Առողջապահություն Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Ինչպե՞ս սնվել, որպեսզի և առողջ լինեք, և գեղեցիկ մարմին ունենաք. Պարզաբանում է բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է  բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը.

Բազմաթիվ կանայք տարբեր դիետաների միջոցով փորձում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն ապարդյուն։ Ո՞րն է խնդիրն այս դեպքում և ի՞նչ կարելի է անել այս խնդրի լուծման համար։

«Կա յո-յո էֆֆեկ» կոչվածը, որն իր անունը ստացել է «յո-յո» խաղալիքից, իրենից ներկայացնում է մի վիճակ, երբ կտրուկ կորցնում ես х քաշ և հետո 2х հավաքում։ Դա շատ վատ է ազդում առողջության, նյութափոխանակության  վրա, քանի որ նիհարողը բացի ճարպային զանգվածից կորցնում է նաև մկանները, իսկ հետ հավաքելուց հավաքում միայն ճարպ, այսպիսով կրկնակի վնասելով և շատ ավելի դժվար դարձնելով հետագա նիհարելու պրոցեսը։ Խնդրում եմ ամեն անգամ խիստ դիետաների( 10 օրում 7 կգ և այլն) անցնելուց առաջ հիշել սա։

Ինչպիսի՞ սննդակարգի պետք է հետևել, որպեսզի բարձրանա աշխատունակությունը և ողջ օրվա ընթացքում պահպանվի ակտիվությունը:

Սննդակարգից զատ պետք է լինի առողջ ապրելակերպ այսինքն՝ աշխատունակությունը բարձրացնելու համար պետք է սկսել քնից։ Ճիշտ է քնել օրական 6-8 ժամ, քուն մտնել նույն ժամին և արթնանալ նույն ժամին, քանի որ օրգանիզմը վերականգնող հորմոններ ունի, որ արտադրվում են, երբ մենք քնած ենք լինում։ Աշխատունակության բարձրացման համար մյուս կարևոր բանը ֆիզիկական ակտիվությունն է։ Կարևոր է օրվա ընթացքում 30-45 րոպե ֆիզիկական ակտիվություն ունենալը։ Շատ ավելի օգտակար է ամեն օր պարապելը՝ թեկուզ քիչ-քիչ, քան շաբաթը 1անգամ 3-4 ժամով։ Մյուսն, իհարկե, առողջ սնվելն է։ Ոչ մի դեպքում պետք չէ սպասել 1շաբաթ ճիշտ սնվելուց հետո հրաշքների։ Քանի որ շատ վիտամիններ և միկրոէլեմենտներ , որոնք պետք են էներգիայի համար կուտակվում են՝ այսինքն  երկարատև սննդակարգ պահպանելուց հետո միայն կարող եք զգալ տարբերություն։ Սննդարակարգը կորևոր է, որ լինի բալանսավորված (սպիտակուցի ճարպի ածխաջրի  ճիշտ համադրությամբ), բազմազան, պետք է սննդարգի մեջ ներառել omega 3 ճարպաթթնուները (ճարպոտ ձկնատեսակներ ուտելու ձևով), վիտամին D (արևային լոգանքների տեսքով), կոկոսի յուղ, կտավատի ձեթ, վիտամին B12-ը։ Կարևոր է նաև քչացնել քաղցրի օգտագործումը։ Պետք է հետևել աղիների լավ աշխատանքին։ Շատ կարևոր է հանգստանալ, լսել հաճելի երաժշտություն, գրքեր կարդալ։

Կոնկրետ մեր հասարակությունն ինչպիսի՞ սխալներ է թույլ տալիս սննդամթերք ու սննդակարգ ընտրելիս։

Սխալները շատ են, ոչ միայն մեր հասարակությունում, այլ ամբողջ աշխարում օգտագործում են մեծ քանակությամբ շաքար, ֆասթ ֆուդ, շատ ճարպոտ սնունդ, քիչ բանջարեղեն։ Հայերին բնորոշ է այս ամենին գումարած նաև աղի շատ օգտագործում, կարմիր մսի չարաշահում (մանավանդ բաց կրակի վրա պատրաստված), ալկոհոլի շատ օգտագործում, ճարպոտ կաթնամթերքի շատ օգտագործում (պանրի տեսքով)։

Մի փոքր ներկայացրեք բուսական սնունդի օգտակարությունը, որովհետև, կարծես թե, վերջին մի քանի տարում մեր երկրում աճել է բուսակեր մարդկանց թիվը։

Ինչպես արդեն նշեցի, առողջ սնունդը պետք է լինի բալանսավորված։ Եթե սննդակարգի մեջ ինչ-որ մի բան գերակշռում է մյուսի համեմատ, ապա սննդակարգը համարում ենք ոչ լիարժեք և ոչ առողջ։ Բուսակերության դեպքում խիստ սահմանափակվում է սննդակարգը, սննդակարգից դուրս են գալիս կենդանական սպիտակուցները, ինչպես նաև այնպիսի կենսական կարևոր վիտամին միկրոէլեմենտներն , ինչպիսիք են վիտամին B12-ը և երկաթը։ Եթե բուսակերություն ընտրում են առողջական տեսանկյունից՝, խիստ զգուշացնում եմ, որ դա ամենևին էլ առողջարար չէ, իսկ եթե ընտրությունն արված է կենդանիներին պաշտպանելու համար, ապա խորհուրդ եմ տալիս՝ անպայման ունենալ խորհրդատվություն սննդաբանի հետ, որպեսզի շտկվի պակաս նյութերի քանակը։

Իսկ ի՞նչ քանակի հեղուկ պետք է ընդունել հատկապես ամռանը։ Ի՞նչ դեր ունի ջուրը մարդու կյանքում։

Ջրի ֆունկցիաները բազմաթիվ են.

-Ապահովում է արյան, լիմֆայի, ՍԱՏ հյութերի հոսունությունը

-Արագացնում է երիկամների աշխատանքը, նպաստում մեր բնական դետոքսի ակտիվացմանը

-Ապահովում է օրգանական նյութերի միջև ռեակցաները

-Նպաստում է քրտնարտադրությանը և դրանով ապահովում ջերմակարգավորում

-Ապահովում է մաշկի, աչքերի, շնչուղիների, ՍԱՏ, միզա- և սեռական օրգանների  լորձաթաղանթների խոնավեցումը։

Ամռանը մեծ ռիսկ կա ջրազրկման, դրա համար խորհուրդ եմ տալիս ավելացնել թարմ միրգ, բանջարեղենի քանակությունը, ինչպես նաև ջրի քանակությունը։ Ջրի օգտագործման նորման տարբեր տարիքային խմբերում տարբեր է, օրինակ 19 տարեկանից բարձր կանայք 2,5լիտր և ավել, տղամարդկանց համար 3,5լիտր և ավել, որից 700-800 մլ մթերքների միջոցով։

Ինչպե՞ս տարբերել ուղղակի լավ ուտել սիրող մարդուն, նրանից, ով չի կարողանում կառավարել սննդի ընդունումը։

Տարբերելու համար ես մի հարց եմ տալիս իմ հաճախորդներին. արդյո՞ք կարող եք նյարդային պահերի կամ պոռթկման ժամանակ մեկ ամբողջ տորթ ուտել կամ 1 կգ պաղպաղակ, հետո ունենում ե՞ք մեղքի զգացողություն, եթե ոչ, ապա անձն ուղղակի լավ ուտող է և սննդի ընդունման կառավարման հետ խնդիրներ չունի։

Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին։

Խորհուրդ եմ տալիս անցնել առողջ ապրելակերպի և առողջ սննդի, ոչ միայն նիհարելու, այլ մի շարք վտանգավոր հիվանդությունների կանխարգելման համար, ինչպիսինն են սիրտ-անոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը և ուռուցքային հիվանդությունները։

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից