Գլխավոր Քաղաքականություն 

Այս կոնֆլիկտը չի լուծվելու, քանի դեռ կա Ադրբեջանը. Հայկ Մարտիրոսյան

analitik.am

Արդյո՞ք Ֆրանսիան միշտ լինելու է Հայաստանի կողքը և ի՞նչ նշանակություն են ունենալու  Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների փոխադարձ այցերը, որոնք պետք է տեղի ունենան: Այս հարցերի մասին Analitik.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

Պարոն Մարտիրոսյան, Ադրբեջանում այցով գտնվող Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ստատուս քվոն ղարաբաղյան հակամարտության լուծում չէ: Սա ինչ-որ նո՞ր բան է, թե սրա մասին էլի խոսվել է։

Դա տխուր փաստի արձանագրում է: Ակնհայտ է, որ ստատուս քվոն մեծապես նպաստավոր է Հայաստանի համար: Եվ այդ է պատճառը, որ Ադրբեջանը փորձում է այն խախտել և խախտելու է: Դա հասկանում են նաև Արևմուտքում և տոգորված լինելով խաղաղություն հաստատելու անկեղծ, բայց ապարդյուն և ցավոք, թերևս անարդյունք գաղափարներով՝ փորձում են ակտիվացնել միֆական լուծման տարբերակները: Այս կոնֆլիկտը չի լուծվելու՝ քանի դեռ կա Ադրբեջանը: Արևմուտքում այլ պատկերացումներ ունեն այս հակամարտության մասին և դրանք իրականությունից մի փոքր տարբեր են: Խնդիրն այն է, որ քաղաքակիրթ Արևմուտքը խնդրին մոտենում է սեփական ստանդարտներով՝ կարծելով թե այլ երկրները ևս ադեկվատ են, առանց հասկանալու, որ ի դեմս Ադրբեջանի՝ գործ ունեն բարբարոս և ցեղասպան գաղափարախոսություն դավանող մի պետության հետ: Ամեն դեպքում միջնորդ երկրների, իսկ այս դեպքում՝ մասնավորապես Ֆրանսիայի բարի կամքի դրսևորումը բարձր գնահատանքի է արժանի:

Տեսեք, փաստորեն սա 1997 թվականից հետո առաջին անգամն է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելում է Ադրբեջան: Սա մենք պետք է դրակա՞ն ընդունենք: Կարելի է արդյո՞ք մտածել, որ Ֆրանսիան սկսում է ավելի ակտիվացնել իր քայլերը:

Ադրբեջանի՝ որևէ այլ երկրի հետ հարաբերությունների լավացման մեջ Հայաստանի համար որևէ դրական բան լինել չի կարող: Անշուշտ, ֆրանսիան, լինելով Հայաստանի իսկական բարեկամ երկիր, փորձում է նաև Հայաստանի համար խաղաղություն ապահովել իր ակտիվացմամբ: Խնդիրն այն է, որ ցավոք, այդ բարի ցանկությունները, ապարդյուն են լինելու և դա՝ միայն ու միայն ադրբեջանի մեղքով:

Ժան-Իվ Լե Դրիանը նաև հայտնել է, որ սպասվում են Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների փոխադարձ այցեր, ինչ կարել է սպասել այս այցերից: Տրամաբանական է, որ քննարկվող հարցերից է լինելու նաև ԼՂ հիմնախնդիրը:

Ադրբեջանը տարածաշրջանային հզոր պետություն է այլևս: Ֆրանսիան այդ հանգամանքի հետ չի կարող հաշվի չնստել: Եվ ինչու՞ չպետք է հաշվի նստի: Ֆրանսիական Հանրապետությունը պրագմատիկ, լուրջ տերություն է, որը չի կարող իր կապերը չամրացնել աշխարհի տարբեր մասերում, հատկապես՝ այս տեղանքում: Բնական է, որ պետք է փոխադարձ այցեր լինեն: Հայաստանում դրան պետք է պրագմատիզմով վերաբերվեն: Ամեն դեպքում՝ գրեթե բացառված է, որ Փարիզը՝ Բաքվի հետ իր հարաբերություններում զոհաբերի Հայաստանի շահերը: Դա Փարիզին ձեռնտու չէ, և Փարիզն ինքն էլ դրան չի գնա:

Եթե, դրա կարիքը կա, թեկուզ մի կողմ դնենք քաղաքականությունն ու մարդկային հարաբերությունների հարթության վրա խոսենք, Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է լինելո՞ւ:

Ոչինչ չի կարելի դիտարկել մշտականության տեսանկյունից, եթե դա վերաբերում է պետությունների շահերին: Իսկ պետությունների շփումները դժվար է մարդկային հարաբերությունների հարթությունում գնահատելը: Սակայն քանի դեռ Ֆրանսիայում կա հայ համայնք և այդ բարեկամ երկրում տիրում է այն մշակութային կենսոլորտը, որը կա և որը հատուկ է ֆրանսիացիներին՝ Ֆրանսիան թերևս կլինի Հայաստանի կողքին: Պետք է հասկանալ, որ հայ-ֆրանսիական բարեկամությունն իրոք ամուր և կայուն մի բան է, որն ամեն գնով պետք է պահպանել և զարգացնել:

Եկեք խոսենք նաև ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի վերջին հայտարարության մասին, որով նա կոչ է արել որքան հնարավոր է շուտ վերսկսել բանակցությունները: Վերջին օրերին սա ամերիկյան կողմի երկրորդ նմանատիպ հայտարարարությունն է: Սպիտակ տունը շտապեցնո՞ւմ է կողմերին:

Չեմ կարծում: Սպիտակ տունը մեծապես շտապելու խնդիր չունի, թեև Սպիտակ տանը հաճախ շտապում են: Հայտնի է արդեն, որ Թրամփի վարչակազմն ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում: Անդրկովկասում պետդեպը թերևս կարող է նոր ակտիվանալ: Իրանի շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում, իսկ դա նշանակում է, որ Միացյալ նահանգները թերևս այլևս երկար չեն կարողանա անտեսել Հարավային Կովկասը: Ամեն դեպքում՝ այս տարածքում Նահանգների քաղաքականությունը մշտապես հավասարակշռված և մեծապես զուսպ է եղել: Եվ վստահ եմ, որ Սպիտակ Տանը նույնպես հույսեր ունեն, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կարելի է խաղաղ բանակցություններով կարգավորել:

Եվ ևս մեկ հարց՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությունից հետո ի՞նչ կանխատեսումներ ունեք ԼՂ հիմնախնդրում: Չմոռանանք նրա ջանքերը, որոնք արդեն ակնհայտ են Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցում: Թե առանձնապես որևէ բանի չսպասենք՝ հաշվի առնելով այն, որ սա ժամանակավոր կառավարություն է:

Այս կառավարությունը ժամանակավոր է, բայց հարաբերականորեն ժամանակավոր չէ վարչապետը: Ու թեև ամեն բան է այս աշխարհում ժամանակավոր, բայց Հայաստանի նոր վարչապետը հաստատ ավելի երկար կպաշտոնավարի, քան այս կառավարությունը, եթե, իհարկե, Աստված մի արասցե, չլինեն կատակլիզմներ կամ ֆորս-մաժորներ: Իր հայտարարությամբ Փաշինյանը Արցախի հարցի ընթացքն առավել նպաստավոր դարձրեց: Նա կոշտացրեց Հայաստանի դիրքորոշումը, վերջապես արժանապատվություն հաղորդեց դրան և ըստ էության, բանակցային գործընթացը մտցրեց փակուղի: Դրանից ինքն իրեն ու իր երկիրն ազատեց անհեթեթ բանակցություններում ճնշման տակ լինելուց և գնդակը նետեց Ադրբեջանի դաշտ: Թե ինչպես կզարգանա խնդիրը՝ դժվար է ասել: Մի բան պարզ է. դավաճան ղեկավարին փոխարինելու է եկել ազգային շահով առաջնորդվող մեկը: Թե ինչ տեղի կունենա հետո՝ ոչ ոք չի կարող ասել:

Նույն շարքից