրոնն աշխատում է ամեն օր, իսկ ստուգումները ևս կատարվում են պատշաճ:

Փորձեցինք ճշտել նաև, թե ինչպիսին են անվտանգության պայմանները  Ռոսիա, Երևան Սիթի  և Տաշիր մոլերում, սակայն այնտեղից  հրաժարվեցին մեր  հարցերին պատասխանելուց:  Դալմա մոլի հետ չհաջողվեց կապ հաստատել:

Յանա Մարտիրոսյան 

 

Նույն շարքից