Բարի օր Հասարակություն 

Ինչպե՞ս են վերաբերվում «Սասնա ծռեր»-ի աջակիցները քաղբանտարկյալների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը

analitik.am

Ինչպես արդեն հայտնել էինք «Սասնա ծռեր» խմբի կողմնակիցները կազմակերպել էին բողոքի ակցիաներ՝ պահանջելով բավարարել փաստաբանների միջնորդությունը և ազատ արձակել խմբի անդամներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախորդ շաբաթ ևս, երբ դատարանը մերժեց խմբի անդամներին ազատ արձակելու միջնորդությունը, խմբի անդամների կողմնակիցները փակել էին Արշակունյաց պողոտան՝ այդ ձևով արտահայտելով իրենց բողոքը: Սակայն, այնուհետև որոշեցին անսալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և բացել փողոցը։

Հարկ է նշել, որ խմբի կողմնակիցները հայտարարել էին, որ իրենք շարունակելու են փակ պահել դատարանի երկու մուտքերը և որ ցանկալի կլիներ հանդիպել վարչապետի հետ և քննարկել այս հարցը:

Ակցիայի մասնակիցները նաև չբացառեցին, որ հետագայում ևս կարող են փողոց փակել, եթե իրենց պահանջները չկատարվեն:

Analitik.am -ը փորձեց պարզել, թե ո՞րն է եղել բողոքի ակցիայի և «Սասնա Ծռեր» խմբի աջակիցների հիմնական պահանջը և նաև ինչպիսի՞ լուծումներ են տեսնում  խմբի անդամներին ազատ արձակելու համար։ Պարզեցինք նաև, թե ինչպե՞ս են վերաբերվում բողոքի ակցիայի մասնակիցները Ն.Փաշինյանի դիրքորոշմանն այս հարցի շուրջ։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ այդ ակցիաներն ուղղակի, թե անուղղակի անվստահություն են նորընտիր կառավարությանն ու վարչապետին. «Եթե նրանք մտածում են, որ այն բողոքի ակցիաները, որի օգնությամբ իշխանափոխության հասան այս դեպքում պիտի գործի, ուրեմն ներկայիս իշխանություններին նույնացնում են նախկին ՀՀԿ-ի իշխանության հետ»,-ասաց խմբի աջակիցներից մեկը։ Նա նաև ավելացրեց, որ ոմանք ուզում են, որպեսզի Փաշինյանը բացել տա դատարանի դռներն ու ասի դուք ազատ եք, բայց դա կլինի, որ Փաշինյանը կդառնա Սարգսյան, ով տարիներ շարունակ մեղավորին ու անմեղին զանազանելու ոչ մի լուրջ քայլ չէր անում.«Խմբի անդամների ազատության հարցն ինձ մտահոգում է շատ շատերից ավելի, բայց հարցին պետք է միայն ու միայն իրավական լուծում առաջարկվի»,-ընդգծեց նրանցից մեկը։

Իսկ մեկ ուրիշ մասնակցի կարծիքով, «Սասնա Ծռեր» - ի նպատակն այսօր իրականացված է և  ունենք ազատ, անկախ ու ժողովրդավար երկիր, բայց կա մի բայց. «Նրանց կատարած պայքարի արդյունքում` յոթ երեխա անտեր է մնացել բառի բոլոր իմաստներով, մարդիկ են մահացել` էական չի պայքարողը ոստիկան է, թե հասարակ քաղաքացի` զոհ է եղել, ինչից եզրակացնում ենք, որ հարցին իրավական լուծումը կարող է միայն փրկել»։

Ըստ մասնակիցներից շատերի, եթե հենց այնպես՝ առանց դատավարության ու հարցերի պարզաբանման, այդ տղաներին բաց թողնեն, դա կլինի  անցնող տաս տարիներից մի հատված.«Այդպիսի բան չեմ մտածում, որ արժե թույլ տալ»,-ասաց նա։

Նաև անհրաժեշտ համարեցին նշել, որ հարցն ու քննությունը շատ լուրջ պետք է ուսումնասիրվի և պետք է արդար ու անկողմանակալ որոշում կայացվի։

«Սասնա Ծռերին քաղբանտարկյալ ասելն այնքան էլ ճիշտ չէ` մարդիկ են զոհվել, առանց պարզաբանման չէ, որ նրանք ճաղերի հետևում են...»։

«Սասնա Ծռեր» խմբավորման աջակիցներից մեկի կարծիքով, Փաշինյանի խոսքերը պետք է նայել  դիվանագիտական տեսանկյունից. «Մարդը պետք է իր աթոռին հարմար տեղավորվի, որ կարողանա կատարել այն ամենն, ինչ ասել է, իսկ թե ընտրվեր ու սկսեր տաք գլխով որոշումներ կայացնել, դա կործանարար կլիներ, ամբողջ միջազգային հանրությունն ու, ինչու չէ, ժողովրդի մեծ մասը ոտքի կկանգներ` քաղաքացիական պատերազը կխմորվեր ու դրանից միայն թշնամի պետությունները շահած դուրս կգային։ Եթե ասել է չպիտի լինեն քաղբանտարկյալներ,  ուրեմն չեն լինի` ժամանակ է պետք։ Տաք գլխով դատելը միայն կխաթարի ամեն ինչ»։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ փաստեց, որ դեռ շարժման սկզբում շարժման գլխավոր ծրագրային կետերից մեկը եղել է քաղբանտարկյալների ազատ արձակումը. «Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխության ճանապարհային քարտեզը, որը հրապարակեց շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, պետք է ընթանար չորս փուլով.

1.Սերժ Սարգսյանի հրաժարական

2.Ազգային Ժողովն ընտրում է վարչապետ ժողովրդի թեկնածուին

3.ԱԺ-ի ցրում

4.Նոր, արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նաև հավելեց, որ հիմա հեղափոխությունն ընթացքի մեջ է, և գտնվում ենք 3-րդ փուլի մեջ. «Այս ընթացքն ամենաերկար, ամենանյարդային շրջանն է, երբ Սերժի ռեժիմը վերջին շնչում փորձում է դիմադրել վիրավոր գազանի նման, աշխատելով իր անդունդը գլորվելու հետ, վերջին վատություններն անել հայ ժողովրդին և Հայոց պետականությանը»։

Ակցիայի մասնակիցներից նշեցին, որ «Սասնա ծռեր» - ն  ու նրանց  աջակիցները բազմիցս են հրապարակային իրենց աջակցությունը հայտնել Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխական շարժմանը, իսկ նրա համակիրները, առանց բացառության, ակտիվ մասնակցություն են ցուցաբերել բոլոր անհնազանդության ակցիաներին։

Ավելացրեցին նաև, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո Ազգային Ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը շարունակում է տիրապետել իշխանական մնացած  բոլոր ճյուղերի վրա՝  այդ թվում  դատախազության և դատարանների. «Բնականաբար, դա լուրջ խնդիր հանդիսացավ նորընտիր վարչապետի համար՝ քաղբանտարկյալների ազատության հարցով։ Գլխավոր դատախազն ու վճռաբեկ դատարանի նախագահը շարունակում են հրահանգներ ստանալ Սերժ Սարգսյանից»,-ասաց նրանցից մեկը։

Խմբի աջակիցներից մեկն էլ փաստեց, որ «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստի ժամանակ  փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին՝ տղաների խափանման միջոցը փոխելու համար, սակայն դատարանը, ինչպես նախկինում է եղել, առանց բավարար պատճառաբանության մերժեց միջնորդությունը. «Արդյունքում համակիրներիս մոտ անարդար որոշման դեմ առաջացած զայրութն արտահայտվեց դատարանի մուտքերի և հարակից փողոցի՝ Արշակունյաց պողոտայի փակմամբ։ Մեր պահանջը հենց առաջին րոպեից եղել է դատարանից՝ փոխել «Սասնա ծռերի» խափանման միջոցը՝ կալանավորումը ստորագրությամբ քաղաքից չհեռանալու պայմանով»։

Մասնակիցներից մեկի խոսքով, դրանից մեկ օր հետո, երբ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ դիմեց  փողոցները բացելու խնդրանքով, իրենք բացեցին Արշակունյաց պողոտան, սակայն փակ պահեցին դատարանի երկու մուտքերը. «Հենց առաջին օրից  մեր և ոստիկանական հերթափոխի մեջ գտնվող ոստիկանների միջև փոխըմբռնման, բարիդրացիական հարաբերություններ են եղել»,- հավելեց նա։

Նաև նշեց, որ դատարանի առաջ իրենց ակցիայի երրորդ գիշերը ոստիկանության հատուկ ստորաբաժանումները գործողություն իրականացրեցին և «Սասնա ծռերին» տեղափոխեցին դատարանի շենքից իրենց կալանավայրեր. «Գուցե այդ գործողությունների մեջ կային իրավաչափության կանոնների խախտումներ, սակայն դա մեզ այժմ այնքան չի հետաքրքրում, որքան մեր պայքարի շարունակությունն օրենքի շրջանակներում՝ «Սասնա ծռերի» և մնացած քաղբանտարկյալների ազատության համար»,- իր խոսքում ընդգծեց մասնակիցներից մեկը։

Բողոքի մեկ այլ մասնակից էլ ասաց, որ ակցիաների ժամանակ բազմիցս են եղել սադրելու և խառնակելու դեպքեր. «Մեր անհնազանդության սլաքները նոր ձևավորված կառավարության և վարչապետի դեմ էին փորձում ուղղել, սակայն, կարծում եմ, մենք ամեն հնարավորն արել ենք, որպեսզի հանրության լայն շերտերը շփոթության մեջ չընկնեն և ճիշտ հասկանան մեր իրական նպատակները»։

Նրանց խոսքերով,  հիմա պայքարը շարունակվում է գլխավոր դատախազության առջև՝ գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով. « «Սասնա ծռերի» - ի, ինչպես մյուս քաղբանտարկյաների մասով, լուծումները լրիվ օրինականության շրջանակներում ենք տեսնում՝  արդար դատաքննության իրականացումով։ Սակայն,  մենք համոզված ենք, որ բոլոր քաղբանտարյալների պարագայում, դատաքննության փուլում գտնվող գործերի շրջանակներում,  հնարավոր է փոխել տղաների խափանման միջոցները։ Այդպես եղավ, օրինակ, Անդրիաս Ղուկասյանի պարագայում։ Իսկ այն քաղբանտարկյալները, ովքեր արդեն անարդար դատավճռի հետևանքով (օրինակ՝ Շանթ Հարությունյանը) գտնվում են դատապարտյալի կարգավիճակում, արդարացման մեխանիզմերով պետք է ազատ արձակվեն, կամ, եթե իրենք համաձայն են, մինչև արդարացումը  համաներման կամ ներման ինստիտուտի գործադրմամբ»,-ասաց նա։

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում Նիկոլ Փաշինյանի տեսակետին ու մոտեցումներին քաղբանտարկյալների և «Սասնա ծռերի» վերաբերյալ, ակցիայի մասնակիցներն ասացին. «Նրա վերաբերմունքը միշտ եղել է նույնը, ինչ մերը»։

Բողոքի մասնակիցների կարծիքով,  «Սասնա Ծռերը» պետք է անհապաղ ազատ արձակվեն. «Նիկոլ Փաշինյանի լծակներն օրինականության դաշտում այդ տղաների ազատության հարցի լուծման համար բավարար չեն։ Մենք դա շատ լավ ենք հասկանում, դրա համար որևէ մեղադրանք կամ քննադատություն պարոն վարչապետի հասցեին չենք անում։ Համոզված ենք, որ Փաշինյանն իր ձեռքից եկած ամեն բան անում է։ Նաև համոզված ենք, որ աջակցում է մեր պայքարին և, եթե այդ հնարավորությունն ունենար, կգար և մեր կողքին կկանգներ դատախազության շենքի առջև»։

«Աջակիցների կողմից մի քանի պահանջ ա եղել, մինչև անգամ Օսիպյանի հրաժարականի պահանջը՝  դատարանից տղաներին տանելու գիշերը։ Ինձ թվում ա՝ խմբի տղաների, հարազատների և փաստաբանների հետ պիտի հստակեցվի պահանջները։  Թե ազատ արձակելու, թե խափանման միջոցը փոխելը։ Երկու դեպքն էլ, իմ կարծիքով, պիտի լինի օրենքով սահմանված կարգով»։

«Կարծում եմ, որ նմանատիպ ակցիաները նախկին իշխանական ջրաղացին ջուր լցնելու պատճառ է դառնում և ցանկացած պահանջ պետք է հանգուցալուծում ունենա միայն իրավական ճանապարհով»։

«Սասնա ծռեր խմբի անդամները լեգենդար մարդիկ  են, բայց պետք է ժամանակ, որպեսզի հավուր պատշաճի կազմակերպվի նրանց համաներումը՝ խափանման միջոցը փոխելուց սկսած վերջացրած վերջնական ազատ արձակմամբ»։

«Անհրաժեշտ է՝ նախ և առաջ տվյալ գործը նորից վերանայել, սպանությունների ու դրդապատճառների վերաբերյալ նոր որակումներ տրվեն, համեմատաբար արդարացվեն ու մեղմացվեն նրանց կատարած քայլը և հիմնավոր հաստատվեն, թե արդյոք նրանց ձեռքով են սպանվել ոստիկանները, այլ ոչ թե սաբոտաժ է եղել: Նիկոլ Փաշինյանի մոտեցումը համարում եմ հավասարակշռված, քանի որ տվյալ մարդկանց միանգամից անմեղ դիտարկելը ու ազատ արձակելը կունենա մի շարք բացասական հետևանքների՝  սկսած սպանված ոստիկանների ընտանիքների անդամների կողմից վենդետայից, վերջացրած իրավական ու դատական համակարգի շրջանցելով և մարդու իրավունքների պաշպանության միջազգային նորմերի շեղումով: Ցանկացած ՀՀ քաղաքացի պետք է նախ և առաջ գիտակցի, որ հեղափոխությունները հաղթահարում են ու հաջողում են համբերողները, այլ ոչ առիթից օգտվողներն ու ապակայունացնողները»,- նշեց մասնակիցներից մեկը:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից